Արտահերթ ընտրություններում իշխանության նոր խորհրդանիշը կլինի սղոցը

Արտահերթ ընտրություններում իշխանության նոր խորհրդանիշը կլինի սղոցը

Չնայած Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ չի պատրաստվում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպել, բայց հասարակության մեջ հաստատ համոզում կա, որ նրա ասածները միշտ պետք է հասկանալ հակառակ իմաստով, չի եղել մի դեպք, որ նա մի բան ասի, ու դրա հակառակը չլինի: Բայց նրա ինչի՞ն են պետք նոր ընտրությունները, երբ իր եւ ՔՊ-ի վարկանիշը ոչ թե զրոյական է, այլ դրանից ցածր: Հերթական ընտրություններին դեռ երկուսուկես տարի ժամանակ կա, եւ տրամաբանական կլիներ, եթե նա փորձեր այդ երկուսուկես տարին ձգեր իր իշխանությունը եւ միայն այդ ժամկետից հետո փորձեր ինչ-որ բան ձեռնարկեր սեփական իշխանությունը երկարաձգելու համար: Բայց Փաշինյանի տեսակետից արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն այնքան էլ անտրամաբանական չէ, հակառակը՝ խիստ անհրաժեշտ է:

2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններին նա գնաց արցախյան 44-օրյա պատերազմի պարտության եւ կապիտուլյացիայի բեռն ունենալով: Այն ժամանակ Փաշինյանն այդ պարտության մեղքը գցում էր նախկինների վրա. նրանք են թալանել բանակը, երկիրը զրկել պաշտպանունակությունից, պատերազմի ընթացքում կազմաքանդել դիմադրությունը, քարոզել պարտություն եւ աջակցել թշնամուն, որ հաղթի՝ ռեւանշի նպատակով, որպեսզի իրեն հեռացնեն իշխանությունից, իսկ իրենք վերադառնան իշխանության: Այն ժամանակ նա քայլում էր պողպատե մուրճով, որով իբրեւ թե ոչնչացնելու էր նախկիններին եւ երկիրը փրկելու էր նրանց ազդեցությունից: Կարելի է ասել, նա իր խոստումը կատարեց`ամբողջովին Ադրբեջանին հանձնեց Արցախը եւ արցախյան հաղթանակի ալիքի վրա իշխանության եկած նախկիններին զրկեց վերադառնալու հնարավորությունից: Ի՞նչ պետք է ասեն Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը`վերադառնանք իշխանության, որ փրկե՞նք Արցախը, Փաշինյանն այնպես է արել, որ փրկության որեւէ հույս չկա, կամ շատ քչերը կհավատան դրա հնարավորությանը:

Նոր արտահերթ ընտրությունների սիմվոլը կարող է լինել սղոցը. Փաշինյանն այս անգամ հանդիպումների կարող է գնալ սղոցը ձեռքին եւ հայտարարել, որ պատրաստվում է կտրել այն պարանը կամ ճյուղը, որը Հայաստանը կապում է Ռուսաստանին: Նոր արտահերթ ընտրությունների քարոզարշավի քարոզչական զենքը լինելու է հակառուսականությունը. Հայաստանը Ռուսաստանից ազատագրելու եւ Հայաստանի ինքնիշխանությունը վերահաստատելու իշխանության որոշումը: Եթե մինչեւ հիմա Հայաստանի բոլոր անհաջողությունների եւ ձախողումների մեղավորն ու պատասխանատուն նախկիններն էին, որոնք թալանում էին երկիրը, զրկում նրան զարգացման հեռանկարից, եւ միայն նրանց ոչնչացնելու դեպքում էր հնարավոր Հայաստանի առաջընթացը եւ նրա քաղաքացիների բարեկեցիկ ու երջանիկ կյանքը, ապա հիմա Հայաստանի զարգացման եւ հզորացման խոչընդոտ հռչակվելու է Ռուսաստանը:

Փաշինյանը կոչ է անելու ձայն տալ իրեն եւ իր կուսակցությանը, որ իրենք կարողանան Հայաստանն ազատագրել Ռուսաստանի ճիրաններից, կարողանան վերականգնել Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանն ինտեգրել Եվրամիությանը, որը հնարավորություն կտա զարգացնել Հայաստանի տնտեսությունը, ստանալ միլիարդների ներդրումներ, արդիականացնել երկրի ենթակառուցվածքները, ՀՀ քաղաքացիները կունենան առանց վիզայի ԵՄ երկրներ այցելելու հնարավորություն, մի խոսքով՝ ներկա դժոխքը շատ արագ կվերածվի դրախտի:
Արդյոք հայ հասարակությունն էլ ականջները կախ կլսի՞ այս խոստումները, կոգեւորվի՞ նման վարդագույն հեռանկարով եւ կվազի՞ ընտրատեղամասեր, որ օգնի Նիկոլ Փաշինյանին՝ իր հորինած երազը վայրկյան առաջ վերածելու իրականության: Մի փոքր զանգված, իհարկե, կարող է եւ խաբվել, բայց հասարակության մեծամասնությունն այնքան է ատում Փաշինյանին, որ ոչ միայն չի հավատում նրա որեւէ խոսքին, այլեւ նույնիսկ չի էլ լսում նրան, որ հավատա: Շատերի մոտ Փաշինյանի ձայնն ալերգիկ ցան է առաջացնում, սրտխառնոց եւ գլխապտույտ, որի բուժման համար ժամանակակից բժշկությունը որեւէ դեղատոմս չունի, եւ բժիշկները նման խնդիրներից խուսափելու համար ուղղակի խորհուրդ են տալիս հեռու մնալ հեռուստացույցից կամ սմարթֆոնից: Արդար ընտրություններով հաղթելը բացառվում է: Փաշինյանը հասկանում է, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ից հետո իր միակ զենքն ընտրակեղծիքն է, ինչ էլ խոստանա՝ 5 տոկոսից ավել ձայն չի ստանալու, մնում է այդ 5-ից առաջ կամ հետո մի 5 էլ ավելացնել եւ հայտարարել, որ հաղթել է 55 տոկոսով: 

Բայց եթե պետք է արտահերթ ընտրություններում հաղթի ընտրակեղծարարությամբ, ի՞նչ իմաստ ունի կազմակերպել դրանք, ավելի լավ չի՞ լինի, եթե հանգիստ եւս 2-2,5 տարի պաշտոնավարի, հետո ընտրություններ կեղծի: Չէ, որովհետեւ ընտրությունները հարմար է կեղծել հիմա, ավելի ճիշտ՝ հաջորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին: Նախ Փաշինյանը հայտարարում է, որ միջազգային հանրությունն աջակցում է իրեն, այսինքն՝ ԵՄ եւ ԱՄՆ պետքարտուղարության մի քանի չինովնիկներ իրեն ասել են, որ ինչ ընտրակեղծիք էլ ինքն անի, միեւնույն է՝ ծափ են տալու եւ ասելու են, որ Հայաստանը հերթական խոշոր քայլը կատարեց ժողովրդավարության ճանապարհին: Իսկ եթե քարոզարշավն ընթանա Ռուսաստանից ազատագրվելու քարոզչության հիմքով, կարելի է անգամ 5 տոկոսանոց արդյունքը ոչ թե տասնապատկել, այլ քսանապատկել եւ ասել, որ Փաշինյանը ստացել է ընտրողների 100 տոկոսի քվեն: Ինչպե՞ս կարելի է բաց թողնել նման պատեհ առիթը:

Մինչեւ 2026 թվականի հունիս սպասել չի կարելի, քանի որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտն արդեն գրեթե տեսանելի է. ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ ԵՄ-ն այլեւս նախկին էնտուզիազմով չեն աջակցում Ուկրաինային, իսկ եթե մյուս տարեվերջին ԱՄՆ-ում հաղթանակ տանեն հանրապետականները, ինչն այս պահին ամենահավանական սցենարն է, ապա Ուկրաինային աջակցությունն ընդհանրապես կդադարեցվի, եւ նրան կստիպեն խաղաղության կամ զինադադարի պայմանագիր ստորագրել: Այդ պայմաններում որեւէ մեկին հետաքրքիր չի լինի Փաշինյանի հակառուսական քարոզչությունը, Հայաստանը Ռուսաստանի ճանկերից կամ արյունոտ երախից ազատագրելու փաշինյանական խոստումները: Արտահերթ ընտրությունները պետք է անցկացնել մինչեւ ամերիկյան նախագահական ընտրությունների քարոզարշավի սկիզբը, մինչեւ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը, դրանից հետո Փաշինյանն ու նրա իշխանությունն այլեւս որեւէ մեկին հետաքրքիր չեն լինելու, դրանից հետո գուցե ԱՄՆ-ն ինքը Փաշինյանին հրի Ռուսաստանի գիրկը, ԱՄՆ նոր վարչակազմին ավելորդ խնդիրներ ու հոգսեր պետք չեն լինի, հանրապետականները կողմ են սեփական ռեսուրսները սեփական երկրի խնդիրների լուծման վրա ծախսելուն:

2024 թվականին արտահերթ ընտրություններ կազմակերպելով եւ այդ ընտրություններում սեփական հաղթանակը հայտարարելով, Փաշինյանը հնարավոր է, որ չկարողանա եւս 5 տարով երկարաձգել սեփական իշխանությունը, բայց նա կարող է հույս ունենալ, որ ունենալով իշխանություն եւ պաշտոնավարման բավական մեծ ժամկետ՝ կարող է այն փոխարինել սեփական անվտանգության եւ արանքը ճղելու երաշխիքներով:

Ավետիս Բաբաջանյան