Հետաքրքիր է, երբ մարդիկ կարդում են, որ հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները, ի՞նչ են մտածում։ Որ հակակոռուպցիոն դատարանը գործ կբացի՞ ՔՊ-ի կամ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Կամ, որ կարդում են, թե Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ԱԱԾ, իրենց կարդացածին հավատու՞մ են․․
․ Հաստատ համոզված եմ, որ բանականությամբ օժտված ոչ մի մարդ դրան չի հավատում և քմծիծաղով է նման խաղիկներին վերաբերվում։ Նիկոլ Փաշինյանը մի ողջ դատական համակարգ ,,բարեփոխեց,, , որ ինքը նստի կամ մեղադրվի՞։ Մոռացե՞լ եք թե դատարանի դռները ո՜նց էր շրջափակել, Սահմանադրական դատարանի նախագահին ո՜նց ,,ևս արեց,, կոռուպցիոն, հակակոռուպցիոնին չանցնեմ, ԲԴԽ-ն էլ փեշքե՜շ․․․ Նիկոլ Փաշինյանի ,,բարեփոխած,, դատական համակարգն իրեն մարտի մեկի գործով արդարացրեց․ մեկը կհավատա՞ , որ Նիկոլն իր գլխին նոր մարտի մեկ կբերի։ Նիկոլին դատի տվողը չգիտի՞, որ զուր ժամանակ է վատնում։ Ախր այդքան քննադատում ու էլի հավատու՞մ են, որ Նիկոլն իրեն «կնստցնի»։ Ասում են՝ մի անձի իշխանություն է և դատախազից կամ դատավորներից արդարությու՞ն են սպասում։ Ազգային ժողովում էլ հարցեր են տալիս ու սպասում, որ դատախազը կամ ԱԱԾ-ն նրան քրեական պատասխանատվության կենթարկի՞․․․ Այս ամենի իմաստը հասկանում եմ։ Գոլորշի են բաց թողնում, «էրված, խորովված սրտերը» թող մի քիչ հանգստանան, թող մարդիկ լիցքաթափվեն։ Լավ, գոլորշի բաց թողնելը մինչև ե՞րբ է շարունակվելու, մինչև ո՞ր տարածքը․․․
Փաշինյանը բոլորին «նստցրեց», հիմա էլ իրե՞ն է «նստցնում»։ Այս ամենն այնքան ծիծաղելի է, մանավանդ, երբ տեսնում ես, որ էլ մարդ չի մնացել, որ բռնի, մնացել է ինքը։ Ի դեպ բռնել բայը նաև ձերբակալել, կալանավորել, արգելքի ենթարկելու իմաստ ունի։ Այնպես որ մեղմիկ ձևն եմ օգտագործում․․․