Ինչու Իրանի նախագահը չայցելեց Թուրքիա

Ինչու Իրանի նախագահը չայցելեց Թուրքիա

Նոյեմբերի 11-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարեց, որ նոյեմբերի 28-ին տեղի է ունենալու Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի այցը Թուրքիա, որի ժամանակ կայանալու էր նրա եւ նախագահ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այցը, սակայն, չկայացավ, եւ սա բավականին շատ խոսակցությունների, տարատեսակ վարկածների ու կասկածների առիթ տվեց, թեեւ պաշտոնապես հայտարարվեց, որ այցը կկայանա այն բանից հետո, երբ տեղի ունենա պաղեստինա-իսրայելական հակամարտության ներկա էսկալացիայի հարցով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը, որպեսզի երկու նախագահները կարողանան քննարկել այդ նիստի արդյունքները։

Առաջին վարկածի համաձայն, նախագահ Ռաիսիի՝ Թուրքիա այցի չեղարկումն ունի առեւտրատնտեսական պատճառներ։ Ըստ փորձագիտական ամենատարածված կարծիքի, Թեհրանում սպասում են, որ Անկարան դադարեցնի Իսրայելի հետ ուղիղ կամ անուղղակի առեւտրային հարաբերությունները։ Սակայն Անկարան հասկացնում է, որ ունի տարբերակված մոտեցում քաղաքական եւ կոմերցիոն հարցերի առնչությամբ։ Ի դեպ, որ այս վարկածը բավական իրատեսական է, անուղղակի հաստատում է նաեւ այն, որ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ նախագահ Ռաիսիի՝ Թուրքիա այցելության հետաձգումը կապ չունի Թուրքիա-Իսրայել առեւտրատնտեսական հարաբերությունների հետ։ Մյուս կողմից, հնարավոր է, որ Իրանն անհանգստացած է Թուրքիա-Ադրբեջան առեւտրային ուղիով, որն անցնում է իր հյուսիսային սահմանով եւ կարող է խնդիրներ ստեղծել Իրան-Հայաստան անխոչընդոտ երթեւեկության համար։ Իհարկե, պաղեստինաիսրայելական ներկա էսկալացիան ղարաբաղյան հակամարտությամբ պայմանավորված այս խնդիրը երկրորդ պլան է տեղափոխել, սակայն Թեհրանն աչքաթող չի անում այս հարցը։ Հաջորդ վարկածը վերաբերում է քաղաքական ոլորտին։ Ըստ այդմ, հետաձգելով կամ չեղարկելով այցը Թուրքիա՝ նախագահ Ռաիսին փորձում է ճնշում գործադրել Էրդողանի վրա, որպեսզի վերջինս Գազայի սեկտորում տիրող իրավիճակի առնչությամբ ավելի կոշտ դիրքորոշում որդեգրի։ Բանն այն է, որ Գազայի սեկտորում պատերազմը երեւան հանեց այն հակասությունները, որոնք առկա են Անկարա-Թեհրան հարաբերություններում։ Հնարավոր է, որ նրանց միջեւ սկսվի մրցակցություն՝ ՀԱՄԱՍ-ի վրա ազդեցության մասով։ Այնուամենայնիվ, եթե շարունակենք պաշտոնական վարկածին հետեւել, ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել, եւ առաջիկայում այցն ամեն դեպքում կկայանա։