Պատերազմից հետո Գազայում փլատակների մաքրումը 14 տարի կտևի․ ՄԱԿ

Պատերազմից հետո Գազայում փլատակների մաքրումը 14 տարի կտևի․ ՄԱԿ

Գազայի հատվածում ռմբակոծություններից ու մարտերի հետևանքով եղած փլատակների մաքրումը կպահանջի առնվազն 14 տարի:Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակին:

ՄԱԿ-ի գնահատականներով՝ Գազայի հատվածում մարտերը հանգեցրել են շուրջ 37,5 միլիոն տոննա փլատակների գոյացմանն ամբողջ անկլավում։ 

Դրա մեծ մասը լի է չպայթած ռումբերով և այլ զինամթերքով, իսկ մաքրելու համար կարող է պահանջվել առնվազն 14 տարի: Ամենաշատ տուժած շրջանները գտնվում են Գազայի հյուսիսում, որին հաջորդում են Խան Յունիսը հարավում, Դեյր ալ-Բալահը Գազայի կենտրոնում և Ռաֆահը ամենահարավային անկլավում, որը իսրայելական ուժերը ժամանակին անվանել են «անվտանգ գոտի»:

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի վերջին զեկույցում նշվում է նաև, որ Գազայում արագ աճող հոգեկան առողջության ճգնաժամ է։

«Ավելի քան 200 օրվա անողոք բռնությունն ու ավերածությունները ավելի են խորացրել հոգեբանական-սոցիալական կարիքները [Գազայում], հատկապես ավելի քան մեկ միլիոն երեխաների շրջանում, որոնք ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատմամբ հոգեկան առողջության, հոգեբանական և սոցիալական աջակցության կարիք ունեն», - փաստաթղթից մի հատված մեջբերելով հայտնել է հեռուստաալիքը։