Արեւմուտքն ուզում է կտրել ՌԴ-ի ցամաքային կապը Թուրքիայի, Հայաստանի եւ Վրաստանի հետ

Արեւմուտքն ուզում է կտրել ՌԴ-ի ցամաքային կապը Թուրքիայի, Հայաստանի եւ Վրաստանի հետ

Վրաստանում ամեն օր հանրահավաքներ են ընդդեմ, այսպես կոչված, «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի, որն ապրիլի 17-ին առաջին ընթերցմամբ ընդունվեց Վրաստանի խորհրդարանի կողմից: Այս օրենքը պետք է եւս երկու ընթերցում անցնի, մեկը՝ մայիսի 1-ին, վերջինը՝ մայիսի 16-ին: Հնարավոր է, որ հենց այդ օրը երկրում սկսվի հերթական գունավոր հեղաշրջումը, ինչն ուզում են կանխել Վրաստանի իշխանությունները, այդ թվում՝ նշված օրենքի ընդունման միջոցով` դրանով նվազեցնելով օտարերկրյա ազդեցությունը, թույլ չտալով, որ երկրում ներքաղաքական օրակարգը թելադրվի Վաշինգտոնից կամ Բրյուսելից, այդ երկրներում որոշեն, թե ով պետք է Վրաստանում վարչապետ աշխատի, իսկ ով` նախարար կամ փոխնախարար, ինչ օրենքներ ընդունվեն, ինչ բովանդակությամբ:

Բայց արդյոք Վրաստանի իշխանությունները չե՞ն ուշացել, օտարերկրյա ազդեցությունն այնքան չի՞ մեծացել, որ դրա հակազդմանն ուղղված գործողությունները բերեն հակառակ արդյունքի` գործող իշխանության հեռացմանը: Վրաստանի արեւմտյան «գործընկերներին» դուր չեն գալիս վրացական իշխանությունների ինքնուրույնության դրսեւորումները, նրանք ուզում են, որ Վրաստանն ամբողջությամբ գտնվի իրենց ենթակայության տակ, որոշողն իրենք լինեն, իսկ տեղում խելոք ենթարկվեն եւ կատարեն իրենց որոշումները` այնպես, ինչպես հիմա Հայաստանում է: 

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրինագիծն առաջին հերթին նպատակ ունի պաշտպանելու Վրաստանն ուկրաինացումից»,- օրենքն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Սա չափազանց համարձակ հայտարարություն էր, որովհետեւ Կոբախիձեն ասում էր, որ Արեւմուտքի նպատակը Վրաստանի ուկրաինացումն է, որն իրականացվում է արեւմտյան ազդեցության գործակալների` արեւմտյան ֆինանսավորում ստացող քաղաքական, հասարակական խմբերի միջոցով:

Ուկրաինացում ասելով, առաջին հերթին նկատի ունեն երկրի հարաբերությունների վատթարացումը Ռուսաստանի հետ, այդ երկրի հետ առեւտրատնտեսական կապերի խզումը, անվերապահ միանալը հակառուսական պատժամիջոցներին, եթե հնարավոր լինի՝ նաեւ Ռուսաստանի հետ ռազմական բախման հրահրումն ու, այսպես կոչված, երկրորդ ճակատի բացումը: Վրաստանի իշխանությունները հասկանում են, թե որքան կործանարար կարող է դա լինել իրենց երկրի եւ քաղաքացիների համար, բայց դա եվրաչինովնիկներին առանձնապես չի հետաքրքրում: Նրանց պետք է՝ հնարավորինս մեծացնել Ռուսաստանի դեմ հակամարտության աշխարհագրությունը, բայց այնպես, որ իրենք անմիջականորեն չներքաշվեն դրա մեջ, դա արվի երրորդ երկրների միջոցով` ոչ ՆԱՏՕ-ի անդամ, որ իրենք կարողանան ասել, թե կազմակերպության կանոնադրության 5-րդ կետը՝ հավաքական պաշտպանության մասին, չի գործում: Եթե նրանց հաջողվի ապակայունացնել իրավիճակը Վրաստանում, երկիրը ներքաշել քաղաքացիական բախումների եւ պատերազմի մեջ, դա կլինի Վրաստանի ուկրաինացում, որի շնորհիվ կկտրվի Ռուսաստանի եւ Թուրքիայի ցամաքային կապը, նաեւ՝ Հայաստանինն ու Վրաստանինը: Ռուսաստանի սահմանին կառաջանա պատերազմի ու լարվածության նոր օջախ, առանց այն էլ անկայուն Հյուսիսային Կովկասի հատվածում: 

Քանի որ Վրաստանի իշխանությունները չեն ցանկանում հնազանդվել, չեն ուզում իրենց երկիրն ինքնակամ տանել ավերման եւ ոչնչացման, Բրյուսելում եւ Վաշինգտոնում որոշել են Վրաստանում հեղաշրջում իրականացնել եւ իշխանության բերել իրենց հնազանդ մարդկանց կամ, առնվազն, երկիրը ներքաշել ներքաղաքական բախումների մեջ, ստեղծել անիշխանություն եւ անկառավարելիություն: Վրաստանի իշխանությունները դիմադրում են, չեն ցանկանում կամավոր հանձնել երկիրը, Արեւմուտքը պատրաստ է գնալ ավելի կոշտ դիմակայության, եւ եթե անհրաժեշտ լինի, գործող իշխանությանը հեռացնել ոչ թե ոչ բռնի, թավշյա միջոցներով, այլ նույնիսկ երկիրը ներքաշելով զինված հակամարտության մեջ: Այդ նպատակով բոլոր անհրաժեշտ նախապատրաստություններն արդեն արված են:
Վրաստանի մայրաքաղաքում ընթացող բողոքի ցույցերը հիմա կրում են խաղաղ բնույթ, ցուցարարների եւ ոստիկանական ուժերի միջեւ բախումներ լինում են, թեեւ կողմերը չեն անցնում բռնության թույլատրելի սահմանը: Բայց Վրաստանի ընդդիմությունը չի պատրաստվում մինչեւ վերջ շարունակել գործել օրենքի եւ օրինականության շրջանակներում: Արեւմուտքը հիմա փորձում է փափուկ ուժի միջոցով ճնշել Վրաստանի իշխանություններին եւ ստիպել, որ նրանք կամավոր հրաժարվեն օրենքի ընդունումից, բայց քանի որ դա տեղի չի ունենա, եւ մայիսի 16-ին օրենքը կընդունվի երրորդ ընթերցմամբ, այդ ժամանակ այլ բան չի մնա, քան իշխանությունը վերցնելու փորձ անել` արդեն բացահայտ բռնի միջոցներով:

Վրաստանում ընթացող հանրահավաքների, փողոց փակելու, պիկետներ կազմակերպելու մասնակիցներն ասում են, որ դրանք այնքան հմուտ են կազմակերպվում, որ երեւում է, թե որքան պատրաստված են դրանց մասնակիցները, որ ունեն միասնական կառավարման կենտրոն: Ոստիկանությունը շատ հաճախ անակնկալի է գալիս՝ չկարողանալավ արագ արձագանքել, քանի որ ցուցարարները հանկարծակի փակում են այս ճանապարհը, հետո, երբ ոստիկանները շտապում են այդ ուղղությամբ, ցուցարարներն արդեն գիտեն նրանց տեղաշարժի մասին եւ փակում են քաղաքի այլ փողոցներ: Ցույցերին մասնակցում են իշխանական պատգամավորների, բարձրաստիճան պաշտոնյաների երեխաներ, ինչը ցույց է տալիս, որ իշխանությունը եւս միատարր չէ: Վրաստանի հարյուրավոր քաղաքացիներ, որպես կամավորներ կամ վարձկաններ, մասնակցում են ռուս-ուկրաինական պատերազմին, ինչի արդյունքում մարտական գործողությունների մեծ փորձ են կուտակել: Հիմա նրանց ակտիվորեն տեղափոխում են Վրաստան: Վրաստան են տեղափոխվում ոչ միայն ազգությամբ վրացիներ, այլեւ ուկրաինացիներ եւ այլ ազգերի ներկայացուցիչ մարտիկներ, նրանց փորձն ու հմտությունները կօգտագործվեն Վրաստանի ուկրաինացման համար: Երբ փողոցային ցույցերն ու հանրահավաքները մտնեն վճռական փուլ, երբ ոստիկանությունը փորձի ուժ կիրառել ցուցարարների դեմ, այդ ժամանակ ի պաշտպանություն ցուցարարների կարող են հայտնվել զինված խմբերը: 

«Եթե իշխանությունը տեղի չտա, հրաժարական չտա, Վրաստանում պարտիզանական պատերազմ կսկսվի»,- ասում է ծանոթ վրացի փորձագետը, ով բավական լայն շփումներ ունի Ուկրաինայում մարտական գործողությունների մասնակցող խմբերի հետ: Բայց մի՞թե Արեւմուտքի ուզածն էլ հենց դա չէ. անկայունության եւ պատերազմի մի նոր օջախ ստեղծել Ռուսաստանի սահմանին, որը կզրկի Ռուսաստանին ցամաքային կապից ինչպես Թուրքիայի, այնպես էլ Վրաստանի եւ Հայաստանի հետ: Զուգահեռ ներմուծման շատ կարեւոր մի ճանապարհ կփակվի, Ռուսաստանի համար շատ զգայուն տարածքում կառաջանա պատերազմի ու անկայունության օջախ: Վրաստանն ունի քաղաքացիական պատերազմի փորձ. 1991-93 թվականներին այդ երկրում ռազմական գործողություններ էին ընթանում նախագահ Զվիադ Գամսախուրդիայի կողմնակիցների եւ Թբիլիսիում իշխանությունը վերցրած կառավարական ուժերի միջեւ: Թե ինչ ծանր հետեւանքներ ունեցավ այդ հակամարտությունը Հայաստանի համար, հիմա իմաստ չունի նկարագրել։ Մենք կանգնած ենք այդ դժվարությունները վերապրելու նոր հեռանկարի առաջ, եթե, իհարկե, Վրաստանի իշխանություններին չհաջողվի կանխել իրենց եւ մեզ՝ բոլորիս սպառնացող աղետը: Ինչի հավանականությունը, մեղմ ասած, այնքան էլ մեծ չէ:

Ավետիս Բաբաջանյան