Ես խոստովանահայր չեմ, բայց…

Ես խոստովանահայր չեմ, բայց…

Հիմա ո՞վ է հիշում թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունը: Հայեր, ձեզ եմ հարցնում՝ դուք հեղափոխությո՞ւն եք արել… Համարձակ, ավելի համարձակ, դե՞… Փառք Աստծո, կադրերը պահպանվել են, ձեզնից շատերն էլ այնտեղ դեմքով երեւում են: Այսօր մեկը չկա, որ հայտարարի՝ այո, ես հեղափոխական եմ: Նիկոլ, կոնկրետ դու հեղափոխակա՞ն ես: Չէ, ինքը հեղափոխության առաջնորդ է: Իսկ ո՞ւր են հեղափոխականները: Պողոս, ձայն հանիր, խոսիր, այ տղա, ասա, որ դու հեղափոխական ես, հեղափոխություն ես արել, բան ես փոխել… Լռություն: Այսպես էլ բան կլինի՞, ոչ ոք չի ուզում մեղքի տակ ընկնել:

Բայց ես ձեռ չեմ քաշելու, այնքան եմ բզբզելու, մինչեւ մեկնումեկն ազնվորեն խոստովանի, թե ինքն ու իր նման տասնյակ հազարավորներ ինչու էին 2018 թվին դուրս եկել փողոց եւ ինչ էին ուզում անել: Իմ իմանալով՝ հեղափոխության համար հեղափոխական իրավիճակ է պետք: Այդ ի՞նչ իրավիճակ կար 2018-ին, եթե դրանից ընդամենը մեկ տարի առաջ հարյուր հազարներով գնացիք ընտրատեղամասեր եւ քվեարկեցիք գործող իշխանության օգտին: Ի՞նչ փոխվեց մեկ տարում: Նիկոլ, այս հարցը նաեւ քեզ է ուղղված: 2017-ի ապրիլին քո մի քանի հոգանոց ֆրակցիայով մտար խորհրդարան ու անգամ ընտրությունների արդյունքը չվիճարկեցիր: Բա չիմանա՞նք՝ այդ ինչ տեղի ունեցավ, որ մեկ տարում դարձար հեղափոխական:

Հեղափոխությունը պետք է նաեւ շարժիչ ուժեր ունենա: Ովքե՞ր կամ որո՞նք են 2018թ. թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխության շարժիչ ուժերը: Հարցն այլ կերպ ձեւակերպեմ՝ ո՞վ կամ ի՞նչը Նիկոլին տարավ Գյումրի, ո՞վ ծրագրեց Գյումրի-Երեւան երթը, որին սկզբում հումորով էինք վերաբերվում, իսկ երբ Երեւանում Ֆրանսիայի հրապարակը փակվեց, ու դա հանդուրժվեց ոստիկանության կողմից, պարզապես զարմացանք: Հետո արդեն ամեն ինչ խառնվեց իրար, ու այդ խառնիփնթոր վիճակում սկսեցին փողոցներ փակել, առանց պետհամարանիշի ավտոմեքենաներով երթեր անել, սիգնալ տալ, Ռադիոտուն ջարդել… Մի խոսքով՝ խուլիգանություն անել: Եթե դա խուլիգանություն չէր, այլ հեղափոխություն, թող այսօր մեկը կանգնի ու հայտարարի, որ ինքը մասնակից է եղել այդ ամենին: Լռություն…

Մի քանի ամիս առաջ դեռ խոսում էին, թե բա մենք բոլորովին այլ սպասումներով էինք միացել հեղափոխությանը, մենք խաբվեցինք եւ այլն, եւ այլն: Ոչ, չեք խաբվել, ոչ էլ այլ սպասումներ եք ունեցել: Դուք փողոց եք դուրս եկել անկարգություններ անելու, ձեր դժգոհությանը հագուրդ տալու համար: Լափն էլ հո կար․ քյաբաբ, շաուրմա, հոթ-դոգ… Հիմա կասեք՝ սա էսքան բան որտեղի՞ց գիտի, չէ՞: Գիտեմ, տեսել եմ: Ես էլ հո ձեզ նման «հեղափոխություն» չէի անում:

Շրջում էի, տեսնում, հետաքրքրվում: Սկզբում կարծում էի՝ լափի փողը նաղդ են տալիս ձեզ: Հետո մտածեցի՝ չէ, որ սրանց փող տաս, կտանեն տուն, ուրիշ բանի վրա կծախսեն, ժամերով կծլկեն իրադարձությունների թատերաբեմից: Ու մեկ էլ տեսա հաշիվը փակող «փոդրատչիին», որ կրպակից վերցնում էր ուտելիքն ու բաժանում հերթում սպասող 10-15 «հեղափոխականներին»: Ո՞վ է կերել այդ բրդուճներից, ձայն հանեք… Կիեւում, Մայդանի օրերին, ամերիկյան էմիսարներն անձամբ էին ուտելիք բաժանում: Երեւանում հատուկ հայ մարդիկ էին ընտրվել այդ գործի համար: Սա էլ հոգեբանության հարց է, հայկական հոգեբանության, մի քիչ էլ՝ խոհանոցի եւ նախասիրության: Եվ այս ամենը միասին կազմում էին 2018թ. «հեղափոխության» շարժիչ ուժե՞րը: Ոչ, իհարկե: Գլխավոր շարժիչ ուժն ուրիշ տեղ էր, փողն ուրիշ տեղից էր գալիս, գործողություններն ուրիշ տեղից էին կազմակերպվում, ուրիշ ձեռագիր կար, ուրիշ նպատակներ եւ դրանց շուրջ հավաքված անգաղափար ու որկրամոլ լյումպեն:

«Թավշյա հեղափոխությունը» հաղթեց, ի վերջո, Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն: Ասում են՝ հաղթողներին չեն դատում: Եվ ուրեմն՝ ո՞ւր են հաղթողները: Պողոս, դու հաղթե՞լ ես: Այ տղա, բա մի հատ առաջ արի՝ շնորհավորենք: Չէ, Պողոսն առաջ չի գալիս: Նիկոլ, գուցե դո՞ւ առաջ գաս, չէ՞ որ գերագույն գլխավոր հաղթողը դու ես: Մարդիկ էլ կտեսնեն, կոգեւորվեն: Լռություն, ոչ մի շարժում… Ի՞նչ ասեմ, բնական է: Այդպես էլ պետք է լիներ, եթե դու չես ծրագրել «հեղափոխությունը», եւ այն տեղի է ունեցել քո կամքից անկախ, հեղափոխությունների օրենքներին հակառակ: Ինչ-որ քեռիներ հարցրել են՝ Նիկոլ, կարո՞ղ ես վարչապետ աշխատել: Սա ասել ա՝ հա: Էն ո՞նց էին մեզ ընդունում կոմերիտմիության շարքերը, հիշո՞ւմ եք: Մի երկու հարց են տվել, մի երկու պայման դրել առաջը, ու Նիկոլն ասել է՝ հա: Դե անգաղափար լյումպենն ուրիշ ի՞նչ կարող էր ասել:

Հեղափոխություններին, սովորաբար, հաջորդում են կայունացման գործընթացներ: Իշխանափոխությունից հինգուկես տարի անց մեզ մոտ ոչ միայն ոչինչ չի կայունացել, այլեւ ավելի է անկայունացել, ընդ որում՝ բոլոր առումներով՝ քաղաքական, տնտեսական, հասարակական, գիտական, մշակութային, կենցաղային… Իսկ պատերազմն էլ ավելի է խճճել բիրդան «հեղափոխականների»՝ էն գլխից չունեցած ծրագրերը: Վարի են տվել ամեն ինչ, քանզի պետություն ղեկավարելն իրենց խելքի բանը չէր: Նիկոլը մի բառ էր գտել՝ ժողովրդավարություն, եւ այդ բառով էր բացատրում իրենց անհաջողությունները: Դա էլ հիմա մոռացան, որովհետեւ Նիկոլի պատկերացրած ժողովրդավարությունը, ասացեք խնդրեմ, տարբերվում է այդ հասկացությունից: Ալավերդի, Գյումրի, Երեւան… Ժողովրդավարություն՝ բացառապես իշխանության «հաղթանակով» պսակված, այսինքն՝ գեղցու ժողովրդավարություն, քյոխվեն պիտի մերը լինի՝ սա է Նիկոլի ժողովրդավարությունը: Պողոս, դու այս հինգուկես տարում մի քանի անգամ վարչապետ պիտի դառնայիր, ի՞նչ եղավ, ինչո՞ւ չդարձար: Պողոս, քո տղան իր ուժերով պետք է նախարար ու պատգամավոր դառնար, ի՞նչ եղավ, ինչո՞ւ չդարձավ: Ձեռքդ թափ մի տուր, Պողոս, այլ խոստովանիր, որ Նիկոլի ու նրա խմբակի համար փողոց ես փակել, անկարգություններ ես արել, ընդհուպ՝ խուլիգանություն: Չե՞ս խոստովանում: Դու գիտես, Պողոս: Այսօր չես խոստովանում՝ վաղը կխոստովանես, երբ տեսագրությունը կդնեն դեմդ, ու դու քեզ կճանաչես: Ու եթե միայն խուլիգանության համար դատվես, դա ուղղակի հաջողություն կլինի քեզ համար: Ճիշտ է, դեռ ապացույցներ չկան, որ դու ես հանձնել Արցախն ու քանդել երկիրը, որ դու ես 5 հազար մարդու զոհվելու պատճառ դարձել, բայց շատ էլ անհոգ մի եղիր, որովհետեւ Նիկոլի մոտ դրա բոլոր ապացույցները կան, իսկ Նիկոլը մի օր ճաղերի հետեւում է լինելու եւ իր կաշին փրկելու համար հանձնելու է բոլոր «հեղափոխականներին»: