Համազգային աղոթք Թեհրանում՝ ի հիշատակ զոհված նախագահի (լուսանկարներ)

Համազգային աղոթք Թեհրանում՝ ի հիշատակ զոհված նախագահի (լուսանկարներ)

Իրանի մայրաքաղաքի հազարավոր բնակիչներ հավաքվել են Թեհրանի կենտրոնում գտնվող Էնգելյաբ հրապարակում, որպեսզի մասնակցեն մայիսի 19-ին ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցած պատվիրակության անդամների հոգու հանգստության համար աղոթքին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Իրանի հանգուցյալ նախագահի և նրա համախոհների հրաժեշտի արարողությունը գլխավորում է Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:

Հավաքի մասնակիցները սգո զգեստներով են, նրանց ձեռքերում զոհված նախագահի, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և պատվիրակության մյուս մահացած անդամների դիմանկարներն են։ Հանգուցյալների պատկերներով պաստառները միջոցառման մասնակիցները վերցնում են կամավորներից. վերջիններիս մոտ եղած դիմանկարների փաթեթները վերջանում են հաշված րոպեների ընթացքում:

Ներկաներից շատերը ծածանում են Իրանի դրոշը, իսկ սգո երթն ուղեկցվում է կրոնական և հայրենասիրական երգերով: Դեպի հրապարակ տանող ճանապարհին թեմատիկ ատրիբուտներով տաղավարներ են տեղադրվել։ Իրանական ավանդույթի համաձայն՝ կամավորները քաղցրավենիք ու խմիչք են բաժանում` կոչ անելով աղոթել հանգուցյալների համար։ Երթուղու երկայնքով տեղադրվել են նաև բուժկետեր, որտեղ հերթապահում են բժիշկները` անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար:

Զոհվածների հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մի քանի փուլով` տարբեր քաղաքներում։ Մայիսի 21-ին նրանց հրաժեշտ են տվել Թավրիզ և Կում քաղաքների բնակիչները, այնուհետև մարմիններն ուղարկվել են մայրաքաղաք, մայիսի 23-ին արարողությունը կանցկացվի Բիրջենդ քաղաքում, որից հետո նախագահի մարմինը կուղարկեն Մեշհեդ` նրա հայրենի քաղաք. այստեղ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Իմամ Ռեզայի դամբարանում։