Ալբինա Բուջատյան. Ներսիս դեւերին

Ալբինա Բուջատյան. Ներսիս դեւերին

Ես վատն եմ.
Իմ արյան մեջ ապրում է անունս
անունիս մեջ` անհունությունս, 
որ չի տեղավորվի քո փոքր 
բաժակի մեջ, նախշունս,
որից ով հասավ` խմեց,
կպավ ու փորձեց։ 

Քեզ շոյել են այնքան, 
որ տաշել են վերնաշերտդ,
հետո` տշել են դեմքիդ իրենց թքոտ սերը,
դու` լայն ժպիտով, 
մի թիզ թաց աչքով
կերել ես դրանց հրամցրած 
կտերը, 
որ հանկա՜րծ, ոչ մի րոպե 
սիրտդ չաղմկի` 
մենակության լացով։ 

Ես ահավորն եմ։
Միշտ ցույց եմ տալիս 
վատ կողմերս,
պարտադիր հարամում եմ 
լավ տեսարանները։
Կինոյի կեսից քացով ներս մտնող
անդուր գովազդ եմ,
գիշատիչ հովազ եմ`
ուտում եմ էմոցիաներ։
Անչափ վռազ եմ.
ուզում եմ ապրել,
Դեռ չխոսող լալիկի պես`
ձեռքս ամեն տեղ գցել, 
սիրտս` փռել ասֆալտին,
գոռալ` էստի՜ համեցեք, 
արաներ ու ախչիներ։
Փոխվել է Աստվածը 21-րդ դարի,
բայց ես Եվայից հետո 
էն երկրորդը կլինեմ,
որ ըմբոստի պես կկծի արգելված միրգն ու ...
մեզ էլի կրակը կգցի։ 

Ես չափազանց եմ։
Չգիտեմ` ինչ է սահմանն ու չափը,
մաթեմից կաղ եմ, 
խաղ եմ` առանց կանոնների,
ատում եմ ոսկե միջինը,
ատում եմ ոսկու միջինը
ասո՜ւմ եմ` 
սիրում եմ կյանքը,
անսպասելին, 
արագ ընթացքը, 
մեծն արկածը։
Սիրում եմ, երբ պառկած ես,
երբ պառկած եմ`
վրադ կամ կողքիդ,
սիրում եմ մտածել քո մասին 
գրել քո մասին
հորինել քեզ, 
եւ տեսարանի վերջում 
ամենակրածս`
սիրում եմ, երբ չկաս 
ու չես էլ եղել։ 

Ես վատն եմ.
Իմ արյան մեջ ապրում է անհունությունս, որ չի 
տեղավորվի քո փոքր 
բաժակի մեջ, նույնս։

***
Մի մեռիր
Երբ մենք այսքան նման ենք.
Ես ինձ անհարմար կզգամ
Այս նեղ ու փակ տարայում 
Մենակ ու կծկված
Ինչպես սատկած առնետ
Մի մեռիր 
Միայն ոչ այստեղ 
Ոչ այս կյանքում։ 

Մի մեռիր
Ես քեզ կնմանակեմ 
Նենց տիպիկ, 
Որ գուցե մեռնես` 
բայց խնդալուց 
Ոչ թե ուրիշ
Ոչ թե ուրիշ բանից
Ինչի՞ց
Դա թերեւս գիտենք միայն 
ես ու դու։
Մի մեռիր, հա՞
Ես գալիս եմ, ահա
Քեզ խուտուտ տալու։ 

Մի մեռիր
Ես կանեմ ամենը, 
Ինչ չուզում ես, 
եւ դու կտեսնես 
գաղտնիքներս բոլոր
Մի մեռիր, 
Դե լավ, 
Դա մոդայից դուրս է
Նոր բան հորինիր`
իբրեւ վերածնունդ։ 

Մի մեռիր
Քեզ հետ 
եւ առանց քեզ 
Ինձ անասելի տխուր է, 
Բայց անդադար ուզում եմ 
Տխրել քո կողքին
Մի մեռիր, 
Սեր իմ, 
Ես համր ու խուլ եմ,
Իսկ երբ մեռնես 
Կզրկվեմ նաեւ աչքերից։ 

Մի մեռիր
Երբ մենք այսքան նման ենք
Ես ինձ անհարմար կզգամ
Այս նեղ ու փակ տարայում 
Մի մեռիր 
Միայն թե ոչ այստեղ,
Ոչ ինձ վրա, 
Ոչ իմ կողքին 
Ոչ այս կյանքում։

***
Շատ հարազատի մոտ 
գալիս են շատ անշտապ,
շատ քնքշորեն,
զգույշ, 
կամաց,
վարպետորեն
շրջանցելով ցանկապատերը երկաթե,
փշալարերն արծաթե,
խոչընդոտները բաց։ 

Շատ հարազատի մոտ, 
շատ հարազատի հետ
բացվում է ներսդ`
վարդե կոկոնի նման,
արյունում է խոսքդ երբեմն`
կլպված վերքի նման,
եւ ջրի երկու կաթիլ որպես, 
աչքերը ձեր` ապակենման 
միախառնվում են 
եւ դառնում
մեկ` ընդհանուր օրգան։ 

Շատ հարազատի մոտ,
շատ հարազատի հետ
հենց այն 
համրախաղային,
խուլ-խաղաղային միմիկան է միայն,
որ պիտի ըմբռնես, 
բռնես շրթունքների շարժուձեւը նրա, 
քամես շնչած բառերն 
ու կուլ տաս
եւ զգաս, 
որ ծնվում ես էլի,
նորից
անդադար։ 

Այդ հարազատի մոտ գալիս են անշտապ, 
քնքշորեն,
զգույշ, 
կամաց
Այստեղ լցվում են 
զարմանալիորեն շատ երկար, 
եւ հեռանում
անպայմանորեն 
շատ արագ։

***
Ես կորցնում եմ քեզ։
Բոլորի մեջ, հերթով, 
բայց կորցնելուց առաջ
քեզ փաթեթավորում եմ՝
խնամքով այնպես, 
ասես վստահ եմ,
որ չես քանդվի մի օր, 
նոր մեկի մարմնում, 
հին մեկի գրկով։ 

Ես կորցնում եմ քեզ,
ոնց մայրը դեռ չմայրացած 
աննկատ վիժում է իր երեխային, 
ոնց սաղմը դեռ չմարդացած
մահանում է մոր մեջ,
եւ փլվում է երկինքը
երկրի տանիքին։ 

Ես կորցնում եմ քեզ,
ես ընկնում եմ վեր, 
բարձրանում եմ ցած, 
ես ուղիղ թեքվում եմ
դեպի հանդիպման վայր,
դեպի համբույրի համ, 
դեպի հպման մկան, 
դեպի շփման գիծ,
բայց ոչ պատերազմական։ 

Ես կորցնում եմ քեզ, 
տեղյա՞կ ես՝ որտեղ,
սրտի եւ արյան, 
արյան եւ անվան նեղ 
արանքներում, 
վայրում, ուր սիրով 
թաքցրել էի քեզ, 
վայրում, ուր այսօր ինքս եմ 
թաղում։ 

Ես կորցնում եմ քեզ։
Ասե՞մ ավելի կոպիտ, 
կներե՛ս, 
մեռնե՞մ ավելի մոտիկ, 
որ լավ տեսնես ինձ,
որ լավ հիշես ինձ,
սեւահողերի կողքին,
որպես քո վերջին,
որպես քո վերին 
մխիթարանքը հեզ։ 

Ես կորցնում եմ քեզ,
ոնց մայրը դեռ չմայրացած 
աննկատ վիժում է իր երեխային, 
ոնց սաղմը դեռ չմարդացած
մահանում է մոր մեջ,
եւ աղետ, 
փլվեց երկինքը
երկրի տանիքին,
իրար սպանելով՝
մեռանք իրար մեջ։

***
Ես զգում եմ քո կարիքը.
Եվ ես մրսում եմ ցրտին
Եվ ես քաղցում եմ անհագ 
Դե բեր, 
մի լավ փլվեմ քո տաք ուսերին, 
Մինչեւ ուշքի գամ
Կամ էլ գա ամառ։ 
Ես զգում եմ քո կարիքը.
Ոնց մահը մեռնողը, 
Ոնց պահը ծնողը, 
Երբ երեխային պատում է վտանգ։
Ես զգում եմ քո կարիքը
Եվ սա մեռնելիք է, 
Եվ սա մեռնելիք է
Արդեն քանի՞ դար ... 

Ես զգում եմ քո կարիքը,
Եվ սա արհավիրք է, 
Կամ կիրք, 
որից ահա ջահեր են վառված, 
Ես զգում եմ քո կարիքը, 
Ինչպես ներարկիչի 
ծակոցն ու հոսքը բարակ մաշկիս տակ։ 

Ես զգում եմ քո կարիքը
Եվ սա գուցե հերիք է. 
Անասելիք է զգացմունքն իմ 
եւ հա, 
Ես սգում եմ քո կարիքը,
Որ անհող ու աներկինք է, 
Ես զգում եմ քո կարիքը, 
Այն էլ քանի դար...

***
Ես լավ ընկեր եմ.
քեզ կներեմ այն, 
ինչը չի ներվում,
քեզ կներեմ այն, 
ինչին չեն մերվում։ 

Քեզ կբերեմ տուն,
ես քեզ կտամ կաթ,
եւ հաստատ
հատ-հատ արեւին կտամ
արցունքներդ խոշոր։
Ես լավ ընկեր եմ,
դե, ձեռքդ ինձ տուր։ 

Ես ճիշտ ընկեր եմ.
թեեւ ինձ ասել են`
սխալ ես վարվում,
էս դարում, հիմար,
հավատարմությունը 
արժեք ու կշիռ 
ուսերին չի առնում։ 

Ես կայուն ընկեր եմ,
թեեւ ընկել եմ
ու ոտքից գլուխ
կարմիր եմ, արյուն։
Ես քեզ թիկունքով, 
մարմնով պահել եմ,
պահում եմ, 
կպահեմ`
մինչեւ մահ ու քուն։ 

Ես մեծ ընկեր եմ, 
բայց ինձ մանրուքները 
երբեմն փշուր-փշուր են անում,
դա էլ նրանից, 
որ տվածս սերը 
տվածդ սիրուն չի համապատասխանում։ 

Ես լավ ընկեր եմ,
ես քո ընկերն եմ, 
քեզ ներում եմ այն,
ինչին չեն մերվում։
Ես քո ընկերն եմ,
ես լավ ընկեր եմ, 
քեզ ներում եմ այն,
ինչը չի ներվում։

***
հատակը ոտքերիս տակ 
փլատակ է 
իսկ դու ասում ես՝ կանցնի
հերթական անգամ 
ներսս դատարկ է, 
իսկ դու նորից կիսում ես կեսերիս։ 

ինչ-որ ձեւով ճանկում եմ ես 
բանտում փակված 
երազները իմ,
բայց առանց քեզ անձրեւը 
շատ տաք է,
իսկ դու ասում ես՝ դեռ կձմեռի։ 

իմ գարունները վազում են մոտդ 
նման՝ բակիդ հավատարիմ 
շներին, 
կողքիդ լինելը հարստություն էր,
իսկ դու նախանձում էիր չունեւորներին։ 

ես ծանր ծունր կգայի
քո առաջ,
քեզնից առաջ,
եւ հետո՝ քեզնից
ես ողջ աշխարհը փուլ կտայի
ես շուռ կտայի 
ներսիս դեւերին։ 

հատակը ոտքերիս տակ 
փլատակ է 
իսկ դու ասում ես՝ կանցնի
հերթական անգամ 
ներսս դատարկ է 
իսկ դու նորից կիսում ես կեսերիս։


«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