Քննչական կոմիտեն հերքում է բռնությունները․ իյա, իրո՞ք

Քննչական կոմիտեն հերքում է բռնությունները․ իյա, իրո՞ք

Այսօր Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը իր էջում հերքում է տարածել, թե. «Հրապարակ» թերթի հրապարակումն այն մասին, թե իբր Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ակցիա իրականացնողներին այցելած ՀՀ ԶՈՒ մի քանի զինծառայողների նկատմամբ բռնության, սպառնալիքի փորձեր են եղել, և նրանք, իբրև թե, դաժան ծեծի են ենթարկվել, իրականությանը չեն համապատասխանում, մտացածին են և ինչպես սովորաբար լինում է նման ոճի հրապարակումների պարագայում՝ որևէ փաստական հիմք չունեն։ 

Այդ անձանց հետ իրականացված համապատասխան քննչական գործողությունների ընթացքում նրանց նկատմամբ որևէ նման բռնություն չի իրականացվել, և գրվածն այդ առումով զուտ բամբասանքային ենթադրություն է»։

Այստեղ են ասել` իյա, իրո՞ք: 

Իհարկե, հասկանալի է, որ իրավապահները եւ հատկապես Քննչական կոմիտեն հերքում է անգամ այն ժամանակ, երբ «ձեռքին բռնում են»: Մենք բազում պատմություններ գիտենք, թե ինչպես են հենց ՔԿ-ի շենքում մարդկանց խոշտանգել, անգամ Կոմիտեի պատուհանից իրենց նետելու դեպք է արձանագրվել: Եւ այս հիմնարկի հերքումների հանդեպ էլ վստահությունը զրոյական է ու դրա մասին են վկայում հենց Գոռ Աբրահամյանի ստատուսի ներքո արված մեկնաբանությունները: Մեր իրավապահները հերքում են անգամ կոնկրետ խոշտանգված մարդկանց պատմածները` ինչպես Սամվել Վարդանյանի դեպքում էր: Հերքում են երբ ոստիկանությունում փաստաբան ու անչափահաս է ծեծվում: Վստահ ենք, որ այս միջադեպը կհերքեին անգամ եթե ծեծի մասին պատմող տեսանյութ հրապարակվեր, որովհետեւ սրանով բացահայտվում է իշխանությունների ողջ «դեմոկրատական» էությունը եւ նման հրապարակմամբ մենք խանգարում ենք հող հանձնելու պրոցեսին:

Բայց արժե, որ իրավապահները եւ հատկապես նրանց խոսնակները ուշադիր լինեն իրենց իսկ տարածած տեքստերին, որ ծիծաղելի դրության մեջ չհայտնվեն:

Եթե անգամ ծեծի մասին վկայող տեսանյութ չկա, բռնության եւ սպառնալիքի փաստը ամրագրված է հենց իրենց` իրավապահների եւ պետական կառույցների տարածած հաղորդագրություններում: Պայմանագրային զինծառայողների` տավուշցիներին այցից րոպեներ անց ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց. 

«Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային զինվորական համազգեստով անձանց միանալու վերաբերյալ: ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու և տարածվող տեղեկատվությանը գնահատական տալու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի»:

Եւ ինչ է սա, եթե ոչ դասական սպառնալիքի օրինակ: Պաշտպանության նախարարությունն ու իր ռազմական ոստիկանությունը զինծառայողներին սպառնում են, որ կպարզեն նրանց ինքնությունը եւ համարժեք «գնահատականի» կարժանացնեն: Իսկ այս իշխանությունների համարժեք գնահատականը բոլորս գիտենք` հերթական քաղաքական հետապնդումն է: Հող հանձնելուն դեմ արտահայտվող բոլորին նիկոլական իշխանությունը որոշել է բանտ ուղարկել, իսկ բանտում հայտնվածներն ամիսներով պահվում են կալանքի տակ` նիկոլական կամակատար դատավորների որոշումներով:

Հաջորդ օրն արդեն իշխանական տեռորին ու ճնշումներին լծվեց հենց Քննչական կոմիտեն` հայտարարելով. 
«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 529-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և 46-529-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ 2024թ. ապրիլի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ՝ սպա Ա.Չ.-ն և ենթասպա Ֆ.Բ.-ն, համացանցից տեղեկանալով Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհին խմբված ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպի մասին, առաջարկել են նույն զորամասի զինծառայողներ՝ ենթասպա Ա.Դ.-ին, շարքային կազմի պայմանագրային զինծառայողներ Ա.Ա.-ին, Ա.Բ.-ին, Գ.Ս.-ին, Ա.Բ.-ին, Կ.Ս.-ին, Է.Մ.-ին, Դ.Զ.-ին, Ս.Մ.-ին, Ա.Գ.-ին. Հ.Ղ.-ին, Ա.Հ.-ին և Գ.Թ.-ին մեկնել տվյալ տեղանք՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար, սակայն տեղ հասնելուն պես՝ անսպասելիորեն ցուցարարներից ոմանք հայտարարել են, թե իբր իրենք միացել են նրանց և վայր են դրել զենքերը, իսկ տեղում գտնվող լրագրողները սկսել են նկարահանել իրենց: Հասկանալով, որ տեղում որևէ արտառոց իրավիճակ չկա՝ կարճ ժամանակ անց հեռացել են խմբված ցուցարարների մոտից

Քրեական վարույթով կազմվել է քննչական խումբ, իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները և դեպքին առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու նպատակով: ՀՀ քննչական կոմիտեն հայտարարում է, որ ցուցաբերելու է հետևողականություն և զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված յուրաքանչյուր հանցագործության դեպքով կատարելու է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իր գործառույթները: Միաժամանակ հորդորում ենք ՀՀ պաշտպանության նախարարության պայմանագրային և պարտադիր ժամկետային զինծառայողներին՝ խստորեն պահպանել ՀՀ օրենսդրության, այդ թվում՝ զինվորական կանոնադրությունների պահանջները, բարեխղճորեն կատարել զինվորական ծառայության իրենց պարտականությունները, դրսևորել զսպվածություն և չտրվել առանձին անձանց սադրանքներին, մանիպուլյատիվ հայտարարություններին և քաղաքական կոչերին»: 

Ինչ է սա` եթե ոչ բռնություն, հոգեբանական ճնշում, սպառնալիք` ուղղված զինվորականներին, որոնք ընդամենը փորձել են իրենց հայրենակիցների կողքին լինել: Այս սպառնալիքներն ու բռնությունն էլ հո իրական են, բացահայտ` պետական մարմինների կողմից չքողարկված: Իսկ դաժան ծեծի փաստը կարող էր նախորդել կամ հաջորդել այս բացահայտ ճնշումներին, ինչին էլ վերաբերում էր մեր հրապարակումը, որտեղ մենք ընդամենը փորձել ենք հանրությանը տեղեկացնել շրջանառվող լուրերի մասին եւ մեկնաբանություն ստանալ Տավուշում գտնվող զինվորականից: Մենք մեր պարտքն ենք համարում ներկայացնել նաեւ կուլիսներում տեղի ունեցող իրադարձությունները, որոնց մասին մարդիկ երբեմն խուսափում են բացահայտ խոսել, որովհետեւ միայն դրա մասին խոսելը կարող է կանխել քննչական մարմինների ցինիզմն ու ապօրինությունները, քաղաքական տեռորը ընդդիմադիրների նկատմամբ եւ իշխանությունների հակահայ գործունեությունը: