«Հրապարակ». Սրբազանի դերը բարձր եմ գնահատում, բայց սա մեկ հոգու առաջնորդության խնդիր չէ

«Հրապարակ». Սրբազանի դերը բարձր եմ գնահատում, բայց սա մեկ հոգու առաջնորդության խնդիր չէ

Տավուշից հողերի հանձնման գործընթացը, որքան էլ տեղի բնակչությունը հուսահատ ջանքեր է գործադրում, իրականում առանց լուրջ խոչընդոտների ու դիմադրության է ընթանում։ Նիկոլ Փաշինյանն օրերս նաեւ սահմանային առաջին սյան նկարը հրապարակեց, թե իբր Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ դեմարկացիայի ու դելիմիտացիայի պատմական գործընթացը սկսվել է, եւ նրա որոշ թիմակիցներ էյֆորիայի մեջ ընկան` առանց մի կաթիլ արյուն թափվելու, սիմվոլիկ եւ պատմական քայլ է իրականացվել: Դրան զուգահեռ՝ Ոսկեպարի, Կիրանցի, Բաղանիսի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել հողերի հանձնումը եւ Տավուշում կատարվող սահմանազատումը։ Առաջարկում են սահմանազատումն իրականացնել փաթեթային սկզբունքով եւ Հայաստանի ողջ տարածքում, այլ ոչ թե Տավուշում:

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանին հարցրինք, թե ինչ դիրքորոշում ունեն այս իրադարձությունների վերաբերյալ։ «Ինչպես ես, այնպես էլ մեր թիմակիցները, ովքեր մինչ այժմ էլ այդ գյուղերի բնակիչների կողքին են, բազմիցս հայտարարել ենք, որ մեզ համար անընդունելի է նման ձեւաչափով սահմանազատման իրականացումը։ Սահմանազատումը պետք է տեղի ունենա երկրի ամբողջ տարածքով, այսինքն՝ սահմանի ամբողջ երկայնքով, դա միջազգայնորեն ընդունված նորմ է, եւ այն, ինչ անում են սահմանազատման անվան տակ, ուղղակի հերթական տարածքների զիջումն է։ Ակնհայտ է, որ սահմանազատում իրականացնելու պարագայում սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանը պետք է հետ գնա բոլոր այն տարածքներում, որովհետեւ բոլորս հիշում ենք՝ վերջին տարիներին Գեղարքունիքի, Սյունիքի, Ջերմուկի հատվածներում էականորեն առաջ են եկել, եւ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հերթական քարոզչական ֆոնն են ստեղծում, թե պատմական սահմանազատում են անում, այնինչ ընդամենը տարածքներ են հանձնում, միեւնույն ժամանակ այդ հատվածներում բնակչության եւ տարածքի համար անվտանգային ռիսկեր են հայտնվելու, քանի որ ինչ-որ հատվածում այսպես ձեւական սահմանազատում է արվում, բայց մյուս բոլոր հատվածներում ադրբեջանական զինուժը շարունակում է հայկական բնակավայրերը եւ ճանապարհները թիրախավորել»,- ասաց Առաքելյանը։

Թեեւ ՀՀ տարածքից հերթական զիջումներն են արվում, սակայն քաղաքական ուժերի կյանքում էական հուզումներ ու տեղաշարժեր կարծես թե չկան, եւ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը տարածքները հանձնում է ընդդիմադիր քաղաքական ուժերի լուռ համաձայնության ներքո, եւ ըմբոստանում են միայն Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները՝ Բագրատ սրբազանի գլխավորությամբ։ Այս դիտարկմանը Մեսրոպ Առաքելյանն արձագանքեց․ «Ես կարող եմ մեկնաբանել այն գործողությունները, որոնք մենք ենք անում։ Գիտեք՝ Նոյեմբերյան համայնքը ղեկավարվում է մեր կուսակցության կողմից, ճիշտ է՝ Կիրանցի հատվածն Իջեւան համայնքի տարածքում է գտնվում։ Մեր թիմակիցները եղել են Տավուշում, մինչեւ այդ էլ իրենց դիրքորոշումները փոխանցել են կառավարությանը պաշտոնապես, թե ինչպես են հարցի լուծումը պատկերացնում։ Իրադարձություններին զուգահեռ կհասկանանք մեր հետագա քայլերը, մնացած քաղաքական ուժերի գործողությունները մեկնաբանելու կարիք չեմ տեսնում»,- պատասխանեց Մեսրոպ Առաքելյանը։

Նրան հարցրինք նաեւ, թե ինչ կարծիք ունի Բագրատ սրբազանի մասին, շատերը սրբազանին նույնիսկ ընդդիմադիր շարժման առաջնորդի դերում են պատկերացնում, նաեւ դրանով է բացատրվում իշխանական շրջանակներից նրա նկատմամբ իրականացվող արշավը։ «Բարձր եմ գնահատում սրբազանի դերն այն իրադարձություններում, որոնք կան՝ հաշվի առնելով, որ Տավուշի թեմի առաջնորդն է, Տավուշի բնակիչների կողքին է, մենք էլ այնտեղ տարբեր առիթներով զրուցել ենք, եւ երկրում ստեղծված իրավիճակում եթե յուրաքանչյուր ոք իր բաժին պատասխանատվությունը ստանձնի, ապա հաստատ կարող ենք այս իրավիճակից դուրս գալ։ Դրա շրջանակներում սա մեկ հոգու պայքար չէ, մեկ հոգու առաջնորդության խնդիր չէ, իսկ սրբազանի պայքարը բարձր եմ գնահատում»։