Որ երկրներում են հայազգի նախագահներ պաշտոնավարել․ պատմական փաստեր

Որ երկրներում են հայազգի նախագահներ պաշտոնավարել․ պատմական փաստեր

«Հայերը, ամենախելացի, ամենակատարյալ ընտրասերված, 
ամենաբարձր զարգացած ցեղն են աշխարհում` քաղաքակրթվածության տեսանկյունից»:
ԼՈՈւՐԵՆՍ ԱՐԱԲԱՑԻ 
բրիտանացի հնէաբան, զինվորական, լրտես, գրող, հայատյաց գործիչ

Պատմական հանգամանքների բերումով, հաստատվելով օտար երկրներում, հայերը շատ հաճախ բարձրագույն պաշտոններ են զբաղեցրել այդ երկրների բանակներում, արքունիքներում, կառավարական համակարգերում եւ այլուր: Երբեմն հայերի ազդեցությունն այնքան մեծ է եղել, որ այդ երկրների որոշակի պատմական էպոխաներ պատմության մեջ են մտել Հայկական ժամանակաշրջան որակումով: Այդպիսի պատմական շրջաններ են եղել Բյուզանդիայի, Եգիպտոսի, Մոլդովայի, Բուլղարիայի եւ այլ երկրների պատմության մեջ: Վրաստանում հայկական ծագումով Բագրատիոնների թագավորական հարստությունը կառավարել է ավելի քան 10 դար: Անգլիացի բյուզանդագետ Բիսսելը Բյուզանդական կայսրությունն 8-րդ դարում անվանել է «Հայկական դար»: Նման պնդում է անում նաեւ Գ. Ֆինլեն, նշելով, որ «…այդ ժամանակ հույները, թե բանակում, թե քաղաքականության մեջ առաջնությունը զիջելով հայերին, երկրորդական դեր էին խաղում: Իսկ պետական բարձրագույն պաշտոնները զբաղեցրել էին հայերը»:

Ա. Պ. Կաջանի կարծիքով  XI—XII  դարերում հայերը Բյուզանդական կայսրությունում զբաղեցրել են ղեկավար պաշտոնների 10—15 %-ը: Հայկական ծագում են ունեցել բյուզանդական ազնվականության զգալի մասն, այդ թվում Կուրկուասները, Գավրասները (միջնադարում Գավրասները Ղրիմում հիմնել են Թեոդորո իշխանապետությունը), Լակապինները եւ այլք: Մի շարք վկայությունների համաձայն՝ հայերը Բյուզանդական կայսրությունում հիմնել են 7 կայսերական հարստություն. Հերակլիոսյան հարստությունը (610-711), Իսավրյան հարստությունը (717-802), Ամորական հարստությունը (820-867), Մակեդոնական կամ Հայկական հարստությունը (867-1056), Դուկերի հարստությունը (1059-1078), Կոմնինոսների հարստությունը (1081-1185) եւ Անգելոսների հարստությունը (1185-1204): Անդրոնիկ I Կոմնենոսի թոռներ Ալեքսեյը եւ Դավիթը, ովքեր կրում էին Մեծն Կոմնենոսներ տիտղոսը կանգնած էին Տրապիզոնի կայսրության գլխին  [Устян А. «Византийская империя и место в ней армян-халкидонитов»]:
Պատմաբան Կաստոն Վիետը Եգիպտոսի պատմության 1070-1163թթ. ժամանակաշրջանն անվանել է «Հայկական շրջան»: Ըստ արեւելագետ Կադրըմերի` ռազմական ու քաղաքական այդ ժամանակաշրջանի հայ գործիչներն էին, որ որոշ ժամանակով կանխեցին Ֆաթմանյան հարստության անկումը: Այդ տարիներին Եգիպտոսի վեզիրների պաշտոնը հաջորդաբար զբաղեցրել են հայեր: [Եգիպտոսի այդ շրջանում հայերի դերի մասին տես,  ՀՀՀ (Հայկական համառոտ հանրագիտարան) Հ. 2 (Երեւան 1995, էջ 75), «Հայ ժող. պատմություն» Հ. 3 (բազմահատորյակ) «Հայկական գաղթավայրեր» բաժինը եւ այլն]:
Սակայն վերոհիշյալ թեմաներին կանդրադառնանք այլ առիթով:  

