«Հրապարակ». Ընկել ենք դավաճանների ձեռքը եւ հասկացել ենք, որ մեկ մայր ունենք` եկեղեցին

«Հրապարակ». Ընկել ենք դավաճանների ձեռքը եւ հասկացել ենք, որ մեկ մայր ունենք` եկեղեցին

«Հրապարակի» զրուցակիցն ուրակակիր, Տավուշի թեմի երիտասարդաց պատասխանատու, բլոգեր Թովմաս Առաքելյանն է:

- Որքան էլ հայտնի է, որ իշխանական շրջանակները փորձում են վարկաբեկել Հայ առաքելական եկեղեցին, ակնհայտ է, որ եկեղեցու դերն այսօր առավել մեծացել է հասարակության կյանքում: Նա ակտիվացել է, եկել է առաջին պլան, հոգեւորականները խոսք են ասում, մարդկանց կողքին են: Մարդիկ հույսեր են կապում եկեղեցու եւ եկեղեցականների հետ: Ինչո՞վ է սա պայմանավորված:

- Ըստ իս` ոչ թե եկեղեցու դերն է մեծացել, այլ պարզապես մարդկանց ուշադրությունն է եկել դեպի եկեղեցի: Մեր ժողովրդի մոտ մի տարածված բան կա, երբ հիվանդանում են` դիմում են բժիշկներին, հետո՝ գուշակներին, հետո՝ շառլատաններին, փողեր են ծախսում ամեն տեսակի` սուտ եւ ճիշտ հակագիտական օղակների օգնության կանչելով, ու ամենավերջում գալիս են եկեղեցի: Այսօր նույն ճանապարհի վրա ենք, պարզապես՝ համազգային կերպով: Սա համազգային հարց է: Ընկել ենք տարբեր շառլատանների ու դավաճանների ձեռքը եւ անառակ որդու նման հասկացել ենք, որ մեր երկիրը մեկ մայր ունի, եւ դա եկեղեցին է: Հայրենիքը մեկ մայր ունի՝ մայր եկեղեցին է, եւ այլ տեղում պետք չէ փրկություն փնտրել: Միայն այդ ճանապարհով կարող ենք վերադարձնել ճշմարտությունը՝ ազատվելով ստից ու կեղծիքից: Եկեղեցին այսօր ոչ մի արհեստական բան չի անում, անում է այն, ինչն արել է հազարամյակներ շարունակ:

- Իշխանական քարոզչությունը չի՞ խոչընդոտում, կաշկանդում եկեղեցուն եւ եկեղեցականներին:

- Բնավ չի կաշկանդում, որովհետեւ մենք մեծ իմունիտետ ունենք: Եկեղեցին կարողանում է ամուր կանգնել այդ ամենի դիմաց: Եկեղեցին իր դասին բնութագրում է միաբանությամբ, մենք միաբան ենք, եթե նկատում եք, եկեղեցու բոլոր սպասավորները` Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Արշակ Սրբազան, նրանք՝ բոլորը շատ միաբան են, նույն գաղափարական գծերի մեջ են: Այսօր, երբ թիրախավորում են հոգեւորականներին, նրանք գիտեն` ոչ թե իրենց անձն է թիրախավորված, այլ` գաղափարը, բայց ոչ մեկս գաղափարախոսությամբ մենակ չենք, որովհետեւ մեր գաղափարախոսությունը Հայ առաքելական եկեղեցու գաղափարախոսությունն է: Քրիստոսին ու Քրիստոսի եկեղեցուն ոչ ոք չի կարող թիրախավորել: Ո՞ւմ դեմ են այժմ դուրս եկել, Քրիստոսի եկեղեցո՞ւ:

- Իսկ ինչպե՞ս կբնութագրեք եկեղեցու այսօրվա գործունեությունը: Գոնե նորանկախ պատմության ընթացքում առաքելական եկեղեցին երկիր հանձնելու դեմ պայքարի դուրս չի եկել: Առիթ չի եղել: Իսկ այսօր…. ոմանք ասում են, որ եկեղեցականները քաղաքականությամբ են սկսել զբաղվել: Ի՞նչ բնութագրում կտաք Դուք:

- Դա մեր հազարամյա աշխատանքն է` քարոզել ճշմարտություն, ճշմարտությունը վառ պահել` ընդդեմ ստի: Մեզ համար այս ամենը նոր չէ: Ունենք հայրաբանական, աստվածաշնչային ժառանգություն, եւ եկեղեցու պայքարը միշտ է եղել ստի դեմ: Հիմա թե սուտն ինչ դեմքով, կերպարով ու անունով է կանգնած մեր դիմաց, արդեն էական էլ չէ: Ստի արբանյակը սատանան է: Այն նույն սատանան, որի դեմ եկեղեցին միշտ է պայքարել: Տարբերությունն այն է, որ այսօր կան համացանց, նորագույն տեխնոլոգիաներ, բայց այն, ինչն արել է Ղեւոնդ երեցը, անում է Բագրատ Սրբազանը, այն, ինչն անում էր Խրիմյան Հայրիկը, այսօր անում է Վեհափառը, ոչ մի տարբերություն չեմ տեսնում: Եկեղեցին ցույց է տալիս նաեւ, որ կարելի է անկախ լինել: Ի՜նչ հարձակումներ են եղել` Ռուսական կայսրության, ԽՍՀՄ-ի, պարսկական ու մահմեդական խալիֆայությունների կողմից, բայց Հայ առաքելական եկեղեցին մնացել է անկախ` իր օրակարգով, նորմալ հարաբերություններ ունենալով Ուղղափառ եւ Կաթոլիկ եկեղեցու հետ, որեւէ ծայրահեղության չտրվելով:

- Ի՞նչ եք կարծում` հանրությունը մինչեւ վերջ կվստահի՞ եկեղեցուն, եկեղեցին կկարողանա՞ միավորել հանրությանը: Արդյունք կլինի՞:

- Մարդիկ միշտ անկանխատեսելի են, պետք է պայքարել ու չհանձնվել: Տավուշ աշխարհը, ինչպես Բագրատ Սրբազանն է հռչակել, հույսի աշխարհ է: Պետք է ապրել ու պայքարել հույսի աշխարհում: Մենք հույսի զավակներ ենք: Եթե ունենանք հույսի համբերություն` շատերն ունեն հույս, բայց ոչ համբերություն, ամեն ինչ լավ կլինի: