Եռագիծ. Բախման, Դիքինսոն, Բաթլեր Եյթս

Եռագիծ. Բախման, Դիքինսոն, Բաթլեր Եյթս

Ինգեբորգ Բախման. Բոլոր օրերը

Պատերազմն այլեւս չի հայտարարվում,
այլ շարունակվում է։ Չլսվածը
դարձել է հանապազօր։ Հերոսը
դուրս է մնում ճակատամարտից։ 
Թույլը գնացել է առաջնագիծ:
Օրվա համազգեստը համբերությունն է,
շքանշանը՝ սրտի վերեւում 
հույսի աստղը խեղճ:

Այն կշնորհվի,
երբ էլ ոչինչ չի պատահի,
երբ ռումբերը լռեն,
երբ թշնամին դառնա անտես,
ու անհամար զենքերի ստվերը
ծածկի երկինքը:

Այն կշնորհվի
դրոշը լքելու,
ընկերոջ առաջ խիզախ լինելու,
անարժեք գաղտնիքներ հայտնելու 
ու ամեն հրաման
անտեսելու համար։

Ուիլյամ Բաթլեր Եյթս

Երբ ծերանաս, ճերմակես ու տկարանաս,
Բուխարու մոտ խոնարհվելիս 
վերցրո՛ւ գիրքն այս, 
Կարդա՛ անշտապ, վերհիշի՛ր մեղմ 
հայացքը այն, 
Որ աչքերդ ունեին առաջ, ու 
խոր ստվերները նրանց։

Քանի՜ մարդ սիրեց կարեկցությունը քո
Ու գեղեցկությունդ կեղծ կամ ճիշտ սիրով, 
Բայց մեկը սիրեց քո պանդուխտ հոգին 
Ու ցավերը քո փոփոխվող դեմքի:

Եվ խոնարհվելով բոցափայլ ցոլքերի մոտ՝ 
Պատմի՛ր կամացուկ՝ ինչպես 
Սերը խույս տվեց 
Ու սլացավ դեպի լեռների գագաթը
Եվ աստղաբույլի խորքում 
թաքցրեց դեմքը։
 
Էմիլի Դիքինսոն

260
Ես ոչ ոք եմ, դու ո՞վ ես,     
Դո՞ւ էլ ոչ ոք ես,
Ուրեմն երկուսս ենք։ 
Մի՛ խոսիր. նրանք կիմանան՝ գիտես։ 

Ի՜նչ սարսափելի է ինչ-որ մեկը լինել, 
Ի՜նչ հանրային, ինչպես մի Գորտ
Ամբողջ հունիս ասել անունդ 
Հիացող Ճահճին։

141

Ոմանց, որ շատ փխրուն են ձմռան 
քամիների համար,
Գիրկն է առնում գերեզմանը հոգատար՝
Քնքշորեն ծածկելով սառնամանիքից,
Նախքան կսառչեն ոտքերը նրանց:

Իր բնի գանձերը երբեք
Չի բացահայտում գերեզմանը զգուշավոր՝
Հյուսելով այնտեղ, ուր նայել տղաները չեն համարձակվում,
Եվ որսորդը չի հանդգնում:

Ապաստանն այս ունեն երեխաները բոլոր,
Որոնք փոքր են շատ ու մրսում են հաճախ,
Ճնճղուկները, որոնց չի նկատում Հայրը,
Գառները, որոնց համար հոտ չուներ 
ժամանակը:

35
Ոչ ոք չգիտի այս փոքրիկ Վարդին,
Ուխտագնաց է գուցե,
Վերցրի Նրան ես ճանապարհից
Ու մեկնեցի վեր դեպի քեզ,
Միայն Մեղուն կկարոտի նրան,
Թիթեռը միայն՝
Շտապելով հեռավոր ուղեւորության,
Որ հանգչի նրա կրծքին,
Միայն Թռչունը իմանալ կուզի,
Միայն Զեփյուռը կհառաչի,
Ա՜հ, Փոքրի՛կ Վարդ, հեշտ է որքա՜ն
Մեռնելը քեզ պես էակի համար։

Գերմաներենից եւ անգլերենից թարգմանությունները՝ Նաթելլա Հովակիմյանի

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