Ամեն օր պատերազմ է

Ամեն օր պատերազմ է

Ասում են՝ Պոտսդամի կոնֆերանսին Ստալինը խոսել է համաձայնությունների մասին, որ թույլ կտան գոնե 50 տարի Եվրոպան զերծ պահել պատերազմից:
Պատերազմն ընթանում էր անգամ Պոտսդամի կոնֆերանսի օրերին: Եվ հետագա տասնամյակներում ոչ մի օր չի դադարել: Աշխարհում ամեն օր պատերազմ է: Եթե հրանոթները լուռ են, պատերազմում է դիվանագիտությունը: Պատերազմում են հատուկ ծառայությունները: Պատերազմում են սպորտը, մշակույթը, արվեստը, գրականությունը: Անգամ կենցաղավարությունն է պատերազմում:



Իհարկե, այդ ամենը ծավալվում է «վարագույրից այն կողմ», տեսանելի, ավելի ճիշտ՝ ըմբռնելի չէ, բայց դրանից ոչինչ չի փոխվում: Ավելին, վատ է, երբ չենք կարողանում հատիկը զատել հարդից, չենք տեսնում, որ ազգերի եւ պետությունների պատմությունը գրվում է հաղթանակից հաղթանակ կամ պարտությունից պարտություն մատրիցայով:
Ազգերը պատրաստվում են պատերազմի, որովհետեւ պատերազմ չեն ցանկանում: Պարադոքս է, բայց դա այդպես է: Եթե երրորդ համաշխարհային պատերազմ չի սկսվել, շնորհակալ պետք է լինել ատոմային ռումբի հեղինակին:



Որովհետեւ միջուկային տերությունները կաշկանդված են փոխադարձ հարվածի սպառնալիքով: Իրան-Արեւմուտք հարաբերությունների ապասառեցման բանալին Թեհրանի միջուկային ծրագիրն է: Եթե հնարավոր չէ ուժով տապալել կրոնապետությունը, նրա հետ պետք է նստել բանակցությունների:
Կանցնի եւս մեկ տասնամյակ, Իրանը կդառնա միջուկային «ակումբի» անդամ երկիր: Եվ միջուկային զենքի զսպաշապիկը Խաղաղ օվկիանոսից մինչեւ Ատլանտյան, Հնդկականից մինչեւ Հյուսիսային սառուցյալ ճեղք չի ունենա, գլոբալ պատերազմի սպառնալիքը եւս մի որոշակի չափով կնվազի, բայց, ցավոք, պատերազմը կդառնա միջազգային «առօրյա»:
Օրական քանի՞ մարդ է զոհվում Սիրիայում, Իրաքում, Եմենում: Եվ դեռ ինչքա՞ն է տեւելու այդ «մսաղացը»: Եվ կա՞ երաշխիք, որ աշխարհում թեժ կետեր այլեւս չեն ստեղծվելու: Ոչ ոք չգիտի, թե ինչ է սպասվում Կենտրոնական Ասիային, երբ ամերիկացիները վերջնականապես կհեռանան Աֆղանստանից:



Ամեն օր պատերազմ է: Աշխարհում ոչինչ չի փոխվում: Մակեդոնացին հելլենիզմի անունից էր հպատակեցնում: Այսօր խոսվում է գլոբալ աշխարհակարգից, որ ինչ-որ տեղ մշակվել եւ հիբրիդային պատերազմի միջոցով ներդրվում է: Երեկ մասնատվեց ԽՍՀՄ-ը, հետո՝ Հարավսլավիան:
Այսօր մասնատվում է Ուկրաինան: Եվրոպայում դիմակայության գիծն անցնում է Կիեւի Կրեշչատիկով: Քառորդ դար առաջ դա Բեռլինի պատն էր: Իսկ Եվրոպայում Պոտսդամից հետո պատերազմ չի եղել: Ֆորմալ պատերազմ չի եղել, բայց Ռուսաստանը պարտվել է: Եվ ձգտում է հնարավորինս ապահովագրվել նոր կորուստների սպառնալիքից:
Ամեն օր պատերազմ է, ապագան՝ մշուշոտ: Իսկ մեր տնաբույս ստրատեգ-վերլուծաբանները, ինչպես 150 տարի առաջ, շարունակում են գուժել Թուրքիայի մոռալուտ մասնատումը: Թե որն է դրանից մեր շահը, այնքան էլ պարզ չէ: Ավելին, մեկնաբաններից մեկն էյֆորիայի մեջ մի վայրկյան լրջացել-հարց է տալիս. «Իսկ եթե միայն քրդերը շահե՞ն», բայց հաջորդ պահին էլ մոռանում է: Չէ՞ որ կործանվողը Թուրքիան է: Եվ եթե անգամ դրանից միայն քրդերն են շահելու, իսկ մենք ունենալու ենք մի անկանխատեսելի հարեւան, ապա «մտահոգվել չարժե, անկցի Թուրքիան, իսկ հետո՝ թեկուզ ջրհեղեղ»:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