Համամասնական ընտրակարգի մի թերության մասին

Համամասնական ընտրակարգի մի թերության մասին

Հիմա, երբ ավելի քան ռեալ է թվում ԱԺ գալիք ընտրությունների համամասնական կարգով անցկացումը, կարելի է պնդել, որ մոտ ապագայում էլ ավելի է մեծանալու կուսակցությունների դերակատարությունը հնարավորինս լավ եւ պրոֆեսիոնալ օրենսդիր մարմին ձեւավորելու գործում: Բայց մյուս կողմից էլ վտանգ է առաջանում, որ կարող ենք ունենալ այնպիսի ԱԺ, որի պատգամավորներն ամենեւին էլ չդիտվեն որպես ժողովրդի ընտրյալներ: Խոսքը կուսակցական ցուցակների կազմման մասին է, պրոցես, որին ժողովուրդը չի մասնակցում, բայց ընտրությունների ժամանակ ձայն է տալիս՝ կարդալով առաջին մի քանի անունները: Իսկ ի՞նչ է տեղի ունենում ընտրություններից հետո: Առաջին անունները, իմա՝ ժողովրդի ընտրյալները, գնում են այլ պաշտոնների կամ հրաժարվում են մանդատից, եւ նրանց տեղը լցվում է ցուցակի հետին հորիզոնականների մարդկանցով, որոնք ցուցակ են խցկվել չգիտես ինչ ճանապարհներով ու սկզբունքներով:
Առաջարկում եմ կուսակցություններին օրենքով պարտադրել՝ ցուցակներում ընդգրկել այն մարդկանց, որոնց հանդեպ ժողովուրդն առնվազն հակակրանք չի տածում: Այսինքն, այնպես անել, որ հանրությունը որոշակի մասնակցություն ունենա կուսակցական ցուցակների ձեւավորմանը եւ այդ ցուցակներում իր ապագա պատգամավորների վարկանիշային հերթականությանը: Հակառակ պարագայում չի բացառվում, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը դառնա 100 տոկոսանոց անպատասխանատու ԱԺ-ի ձեւավորման հիմք:



Գաղտնիք չէ, որ մեր շատ կուսակցություններում ցուցակները կազմում են կուսակցապետերը, երբեմն նաեւ՝ նրանց տեղակալները, որպես կանոն՝ ըստ իրենց քիմքի ու ճաշակի: Դա ճի՞շտ է: Իհարկե՝ ոչ: Ինչո՞ւ պետք է ընտրություններով ԱԺ ձեւավորող ժողովուրդը մեկ էլ տեսնի, որ, ԱԺ-ում բազմած, քիթ է քչփորում մի մարդ, որին ինքը ոչ միայն չի ընտրել, ոչ միայն չի ճանաչում, այլեւ չի տեսել: Իմ շատ սիրելի Հեղինե Բիշարյանի փեսային քանի՞ մարդ էր ճանաչում: Բայց նա պատգամավոր է, այն էլ՝ այնպիսի բարդ խմբակցության, ինչպիսին ՕԵԿ-ն է, որ ԱԺ մտավ որպես ՀՀԿ-ի բարոյական թեւ, իսկ հիմա ընդդիմություն է ձեւանում:



Իսկ այս առումով ի՞նչ է կատարվում ԲՀԿ-ի հետ: Հիմա նույնիսկ հարկային տեսուչները չեն կարող ջոկել, թե Ծառուկյանի ցուցակ մտած անկապ դեմքերն իրականում որ խմբակցությունների հետ են նստում-վեր կենում, ինչպես են քվեարկում ու ինչով են, առհասարակ, զբաղված: Ծառուկյանի կողմից անպատասխանատվություն չէ՞ր, արդյոք, այսքան պատահական մարդու ԱԺ բերելն ու «բրախելը»:
Գանք Սերժ Սարգսյանին ու նրա ցուցակին: Ես ավելի քան վստահ եմ, որ այդ ցուցակն առնվազն 60-70 տոկոսով այլ կլիներ, եթե նախապես, մինչեւ համամասնական կարգով ԱԺ ընտրություններին ներկայացվելը, անցներ ժողովրդի ձեռքով: Ժողովուրդն էլ մի կողմ՝ այդ ցուցակն զգալիորեն այլ կլիներ, եթե նույնիսկ դրա շուրջ նորմալ քննարկում լիներ ՀՀԿ-ում: Մինչդեռ…



