«Ժառանգությունը» քաղաքական միջամտություն է պահանջում Սիրիայում մնացած հայության փրկության ուղղությամբ

«Ժառանգությունը» քաղաքական միջամտություն է պահանջում Սիրիայում մնացած հայության փրկության ուղղությամբ

«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում շահագրգիռ ուժերին՝ քաղաքական կուսակցություններից մինչև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, հնարավորինս սեղմ ժամկետներում հավաքվել կլոր սեղանի շուրջ և քննարկել սիրիահայությանը պատուհասած օրհասական իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքերը: Այս մասին ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:



Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.



«1896-1923թթ. Ցեղասպանության հետևանքով աշխարհով մեկ սփռված հայ ժողովուրդը կանգնած է մի նոր լրջագույն մարտահրավերի առջև: Սիրիայում արյունալի իրադարձությունների հետևանքով այդ երկրի հայ համայնքի գերակշիռ մեծամասնությունն արդեն լքել է ռազմական գործողությունների գոտին: Սակայն ISIS իսլամ ծայրահեղական ռազմականացված կազմակերպության գործողությունների արդյունքում Սիրիայում դեռ մնացող շուրջ 20 հազար հայերին և հատկապես՝ Հալեպում կենտրոնացած շուրջ 13 հազար մարդու գլխավերևում կախված է լիակատար բնաջնջման վտանգը: Նույնը սպառնում է նաև մյուս քրիստոնյա և եզդի փոքրամասնությանը:



Վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ ՀՀ իշխանություններն անկարող ու անպատրաստ եղան ապահովելու Սիրիայի հայ համայնքի համակարգված և կազմակերպված տարհանումը Հայաստան, այդ թվում՝ Արցախ: Մինչդեռ հայ ժողովուրդը, ի տարբերություն 20-րդ դարասկզբի ցեղասպանության տարիների, արդեն ունի իր անկախ պետականությունը, որի ուղղակի պարտականությունն է ապահովել, որպեսզի այլևս երբեք հայ ժողովրդի ցեղասպանություն տեղի չունենա:



Ավելին՝ Հայաստանի Հանրապետությունը կարող է և պետք է յուրահատուկ առաքելություն ստանձնի միջազգային ասպարեզում՝ պայքարելու նաև ցանկացած այլ ժողովրդի, էթնիկ կամ կրոնական խմբի դեմ նորանոր ցեղասպանությունների կանխման համար:



Ցավոք, Հայոց ցեղասպանության անպատիժ մնալը տարածաշրջանում քաղաքական և կրոնական խնդիրները՝ նորանոր ցեղասպանությունների, էթնիկ զտումների և արտաքսումների միջոցով «լուծելու» պատճառներից մեկն է: Իսկ մարդատյաց այս մարտավարության կրողների և նրանց հովանավորների գործողությունները սպառնում են կայունությանը ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում:



Հայ ժողովուրդը երախտագիտությամբ է լցված Սիրիայի արաբ ժողովրդի հանդեպ՝ նախորդ դարասկզբին թուրքական յաթաղանից մազապուրծ հազարավոր հայերին ապաստան տալու համար: Սակայն այսօր թե՛ հալեպահայությունը և թե՛ ինքը՝ Սիրիայի արաբ ժողովուրդը, կարիք ունեն այնպիսի լուծումների, որոնք կբացառեն խաղաղ բնակչությանը՝ որպես ահաբեկիչների դեմ կենդանի պատվար, օգտագործելու մարտավարությունը:



«Ժառանգությունը» Հայաստանի Հանրապետության փաստացի իշխանություններից և համահայկական կառույցներից պահանջում է քաղաքական, դիվանագիտական, ֆինանսական գործուն միջամտություն իրականացնել Սիրիայում մնացած հայության փրկության ուղղությամբ:



Մենք նաև կոչ ենք անում շահագրգիռ ուժերին՝ քաղաքական կուսակցություններից մինչև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, հնարավորինս սեղմ ժամկետներում հավաքվել կլոր սեղանի շուրջ և քննարկել սիրիահայությանը պատուհասած օրհասական իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքերը»: