Հոնգկոնգում ծովը թմրանյութ պարունակող բրիկետներ է ափ նետել

Հոնգկոնգում ծովը թմրանյութ պարունակող բրիկետներ է ափ նետել

Հոնգկոնգի ոստիկանությունը հայտնաբերել է, որ քաղաքի երկու լողափում կոկաին տեսակի թմրանյութ պարունակող բրիկետներ է ծովը ափ նետել՝ ալեկոծության ընթացքում։ Իրավապահները ափ նետված թմրանյութ պարունակող բրիկետների ընդհանուր արժեքը գնահատել են մոտ 3,5 միլիոն դոլար։ Ըստ հաղորդման, տեղացիներից մեկը շնաձկներից պաշտպանող ցանցի մոտ հայտնաբերել է սպիտակ փոշի պարունակող 15 բրիկետ։ Դրանք նրան կասկածելի են թվացել եւ վերջինս ոստիկանություն է ահազանգել։

Դեպքի վայր ժամանած իրավապահները եւս չորս տուփ են հայտնաբերել, եւ իրենց հերթին կանչել են սակրավորներին, քանի որ տոպրակների վրա գրված է եղել, որ պարունակությունը տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութ է։ Սակրավորները պարզել են, որ իրականում բրիկետների մեջ եղել է կոկաին տեսակի թմրանյութ։ Այս դեպքից մի քանի օր անց, կրկին տեղացիներից մեկը կասկածելի կանաչավուն կոնտեյներ է հայտնաբերել լողափից 10 մետր հեռավորության վրա եւ ահազանգել ոստիկանություն։ Ժամանած իրավապահները պարզել են, որ արկղում թմրանյութ պարունակող տուփեր են։

Հիշեցնենք որ անցյալ տարվա դեկտեմբերին էլ Հոնգկոնգի ոստիկանությունը կարողացել էր կանխել քաղաք 62,8 միլիոն դոլարի հեղուկ կոկաին մտցնելու փորձը, որը ձեւակերպված էր եղել որպես գինի։