Օրերս Խոսրով Հարությունյանը մի հարցազրույց էր տվել «Առավոտին» եւ մի լավ մուննաթ եկել լրագրողի վրա, թե ինչպե՞ս կարող է երկու ամիս Հայաստանում ապրած մարդը դառնալ պատգամավոր: Ենթադրենք՝ ինքը ճիշտ է ասում, եւ բարեփոխումների փաթեթով սահմանվող ժամկետն էլ՝ 5 տարի պետք է ապրած լինես Հայաստանում, ընդունելի է: Դե, եթե պատգամավոր դառնալու համար 5 տարին պարտադիր է, ապա մի՞թե ավելի պարտադիր չէ, որ կուսակցապետերը ժողովրդին այնպիսի պատգամավոր դեմ չտան, որին ժողովուրդը տանել չի կարողանում: Ի՞նչ է նշանակում, օրինակ, դատարկ դհոլին խորհրդարան բերելը: Իսկ Հայաստանում քանի՞ հոգի ձայն կտար նորանկախ Հայաստանի բոլոր ժամանակների մեծագույն ինտրիգան եւ իր կուսակցության ղեկավարի գլուխը կերած Հայկ Բաբուխանյանին: Եվ, վերջապես՝ քանի՞ հետեւորդ ունի ինքը՝ Խոսրով Հարությունյանը, որպես Քրիստոնեադեմոկրատական շարժման լիդեր Հայաստանում: Բա ինչպե՞ս պատահեց, որ նրանք այսօր պատգամավոր դարձան, այն էլ՝ իշխող կուսակցության կողմից: Միայն չասեք, որ ՀՀԿ ցուցակի 20-ական հորիզոնականներում նրանց անունները տեսնելով՝ ժողովուրդը ձայն տվեց: Նաեւ վստահ եմ, որ այս տրիոյից բացի էլի պատահական մարդիկ կան ՀՀԿ ցուցակում, որոնցից խորշում են անգամ հանրապետականները: Սակայն ԱԺ վերջին ընտրություններից երեքուկես տարի անց էլ չգտնվեց մի ՀՀԿ-ական, որ բարձրաձայներ այդ տխուր իրավիճակը: Շեֆն է այդպես ցանկացել, հասկանո՞ւմ ես:



Ի՞նչ անել, որ ցուցակների կազմության գործում ժողովուրդը մասնակցություն ունենա: Շատ բան, թերեւս, հարկավոր չէ: Պետք է ընդամենը ընտրարշավները կազմակերպել այնպես, ինչպես դա անում են, օրինակ, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն: Ամենեւին էլ պարտադիր չէ, որ ժողովրդի հետ հանդիպումներին ներկայանա միայն Սերժ Սարգսյանը եւ ԱԺ ընտրությունները վերածի իր ընտրությունների: ՕԵԿ-ի բոլոր նախընտրական միտինգներին Արթուր Բաղդասարյան են խաղացնում, իսկ ԲՀԿ-ի նախընտրական քարոզարշավներն էլ ուղեկցվում էին բացառապես Գագիկ Ծառուկյանով, ով ամեն գյուղ մտնելիս հետը տրակտոր ու տուկի թել էր տանում: Դե արի ու այսքանից հետո հասկացիր՝ ով կա ցուցակում: Լիդերներն իրենցով փակում, քողարկում են անարժաններին, հետո նրանցով լցնում խորհրդարանը:



Ինչքան էլ ասենք՝ ընտրությունների համամասնականն է լավ, միեւնույն է, ընտրողը պետք է ճանաչի ընտրվողին: Ուրեմն պետք է վերջինիս գոնե մեկ անգամ ցույց տալ ընտրողին, խոսեցնել ընտրողի առաջ, ու եթե բան է՝ ընտրողը ձու կամ լոլիկ նետի նրա վրա, ապա վերցնել ու նրա անունը ջնջել ցուցակից. մեծն քաղաքական գործիչ Մանվել Գրիգորյանի ասած՝ ով ուզըմ ըլի, ինչ ուզըմ ըլի: