Սխալներ, սխալներ

Սխալներ, սխալներ

Մի քանի մեծ եւ բազում մանր սխալներ թույլ տվեցինք մենք վերջին տարիներին: Շատերն ամենաճակատագրական սխալը համարում են 2018-ը, երբ անհայտ ծագման ու ծրագրով քաղաքական ուժին իշխանության բերեցինք, բայց, ըստ իս, դա ամենամեծ սխալը չէ` առողջ հասարակությունը նաեւ սխալվում է, իր սխալներն ուղղում: Մեր մեծագույն սխալը ոչ թե 2018-ն էր, այլ այն, որ ինչ-որ պահից դադարեցինք լսել խելացի խոսքն ու իմաստուն մարդկանց: Հիմարները դարձան «ասող», խելացիները մտան իրենց տները, լռեցին, փակվեցին, հանդուրժեցին, որ իրենց նվաստացնեն, իրենց ինտելեկտը բռնաբարեն, երկիրն իրենց ձեռքից խլեն: Կային վճռորոշ պահեր, երբ ազգի մտածող մասը կարող էր կանգնեցնել վերահաս արհավիրքը: Եվ այդ վճռորոշ պահն անգամ 2020-ի նոյեմբերի 10-ը չէր:

Ըստ իս, շատ ավելի կարեւոր պահեր են եղել: Օրինակ, Գորիս-Կապան ճանապարհի հանձնումը, երբ մի օրվա մեջ ադրբեջանական զինուժը եկավ, փակեց ճանապարհը` հայտարարելով, որ դրա 21 կիլոմետրանոց հատվածն անցնում է իր տարածքով, եւ այս իշխանությունը կամովին զիջեց դա ու սկսեց շրջանցող ճանապարհ կառուցել, որը մինչ օրս անգամ հեռավոր համեմատության եզր չունի Գորիս-Կապան մայրուղու հետ: Մյուս վճռական պահը, երբ պետք է զգայինք վերահաս վտանգը, այն օրն էր, երբ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական տեղանուններ հնչեցրեց` Չայզամի ու չգիտեմինչ գրողուցավ, հետո այլ ադրբեջանական տեղանուններ էլ հնչեցին` Խեյրիմլի եւ այլն: Տեղանուններ, որտեղ տասնամյակներով մարդ չի ապրել, բայց, չգիտես ինչու, ոմանք դրանք գյուղ են կոչում եւ մարդկանց գլխում ամրագրում դրանք հանձնելու անհրաժեշտությունը: Նույնն է, որ մենք Արեւմտյան Հայաստանի տեղանուններն արտաբերենք ու պահանջենք մեզ հանձնել մեր պատմական հայրենիքը: