Դեմարշ Իսրայելի դեմ․ ևս 3 երկիր կճանաչի Պաղեստինի անկախությունը

Դեմարշ Իսրայելի դեմ․ ևս 3 երկիր կճանաչի Պաղեստինի անկախությունը

Գրել էինք, որ եվրոպական երեք երկրներ, այդ թվում՝ Իռլանդիան և Իսպանիան, մտադիր են մայիսի 22-ին հայտարարել Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու մասին։ Այս մասին գրել էր Politico թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։ Հրատարակության համաձայն՝ Պաղեստինի պետականությունը ճանաչող երրորդ երկիրը կարող է լինել Բելգիան, Մալթան, Նորվեգիան կամ Սլովենիան, քանի որ նրանք նախկինում հայտարարել էին նմանատիպ մտադրությունների մասին։ Ամենայն հավանականությամբ, գրում է թերթը, այսօր Օսլոն կմիանա Մադրիդին ու Դուբլինին, իսկ մյուս երկրներն իրենց որոշման մասին կհայտարարեն ավելի ուշ։
Եվ ահա, ինչպես հայտնում են պաշտոնական աղբյուրները, հայտնի է դարձել, թե որ երկրներն են ճանաչելու Պաղեստինի անկախությունը։ 

Իսպանիան մայիսի 28-ին կճանաչի Պաղեստին պետության անկախությունըը։ Այս մասին հայտարարել է թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը՝ ելույթ ունենալով Մադրիդում Իսպանիայի պատգամավորների կոնգրեսում (խորհրդարանի ստորին պալատում)։ «Հաջորդ երեքշաբթի՝ մայիսի 28-ին, Իսպանիան Նախարարների խորհրդում կհաստատի Պաղեստին պետության ճանաչմանը»,- ասել է Սանչեսը։

Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը ևս հայտարարել է, որ երկիրը որոշել է ճանաչել Պաղեստին պետության անկախությունը։ Նորվեգիայի կառավարությունը հայտարարել է Պաղեստինը որպես ինքնիշխան պետություն ճանաչելու մասին, հաղորդում է NRK հեռուստաալիքը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն։ Որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 28-ից։

The Times of Israel-ը հայտնում է, որ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը հետ է կանչել Իռլանդիայում և Նորվեգիայում դեսպաններին խորհրդակցությունների համար՝ կապված Պաղեստինը որպես ինքնիշխան պետություն ճանաչելու այս երկրների որոշման հետ։ «Ես հստակ ուղերձ եմ հղում Իռլանդիային և Նորվեգիային. Իսրայելը թույլ չի տա, որ դա հանգիստ անցնի»,- ասել է Կացը՝ նախազգուշացնելով նմանատիպ միջոցների մասին, եթե Իսպանիան «հետևի Իռլանդիայի և Նորվեգիայի օրինակին»:

1974 թվականին ՄԱԿ-ը վերահաստատեց Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման, ազգային անկախության, ինքնիշխանության և փախստականների վերադարձի անօտարելի իրավունքները։ 1988 թվականին հռչակվեց Պաղեստին պետությունը, որը մասամբ ճանաչված է։

Հավելենք, որ եվրոպական պետություններից Պաղեստինի անկախությունը ճանաչել են Բուլղարիան, Հունգարիան, Կիպրոսը, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Չեխիան և Շվեդիան։ Ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ի 193 երկրներից 143-ը ճանաչում են Պաղեստինը որպես անկախ պետություն։