Ոչնչացնել ու վարկաբեկել

Ոչնչացնել ու վարկաբեկել

Մի կողմից լավ է, որ հասարակությունն է իր միջից առաջնորդներ, հերոսներ ծնում եւ բերում ասպարեզ: Մյուս կողմից` ինչո՞վ են զբաղված քաղաքական, հասարակական գործիչները, որոնք չեն կարողանում առաջնորդել հանրությանը, նրան նպատակ ու գործողությունների ծրագիր ներկայացնել: Չէ՞ որ հասարակությունը, որպես կանոն, առաջնորդում են քաղաքական գործիչներն ու քաղաքական ուժերը եւ այդ պայքարի արդյունքում էլ հետո գալիս են իշխանության: Բայց մեզանում իշխանությունների երկարամյա ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ կուսակցությունները, կուսակցական գործիչները հիմնովին վարկաբեկվել են, ինչը քաոսային վիճակ է ստեղծել երկրում եւ ատելություն` ցանկացած կուսակցության եւ քաղաքական պայքարի նկատմամբ:

Դրա արդյունքում է, որ իշխանության ձգտող քաղաքական ուժին մեղադրում են իշխանության ձգտելու մեջ, մինչդեռ դա բնական պրոցես է, եւ բոլոր կուսակցությունները ստեղծվում են հենց այդ նպատակով: Եվ որեւէ գործչի վարկաբեկելու համար բավական է հայտարարեն, թե «աթոռակռիվ» է տալիս, «իշխանության կռիվ է, ոչ թե երկրի համար պայքար», եւ անմիջապես քաղաքական ուժը սկսում է արդարանալ, իսկ այդ ուժի համակիրները սկսում են նվազել: Նույն քրտնաջան «աշխատանք» իշխանությունները տանում են նաեւ լրատվամիջոցների դեմ` վարկաբեկելով ու նսեմացնելով նրանց աշխատանքը:

Մինչդեռ ԶԼՄ-ները գրեթե միակ զսպաշապիկն են «հաբրգած» ու պետության դեմ աշխատող իշխանությունների դեպքում: Բայց այս հետեւողական «աշխատանքը» հանգեցրել է նրան, որ քաղաքացին այսօր չգիտի՝ քաղաքական ուժերից որ մեկի հետեւից գնա, ԶԼՄ-ներից որ մեկին հավատա: Մինչդեռ կուսակցությունների եւ լրատվամիջոցների ինստիտուցիոնալ ոչնչացումը պետության ոչնչացում է նշանակում: Թերեւս հենց դա էլ ուզում է իշխանությունը: