Լոկալ հեղափոխության դասերը

Լոկալ հեղափոխության դասերը

Հուլիսի 27-ին մի շատ հետաքրքիր բան կատարվեց, որ մեզ ակամա հիշեցրեց 2008 թվականի մարտի 1-ը: Հիշո՞ւմ եք, երբ Լևոն Տեր-Պետրոսյանին տարան տուն, իսկ Ազատության հրապարակում հավաքված ցուցարարներին ուժի կիրառմամբ հանեցին տեղից: Բայց, ի տարբերություն մարտի 1-ի, երբ Տեր-Պետրոսյանին տանելուց հետո ամբիոնից չհեռացան նախօրդ օրերի հռետորները. հուլիսի 27-ին ՊՊԾ գնդի գրավման հետ կապված շարժման առաջնորդներից մի քանիսի ձերբակալումը կատաստրոֆիկ նշանակություն ունեցավ: Համաձայնեք, որ Հուլիսի 27-ի երեկոյան մենք ականատես էինք մի բանի, որն արդեն շատ քիչ կապ ուներ հուլիսի 24-ի, 25-ի, 26-ի հանրահավաք-երթերի հետ:



Որքան էլ տհաճ է սա շատերի համար, պետք է ասեմ, որ հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը ՀՀ ոստիկանությունը գործեց հստակ՝ որևէ ուժ չկիրառելով Խորենացու փողոցում աղմկող մի բուռ երիտասարդների նկատմամբ:



Իսկ ինչ վերաբերում է երիտասարդներին, ապա պետք է նշել, որ նրանք շատ ավելի խելացի գտնվեցին քան նախորդ օրերի նրանց շատ առաջնորդներ, որոնցից մի քանիսը, ցույցի էներգետիկան տեղը պահելու նպատակով, նույնիսկ հարթակից էին հայհոյախառն բացականչություններ անում՝ առանց մտածելու դրանց հետևանքների մասին:



Հիմա, երբ բավականին բան իր տեղն է ընկել, թույլ տվեք այդ հերոս առաջնորդներին ասել՝ հիմա տեսա՞ք ով ում «սիկտիր» արեց: Եվ, առհասարակ, երբ համարում ես որ քո պայքարը քաղաքակիրթ պայքար է ու մանավանդ քաղաքական, ապա պետք է մնալ այդ երկու հասկացությունների շրջագծում՝ անկախ այն բանից, թե ով է կանգնած քո դեմ:



Չէի ցանկանա անդրադառնալ Պավել Մանուկյանի և նրա որդու վիրավորման միջադեպին: Դա չպետք է տեղի ունենար: Մի բան միայն ընդգծեմ՝ այն որ որդին, արհամարհելով կրակոցները, շտապել է վիրավոր հորը օգնության ու կանգնել նրա կողքին, ոչ միայն հայեցի ու հայերեն է, այլև՝ իսկական ապտակ բոլոր այն պատեհապաշտ առաջնորդներին, որոնք ուղղակի փախան՝ փողոցում թողնելով մարդկանց: Չասեմ միտումնավոր արեցին: Պարզապես այն առաջադրանքը որ նրանք ունեին՝ գնդի գրավումից հետո՝ «խիպիշ» սարքել փողցում, մարդ հավաքել գլխներին, նրանց թույլ չէր տալիս սթափ մտածել ու չբարդացնել առանց այն էլ բարդ իրավիճակը: Շարժման հարթակում այդպես էլ չերևաց մի խելացի մարդ, որ հանրությանը փորձեր հասկացնել պահի լրջությունը և հարցը խաղաղ կարգավորելու հրամայականը: Չթողեցին: Ես չեմ կարող պատկերացնել, որ Ժիրայր Սեֆիլյանը կամ Ալեք Ենիգոմշյանը չէին հասկանում, որ գնդի ներսում փակված 20-30 մարդով, որոնց նույնիսկ հաջորդ կես քայլը հայտնի չէր, չէին կարողանալու հեղաշրջում կամ այսպես կոչված իշխանափոխություն իրականացնել երկրում: Փոխարենը ամեն ինչ արվեց, որ զինված խմբի և իշխանության միջև ծագած խնդիրը դառնա գրեթե անհաղթահարելի:



Եվ ամենևին էլ պատահական չէր, որ այս շարժումը Ֆեյսբուքից ու Խորենացու փողոցին հարող Սարի թաղից այնկողմ չանցավ: «Ժողովուուուուրդ, մեզ են միացել քաջարի սարիթաղցիները, Սարի թաղ, Սարի թաղ... սիկտիր, սիկտիր»,- ինքնամոռաց բղավում էին առաջնորդները, և սա այն դեպքում, երբ այդ նույն առաջնորդներն այն աստիճան հավ էին, որ չէին էլ մտածել, որ գնդում կարող էր հոսանքը անջատվել, հեռախոսակապը ընդհատվել կամ սնունդը վերջանալ: Նրանց թվում էր, թե իրենց կոչերով կկարողանան այդ «հասարակ» հարցերը լուծել: Ավաղ... Հետո պարզվեց, որ միայն Սասունցի Դավիթը կկարողանար Քուռկիկ Ջալալին հեծած սնունդ հասցնել «Սասնա ծռերին»: Էպիկական էր այդ տեսարանը, հուզիչ՝ հատկապես հարթակի ապուշների ֆոնին:



Ի՞նչ եմ առաջարկում:



Շարունակել բանակցությունները գնդի տարածքի մարդկանց հետ, թողնել, որ փողոց դուրս եկած երիտասարդները ինքնակազմակերպվեն, դադարեցնել թուրքական մեթոդներով մարդկանց բերման ենթարկելու արատավոր պրակտիկան և օրենքը մինչև վերջին ստորակետի ճշտությամբ կիրառել թե բանտերում և թե ՊՊԾ գնդում նստածների նկատմամբ: Այլ ճանապարհ, քան օրենքի կիրառումն է, չկա տաք գլուխներին, պատեհապաշտներին ու գործակալներին հասկացնելու համար, որ իրենք գործ ունեն պետության հետ:



Բայց, եթե մենք հասել ենք այն կետին, որ օրենք կիրառելն արդեն տհաճ է իշխանությունների համար, ապա դա նշանակում է, որ մեր իշխանությունները հոգնած են և չեն հասկանում, որ նման ևս մեկ ցնցում, և իրենք ինքնասիկտիր կլինեն, քանզի այլևս չի լինի այն երկիրը, որտեղ կկարողանան ուզածներն անել:



Էդիկ Անդրեասյան