Է. Լահուդ     
Լիբանան       

Ա․ Հաֆեզ
Սիրիա

Կ․Մենեմ
Արգենտինա

Ք․ Շամուն
Լիբանան

Է․ Պլուտարքոս
Մեքսիկա

Է․ Սարգիս
Լիբանան

Ֆ․ Սալաշի
Հունգարիա

Ա․ Թիեր
Ֆրանսիա

Ն․ Բուրջանաձե
Վրաստան

Ս. Էլիաս 
Նոր Զելանդիա

20-րդ դարում հայերը բարձրագույն պաշտոններ են զբաղեցրել Ավստրո-Հունգարիայում, Լիբանանում, Մեքսիկայում  եւ այլուր, դառնալով այդ երկրների թիվ մեկ պաշտոնյաները:  
Հայ եւ հայազգի գործիչները 3 անգամ Լիբանանում զբաղեցրել են նախագահի աթոռը; 
Առաջին անգամ հայազգի գործիչներից հայ-մարիոնետի ընտանիքում ծնված Ք. Շամունն է     1952-1958 թթ.-ին զբաղեցրել Լիբանանի նախագահի աթոռը: Նա աչքի է ընկել ծայրահեղ քրիստոնեական հայացքներով: Լիբանանում քաղաքացիական կռիվների ժամանակ համարվել է քրիստոնեական համայնքի կարեւորագույն առաջնորդներից մեկը: Իր հակաիսլամական հայացքների համար ստացել է «լիբանանյան խաչակիր» անվանում:

Լիբանանի հաջորդ  հայազգի նախագահ Է. Սարգիսն է, ով պաշտոնավորել է 1976-1982թթ.:  Իսկ 1998-2007-ին Լիբանանի նախագահի աթոռը զբաղեցրել է հայուհի Ադրինե Բաջակյանի որդի Լահուդ Էմիլ Ջամիլը, դառնալով Լիբանանի 11-րդ  նախագահ: 

Պետական հեղաշրջման հետեւանքով 1963-1966-ին Սիրիայի նախագահ է դարձել
սասունցի հոր եւ ազնվական ալավի (այլ տվյալներով՝ ղպտի) մոր ընտանիքում ծնված Հաֆեզ  Ամինը: Նա վարել է բացահայտ պրոքրիստոնեական քաղաքականություն, որի համար 1966 թ.-ին Սալահ Ջադիդի (սիրիացի զինվորական գործիչ) ճնշման տակ հեռացել է պաշտոնից եւ ստիպված լքել է Սիրիան: Ալավիների իշխանության գալով, 2005 թ.-ին վերադարձել է երկիր: Հաֆեզ Ամինը 12.11.1963-13.05.1964-ին եւ 04.10.1964-23.09.1965-ին զբաղեցրել է նաեւ Սիրիայի վարչապետի պաշտոնը:

Արգենտինայի նախագահի աթոռը 1989-1999 թթ.-ին զբաղեցրել է կաթոլիկ հայ, Սիրիայից ներգաղթած հայ-ալավիական ընտանիքում ծնված Կարլոս Մենեմը (Վիքիպեդիայի ռուսերեն բաժնում Կ. Մենեմի ընտանիքն իբր թե եղել է իսլամադավան, սակայն մուսուլմանական Սիրիայում նրա ծնողներ չէին կարող գինեգործներ լինել եւ կնքվելուց ինչու պիտի Մենեմը հայկական եկեղեցում կնքվեր): Նրա նախագահության տարիներին Արգենտինայի հայկական համայնքը դարձել է հայկական համաշխարհային լոբբիի գլխավոր ուժերից մեկը: 

1924-1928-ին`Մեքսիկայի նախագահ, իսկ 1928-1935-ին` երկրի փաստացի ղեկավարը եղել է Մեքսիկական բանակի գեներալ-մայոր, Եղիազար Գալուստյանի եւ հնդկա-իսպանական ծագումով մեքսիկուհու զավակ Պլուտարքո Էլիաս Կայեսը: Իր հայկական ծագման մասին հայտնել է ինքը` 1929-ին` Վաշինգտոնում, որի մասին հրապարակումներ են եղել ամերիկյան թերթերում [տե՛ս Մ. Վերածին, «Հայկական ծագումով մեքսիկացիներ. զորավար Գայյէս, զորավար Մորոնես եւ ուրիշներ», «Հայրենիք», Բոստոն, 3-4.04.1929]: Ըստ կենսագրականի` հրեական ծագում ունեցող Մարի դե Հեսուս Կամպուսանոյի եւ լիբանանցի Պլուտարքո Էլիասի ապօրենի որդին է: 

1944-1945-ին Հունգարիայի դիկտատորը, ղեկավար-վարչապետը, իսկ 1944 թ. նոյեմբերի 11-ից` Հունգարիայի ռեգենտը եղել է հայ եւ սլովակյան հունգարացու զավակ Ֆերենց Արտաշեսի Սալաշին (նախնիները՝ Սալոսսյան): [Հայկական ծագման մասին տես Т. Балл «История 20-ого века», Кембридж, 2003г., стр. 140, ● Мартин К. «Европа в период между войнами», 2006 г., стр. 456]: 

