Մանկուրտային «պայծառ» ապագան 

Մանկուրտային «պայծառ» ապագան 

Թուրքիայի նախագահ Էրդողանի կարծիքով, մեր հայրենիքի ու սփյուռքի համագործակցությունը խավար ճանապարհ է: Խավարից ձերբազատվելու նպատակով մեզ առաջարկում է «դեն նետել անհիմն հիշողությունները եւ գործել՝ ելնելով ներկայիս ժամանակի իրողություններից»: Ինչը մեզ տանելու է դեպի պայծառ ապագա: Հիշողություններից զուրկ պայծառ ապագան ժամանակին նկարագրվել է թյուրքախոս վիպասաններից Այթմատովի կողմից եւ անվանվել «մանկուրտիզմ»: Որի դեպքում, ի դեպ, մարդը կարող է հանգիստ սպանել իր մորը, որովհետեւ նրան այդպիսի հանձնարարություն է տվել այդ անձին մանկուրտ դարձրածը: Եվ, ինչպես երեւում է, վերը նշված նպատակին համաձայն է ՀՀ վարչապետի աթոռից, հանուն ինքնապահպանության, կառչած անձը: Որովհետեւ համաձայն է թե՛ հիշողության կորստին եւ թե՛ Էրդողանի կողմից առաջարկված «պայծառ» ապագային: Եվ ոստիկանական բռնաճնշումներով մեր ժողովրդին առաջնորդում է դեպի այդ ապագան: Հատկանշական է, որ Էրդողանի կողմից այդ խորհուրդը վերը նշված անձին ուղղվել է Ցեղասպանության հիշատակի օրվան նախորդած օրը:  

Մանկուրտիզմից բացի, «պայծառ» այդ ապագան բնորոշվելու է մեկ այլ «հրաշալի» հատկանիշով: Դա տարածքի խնդիրն է. ենթադրում եմ, որ թուրքերի կողմից մեզ հրամցվելիք ապագան կտեղավորվի 10-12.000 քառ․ կմ տարածքում՝ ինչպես սահմանվել էր Ալեքսանդրոպոլի՝ 1920-ի դեկտեմբերյան պայմանագրով: Ինչը նշանակում է, որ Նիկոլը պետք է հրաժարվի 29 800 քառ․ կմ-անոց Հայաստանից եւ փոխի իր սիրելի խաղալիք մակետը: Ենթադրյալ այդ ապագան կառուցվելու է թուրքական ռազմական ու ադմինիստրատիվ ենթակայության ներքո, ինչպես ամրագրված էր այդ պայմանագրում: Ինչը, կարծում եմ, կլինի Նիկոլի եւ նիկոլանման արարածների երազած ինքնիշխանության ու անկախության լիակատար տարբերակը: Այն, ինչին ձգտում են դրանք՝ թշնամանալով հարյուրամյա մեր դաշնակցի հետ: Մոռանալով, որ նման բան արդեն տեղի է ունեցել 100 տարի առաջ, ու ռուսի շնորհիվ 10-12 հազար քառ․ կմ-ն դարձավ գոնե 30 հազար:   

Էրդողանի ուղերձում առկա էր ներկայիս իրողություններից ելնելու խորհուրդը: Այդ առումով հատկանշական է Ուկրաինայի ու Հայաստանի համադրումը: Չնայած երկու երկրներն էլ ունեն, այսպես ասած, հեղափոխական իշխանություն, ու շատ բաներում նույն երեւույթներն են առկա, սակայն անցյալ տարվանից առաջացել է բավական լուրջ մի տարբերություն: Այնտեղ, փողոցներն ու այլեւայլ օբյեկտներն ընկած եւ բռնի ուժ գործադրելով՝ իշխանությունը փորձում է մարդկանց հավաքագրել՝ ռազմաճակատ ուղարկելու համար: Մեզանում բռնի ուժ գործադրելով՝ պատժում են սեփական հողը պաշտպանել փորձողներին: Դրա հիմքը, բնականաբար, այն է, որ Ուկրաինայի նախագահը, չնայած ռազմաճակատում առկա անհաջողություններին, ինքն իրեն պարտված չի համարում: Իսկ այն անձը, ով 44-օրյա պատերազմի սկզբին Ազգային ժողովում հայտարարում էր, որ ինչ էլ պատահի՝ մենք մեզ պարտված չենք ճանաչելու, արդեն վաղուց իրեն պարտված է ճանաչել: Ու, ըստ այդմ, թուրք-ադրբեջանական բիրտ ճնշումներին տեղի տալով, հայաստանյան տարածքներ է հանձնում թշնամուն՝ կարծես թե դրանք իր պապի կալվածքներն են: Եվ այդ եղանակով «ապահովում է խավարից, ուր նրան ներքաշել է սփյուռքը, ձերբազատվելն ու պայծառ ապագայի համար նոր սկզբի ճանապարհ ընտրելը»: