Երբ առաջնորդվում են խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքով եւ նախկինների ավանդույթներով

Երբ առաջնորդվում են խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքով եւ նախկինների ավանդույթներով

Օրեր առաջ Հրազդանի համայնքապետարանի գրադարանների ՀՈԱԿ-ի տնօրեն Մարինե Եգորյանն ազատվել է աշխատանքից: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ աշխատանքից ազատման պատճառը համապատասխան կրթություն չունենալն է: Ինքը՝ Մարինե Եգորյանը, ասում է. «Ես աշխատանքից ազատվել եմ իմ սեփական դիմումի հիման վրա, ունեմ հաշմանդամ երեխա, հիմա ազատվում եմ, ինձ հարմար չէ աշխատելը… Հիմա երեխաս ավելի շատ խնամքի կարիք ունի, որեւէ խնդիր չկա, մարդ իրավունք չունի՞ աշխատանքից ազատվել»: Իհարկե, իրավունք ունի: Քաղաքապետարանից էլ հայտնեցին, որ Մարինե Եգորյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, ազատման հետ կապված՝ այլ տեղեկություն չկա: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի 5-րդ գրադարանի գրադարանավար Լուսվարդ Ամիրշատյանը:

Բայց բանն այն է, որ սա առաջին դեպքը չէ, երբ համայնքապետարանի աշխատակիցները, չունենալով համապատասխան կրթություն, զբաղեցնում են պաշտոններ: Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանն էլ էր քաղաքում առաջնորդվում խնամի, ծանոթ, բարեկամ, ընկեր, դասընկեր, թիմակիցներին աշխատանքի ընդունելու սկզբունքով եւ ազատում էր նախկին քաղաքապետի նշանակած կադրերին: Հիմա էլ «բարի ավանդույթները» շարունակվում են: Օրինակ՝ Սեւակ Միքայելյանը Սոլակ համայնքի վարչական ղեկավար է նշանակել մի մարդու, ով դիպլոմ չունի, սակայն լավ հող վարել գիտի: Կոտայքի մարզպետարանի ստուգումների արդյունքում, համայնքի ղեկավարի 14.09.2018թ. թիվ 156 կարգադրությամբ, «Հուղարկավորությունների կազմակերպման, գերեզմանատների պահպանման եւ շահագործման» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում նշանակվել է Պերճ Արզումանյանը, ով ունի միջին մասնագիտական կրթություն: Այժմ Արզումանյանը ՀՈԱԿ-ի տնօրեն է: Այլ օրինակներ էլ կան, եւ դա, անշուշտ, ազդում է աշխատանքի որակի վրա:

2024 թվականին Հրազդան խոշորացված համայնքն ընդամենը 1 սուբվենցիոն ծրագիր է ներկայացրել: Թերեւս նաեւ այս իրավիճակի պատճառով քաղաքապետ Սեւակ Միքայելյանը հասկացել է, որ քաղաքապետարանին փորձառու մասնագետներ են պետք, եւ վերջերս իրեն տեղակալ է նշանակել Կոտայքի մարզպետարանի նախկին աշխատակից Ռոբերտ Թումոյանին, ով տիրապետում է ՏԻՄ ոլորտի նրբություններին: Իսկ քաղաքապետի առաջին տեղակալը Վարուժան Սաֆարյանն է` Միքայելյանների ընտանիքի մտերիմը: Նա իր որդուն՝ Սեւակ Սաֆարյանին, տեղավորել է աշխատանքի «Հրազդան քաղլույս» ՀՈԱԿ-ում՝ որպես տնօրեն:

Իսկ ովքեր են համայնքապետարանի բաժնի պետերը. իրավաբանական բաժնի պետ Գարիկ Հակոբյանը եւ կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման եւ տրանպորտի բաժնի պետ Գեղամ Հակոբյանը քաղաքապետի ընկերներն են ու հորեղբոր որդիները: Տուրիզմի, առեւտրի, սպասարկման եւ գովազդի բաժնի պետ Գոռ Աբրահամյանը եւս քաղաքապետի ընկերն է: Գյուղատնտեսության եւ բնապահպանության բաժնի պետ Վահան Մեսրոպյանը քաղաքապետի ազգականն է: Քաղաքապետարանում Մեսրոպյան ազգանունով էլի աշխատակիցներ կան, նրանցից մեկը վարչական շենքի սպասարկման եւ պահպանման հիմնարկի տնօրեն Անդրանիկ Մեսրոպյանն է: Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ սոցիալական աջակցության բաժնի պետը Հասմիկ Հակոբյանն է, ով համայնքապետարանի նախկին ճարտարապետ Երվանդ Հակոբյանի կինն է: Նախկինում աշխատել է մարզպետարանում, իսկ քաղաքապետարան աշխատանքի է ընդունվել, երբ աշխատանքից ազատվեց Միքայելյանների խնամին՝ Զարիկ Վարդանյանը: Սակայն նշենք, որ Հասմիկ Հակոբյանն ունի համապատասխան կրթություն եւ լավ տիրապետում է ոլորտին: Քաղաքաշինության եւ հողաշինության բաժնի պետը Գուրգեն Հակոբյանն է, ով քաղաքապետի աջ ձեռքն է եւ քաղաքի հողերը տնօրինողը։