Ատեստավորումը կիրականացվի մասնագիտական կարիքի հարցաթերթերի միջոցով

Ատեստավորումը կիրականացվի մասնագիտական կարիքի հարցաթերթերի միջոցով

Մեկնարկում է 2024 թվականի ուսուցիչների հերթական վերապատրաստման եւ ատեստավորման գործընթացը: Համաձայն կառավարության վերջին փոփոխության՝ սահմանվել է, որ ուսուցիչների վերապատրաստումն իրականացվելու է մասնագիտական կարիքների գնահատման հիման վրա:

Նոր կարգավորման համաձայն՝ հանրակրթական ուսումնական  հաստատության տնօրենը մինչեւ 2024 թվականի մայիսի 29-ը Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների անձնական գործերում պետք է կատարի «ենթակա է ատեստավորման» նշումը եւ իրականացնի կարիքների գնահատման գործընթացը:

Այս տարի վերապատրաստման եւ ատեստավորման ենթակա են 5 տարվա շրջափուլով հերթական ատեստավորման ենթակա, մինչեւ 5 տարվա աշխատանքային փորձ ունեցող, առարկայական գիտելիքի իմացության կարիք ունեցող ուսուցիչները:

Մասնագիտական կարիքի գնահատումն իրականացվում է ուսուցչի եւ տնօրենի կողմից Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում (ԴԿՏՀ)՝ հարցաթերթիկի լրացման միջոցով: Տնօրենի եւ ուսուցչի կողմից կարիքի գնահատման անհամաձայնության դեպքում բարդության համապատասխան մակարդակի վերապատրաստումներին մասնակցելու համար հիմք է ընդունվում տնօրենի կողմից իրականացված՝ տվյալ ուսուցչի կարիքի գնահատումը: Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքը ձեւավորվում է ըստ մոդուլների՝ յուրաքանչյուր մոդուլի համար նշելով համապատասխան մակարդակը:

Տվյալ շրջափուլում վերապատրաստումների արդյունքում չատեստավորված ուսուցիչը հաջորդ տարի ենթակա է ատեստավորման տվյալ մակարդակում: Ընդ որում՝ հաջորդ տարի պետական միջոցների հաշվին ուսուցչի համար վերապատրաստում չի իրականացվում: Ուսուցիչը կարող է մասնակցել վերապատրաստումներին սեփական միջոցների հաշվին, կամ անցնել ատեստավորում՝ առանց վերապատրաստումների մասնակցության:
Ուսուցիչն ատեստավորման համար պահանջվող կրեդիտները, մասնագիտական զարգացման կարիքին համապատասխան, կարող է հավաքել ատեստավորման համապատասխան շրջափուլի ընթացքում: Ուսումնական հաստատության ուսուցչի վերապատրաստման գործընթացի նախապատրաստման պատասխանատուն տվյալ հաստատության տնօրենն է:

Վերապատրաստման ավարտից հետո ուսուցիչը կենտրոնացված գնահատման արդյունքների հիման վրա ստանում է կրեդիտներ, որոնք ինքնաշխատ եղանակով ձեւավորվում են ԴԿՏ համակարգում: Վերապատրաստված ուսուցիչների կրեդիտները շնորհվում են նախարարի հրամանով։