ՔՊ-ական խմբակին շատ տհաճ անակնկալներ են սպասվում առաջիկայում

ՔՊ-ական խմբակին շատ տհաճ անակնկալներ են սպասվում առաջիկայում

«Հրապարակի» զրուցակիցը լրագրող Նաիրի Հոխիկյանն է:

- Երեկ Դուք մեկնել էիք Նոյեմբերյան: Ի՞նչ իրավիճակ է այժմ այդտեղ:

- Ես այս պահին Երևանում եմ: Երեկ ուշ երեկոյան Նոյեմբերյանում էի: Կազմակերպչական աշխատանքներ էինք անում: Դեռևս Գեղարքունիք չեմ հասցրել գնալ:

- Մարդկանց տրամադրությունների մասին ի՞նչ կասեք:

- Մարդկանց մոտ ծայրաստիճան ատելության է հասել Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական խմբակի նկատմամբ: Կան շատ մարդիկ, ովքեր ընդամենը մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանին արդարացնում էին, հիմա ուղղակի ատում են` ոչ թե վատ են վերաբերվում, այլ ատում են: Ատելությունը բերելու է նրան, որ մարդիկ վարվելու են դաժան: Ես չէի ուզենա, որ հանրությունն ինքնադատաստան տեսներ իշխանությունների նկատմամբ: Բայց սրանք ամեն ինչ անում են, որ մարդիկ գնան դրան: Ճիշտ կլինի, որ ամեն բան օրենքի ու սահմանադրության շրջանակներում լինի, բայց եթե մի իշխանություն չի հարգում ոչ օրենք, ոչ սահմանադրություն: Այսօր տեղի ունեցողը սահմանադրության բռնաբարություն է պարզապես: Նիկոլ Փաշինյանն ինքը արդեն մի քանի անգամ հասցրել է սահմանադրական կարգ տապալել: Դրանով այդ մարդը մեր հանրությանը մղում է ծայրաստիճան քայլերի, ինչը ոչ մի դեպքում ցանկալի չէ:

- Երեկվանից տարբեր վայրերում փողոցներ են փակվում: Ունե՞ք տեղեկություն, թե վաղը ո՞ր հատվածներում ճանապարհներ կփակվեն եւ մասնակցո՞ւմ եք դրան:

- Տեղեկություններ ունեմ, բոլոր տեղերի հետ կապս պահում եմ, բայց հաշվի առնելով, որ լրատվամիջոցներին հետևում են իշխանությունները շատ չեմ կարող փակագծեր բացել, միայն կարող եմ ասել, որ այն մարզերում, որտեղ այս ընթացքում ակտիվություն չի եղել, այժմ աշխատանքներ են տեղի ունենում: Այս ՔՊ-ական խմբակին շատ տհաճ անակնկալներ են սպասվում առաջիկայում: Շատ հաճախ մարդիկ հարց են տալիս, ասում են` լավ ի՞նչ են տալու այդ անհնազանդության ակցիաները: Դրանք բերում են նրան, որ Նիկոլ Փաշինյանի և իրեն ծառայող ոստիկանների համար հանրային կառավարումը դառնում է անհնար: Նրանք ոչինչ չեն հասցնի անել, ողջ երկիրը անհնազանդության ակցիաներ է անելու, ոստիկանները չեն կարողանալու բոլորին ձերբակալել ու լռեցնել: Ոստիկանությունն, ի վերջո, Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու համար չէ, ոստիկանությունը երկրում իրավակարգի ամրապնդման համար է: