Սառույցը հալվու՞մ է․ Զելենսկին՝ ՌԴ-ի հետ բանակցությունների մասին

Սառույցը հալվու՞մ է․ Զելենսկին՝ ՌԴ-ի հետ բանակցությունների մասին

Կիևը չի ցանկանում Ռուսաստանին հրավիրել Շվեյցարիայում կայանալիք «խաղաղության գագաթնաժողովին», որպեսզի Մոսկվան չկարողանա խափանել այն․ ՌԴ-ին կներգրավվեն հաջորդ փուլում՝ միջնորդների միջոցով, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Reuters-ին տված հարցազրույցում։

«Նրանք (ռուսական կողմը) կարգելափակեն, կտապալեն ամեն ինչ և չեն հանդարտվի, մինչև չցուցադրեն պատերազմի ավարտի այս կամ այն ​​պլանը, որը կլինի վերջնագիր, ինչպես մենք բազմիցս տեսել ենք», - ասել է Զելենսկին՝ նշելով, որ առաջիկա գագաթնաժողովի «օրակարգը չի կարող լինել ռուսական»։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ Շվեյցարիայում նախանշված հանդիպման նպատակը կլինի մասնակից երկրների միասնական դիրքորոշում մշակելը երեք հիմնական հարցերի շուրջ, որոնց մասին Մոսկվան կտեղեկացվի ապագայում․ միջուկային անվտանգություն, նավարկության անվտանգություն Սև և Ազովի ծովերում, ինչպես նաև ուկրաինացի երեխաների վերադարձը և գերիների՝ «բոլորը բոլորի դիմաց» փոխանակումը»:

Հավելենք, որ Շվեյցարիայի գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 15-ից 16-ը, որին հրավիրված են 160 երկրների պատվիրակություններ: Միջոցառման մասնակիցները կքննարկեն նաև Զելենսկու «խաղաղության բանաձեւը», որը պարունակում է կետ 1991 թվականի սահմաններ ռուսական զորքերի դուրսբերման մասին։