Ֆրանսիայի 2-րդ Հանրապետության վերջին, ապա Երրորդ Հանրապետության 1-ին նախագահ Լուի Ադոլֆ Թիերը (16.04.1797-03.09.1877) մայրական կողմից ունի հայկական արմատներ: Նրա պոլսեցի մայրական տատի անունը եղել է Համիկ  [Թիերի հայկական ծագման մասին տես «Ապագա» (Փարիզ) (15.12.1935, 17.12.1935), «Հառաջ» (12.09.1958)]:
Հայկական արմատներ ունի նաեւ Էրզրումցի հայուհու եւ թուրքի զավակ Թուրքիայի 4-րդ նախագահ Գյուրսել Ջեմալը (1895-14.09.1966): [Հայկական ծագման մասին տես, Տ. Հայազն, Գ. Ղազարյան, «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ», Երեւան, 2009, էջ 629]:

Ժամանակավորապես Նոր Զելանդիայի բարձրագույն՝ գեներալ-նահանգապետի պաշտոնը 22.03-04.04.2001-ին, 04.08-23.08.2006-ին, 23.08-31.08.2011-ին, օգոստոս-28.09.2016-ին զբաղեցրել է Մինաս Էլիասի եւ վալլոնուհու (ուելսցու) ընտանիքում ծնված Էլիաս Սիանը (Սրբուհի):

Ժամանակավորապես՝  23.11.2003-25.01.2004-ին եւ 25.11.2007-20.01.2008-ին, Վրաստանի նախագահի պարտականությունները կատարել է վրացի հոր եւ հայուհու դուստր Նինո Անզորի Բուրջանաձեն: [Ն. Բուրջանաձեի հայկական ծագմանն անդրադարձել են Hayk media-ն (27.08.2019), «Собеседник Армении»-ն (02.05.2013) եւ այլն լրատվականներ];

1897-ին Բադենի կառավարության անկումից հետո, Ավստրո-Հունգարիայի նախագահի պարտականությունները կարճ ժամանակով իրականացրել է Դավիթ Աբրահամովիչը: [Դ. Աբրահամովիչի հայկական ծագման մասին տես «Հանդես ամսօրյայ», 1899, էջ 157● Водовозов В. В. Абрагамович, Давид // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907]:
15.07.1964-09.12.1965-ին՝ ԽՍՀՄ ԳԽ նախագահի՝ երկրի բարձրագույն ղեկավարի պաշտոնը, զբաղեցրել է Անաստաս Միկոյանը: 

Մենք չանդրադարձանք կասկածելի հայկական ծագում ունեցող եւ մամուլում հիշատակված մի շարք երկրների բարձրագույն պաշտոնները զբաղեցրած գործիչներին: Այդ գործիչների թվում հիշատակվել են Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլին, Սիրիայի նախագահ Բաշար  Ասադը, Թուրքիայի մի շարք նախագահներ եւ այլք: Այս գործիչներից առավել հաճախ վեճերի առիթ է տվել 1923-1953-ին ԽՍՀՄ ղեկավար Ի. Ստալինի ծագման մասին քննարկումները: Ա. Անտոնով-Օվսեենկոն «Տիրանի դիմանկարը» (Մոսկվա, 1995թ.) գրքում վկայակոչելով բազում փաստեր, ինչպես նաեւ գենոլոգների կարծիքը` նշում է, որ Ստալինը տիպիկ հայ է: Ալ. Լապշինը «Ճակատագրական բախում» (Մոսկվա, 1997թ.) գրքում նշում է, որ նրա մայրը` Կետոն (Կեկան) վրացացած հայուհի է, իսկ հայրը` թիֆլիսցի կոշիկի գործարանատեր Ադիլխանովը, որոնց ապօրենի կապի արդյունքում ծնվել է Ստալինը: Ակադեմիկոս Լյուդվիգ Միրզոյանը պնդում է, որ Իոսիֆ Ջուղաեւին Ցխինվալիի հայկական եկեղեցում մկրտել է Սահակ Տեր-Խախանյանցը, ինչը պնդում է նաեւ Վ. Համբարձումյանի տուն-թանգարանի տնօրեն, աստղաֆիզիկոս Գրիգոր Բրուտյանը, իսկ գիտության դոկտոր Պիոն Հակոբյանը հավաստում է, որ սբ. Էջմիածինում եղել է Ի. Վ. Ստալինի մկրտության վկայականը: [«Голос Армении», 06.03.2007]:

Գագիկ ԱՐԾՐՈւՆԻ