Ազգի ու ազգայինի դեմ

Ազգի ու ազգայինի դեմ

Թերեւս որոշ թեմաներ կարող են միայն հոգեբանները վերլուծել․ մեզ՝ շարքային մահկանացուներիս համար բարդ է դրանք ընկալելն ու բացատրելը: Օրինակ, ոչ մի նորմալ ուղեղի մեջ չի կարող տեղավորվել, թե ապրիլի 24-ի ողբերգական օրն ինչու պետք է դառնա ազգին դաս տալու, ինչ-որ բան սովորեցնելու, ավանդույթներ եւ, իրենց պատկերացմամբ` կաղապարներ կոտրելու օր: Մի՞թե դա ամենահարմար օրն է հայ ազգին դաստիարակելու եւ նախատելու համար:

Մի՞թե սրբապղծություն չէ այդ օրվա սգո ուղերձում նման տողեր գրելը. «Պետականության ավանդույթն ըստ էության մոռացած հայ ժողովուրդն աշխարհաքաղաքական խարդավանքների ու սին խոստումների զոհ դարձավ՝ զուրկ լինելով առաջին հերթին աշխարհն ու նրանում գործող կանոններն իրեն հասկանալի դարձնելու ընդունակ քաղաքական մտքից»: Եվ ի՞նչ իմաստ ունի խոսել «ցեղասպանության հոգեցնցումը հաղթահարելու» մասին, ընդ որում՝ մի կարճ տեքստում 6 անգամ օգտագործելով «հոգեցնցում» բառը եւ առիթ տալով, որ մարդիկ արձագանքեն. «Նենց հոգեցնցվես, որ հոգեցնցվածների համար նախատեսված տեղից գան տանեն ու հետ չբերեն»:

Մի՞թե ապրիլի 24-ի խորհուրդը խոնարհության, վշտի ու ապրումակցման չի մղում ձեզ, այլ շարունակաբար փորձում եք կոտրել, նվաստացնել, արժանապատվությունից զրկել այս ազգին` նրան ներշնչելով, որ սխալ է ապրել մինչ օրս, եւ միայն ձեր գալուց հետո են ճշմարտության «դռները» բացվել ազգի առաջ: Եվ երբ նախօրեին արդեն մի չարաբաստիկ սյուն ես խփել Տավուշի հողերում` թշնամուն հանձնելով 30 տարուց ավելի մերը եղած հողերն ու դիրքերը, ինչո՞ւ չես թողնում մի վերքը լավանա` հաջորդ ու ակնհայտորեն անխուսափելի վերքերը պատճառելուց առաջ: Սա ի՞նչ ինքնահաստատման մարմաջ է` պետական լծակներով, թիկնապահով, խոսքով, պահվածքով մի ողջ ազգի ծնկի բերելու: