Նիկոլ Փաշինյանի «զինանոցը» սպառվել է, անցել է ամենաբութ գործիքներին

Նիկոլ Փաշինյանի «զինանոցը» սպառվել է, անցել է ամենաբութ գործիքներին

Օրեցօր ադեկվատությունը կորցնող Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական հենարան ՔՊ կուսակցությունը լծվել են Տավուշի սահմանների պաշտպանությունը ստանձնած Բագրատ Սրբազանի անունն ու հեղինակությունը «մրոտելու» գործին։ Փաշինյանը հիմա էլ իր կեղտոտ գործիքակազմից ընտրել է ամենաբութն ու անհաջողը և քսի տվել Սրբազանի ուղղությամբ։

Լեզու է առել և արքեպիսկոպոսի դեմ խոսում է վարչապետի շվաքի տակ հով լռված ոմն տաքսիստ՝ Արսեն Պետրոսյան անունով, ով Փաշինյանի թեթև ձեռքով դարձել է Էջմիածնի քաղաքապետի տեղակալ և իր բախտի վրա զարմացած՝ շարունակում է ամուր պահել այդ պաշտոնը։ Երկրի և հատկապես Էջմիածնի համար ոչինչ չարած այս իշխանիկը տերերի պատվերը կատարելու և նրանց հաճոյանալու համար ֆեյսբուքյան գրառում է արել և իր կարծիքն արտահայտել Բագրատ սրբազանի և նրա հայրենանվեր գործի մասին։

Գրագիտության հետ անհաշտ մարդուկն իրեն իրավունք է վերապահել գնահատական տալ Կիրանցում կատարվող դեպքերին և զարմանալ Բագրատ սրբազանի «միամտության» վրա, որին, ըստ նրա՝ իր արտաքին տերերը համոզել են, թե՝ հաջողելու են։ «Ինչպե՞ս են կարողացել նրա արտաքին տերերը միամտացնել ու համոզել, որ իրենց կազմակերպած հակապետական արշավը հաջողելու է՝ զարմանալի է»,-մտքի գոհարներ է շաղ տվել այս վայ-պաշտոնյան։Նրան զարմացրել է սրբազանի՝ այս կամ այն ձևաչափով հաղորդումներին մասնակցելու «հանդգնությունը». «Բագրատ սրբազանն այնքան վստահ է իրեն զգում, որ լինելով հոգևորական, մասնակցում է այնպիսի հաղորդումների, որոնք մշտապես համեմված են ծայրաստիճան լկտիությամբ և ցինիզմով, ու չի էլ վախենում հանրային պարսավանքից, որովհետև մտածում է՝ հաջողելու են, բայց վստահաբար կարող եմ պնդել, որ սրանք իրենց տերերով հանդերձ ձախողելու են»,-գրել է իրեն մեծ մարդու տեղ դրած մարդուկը։

Արսենպետրոսյանները երևի չեն հիշում Նիկոլ Փաշինյանի հայհոյանքները նախընտրական հանդիպումների ժամանակ, նաև՝ ԱԺ ամբիոնից։ Մոռացել են երկրի ղեկավարին ոչ հարիր բառապաշարը՝ ընտրողների հետ շփվելիս։ Իսկ Արսեն Պետրոսյանը նաեւ մոռացել է իր անմիջական շեֆի՝ Դիանա Գասպարյանի և Սուրեն Պապիկյանի սկանդալային գաղտնալսված զրույցը, որտեղ Դիանան անկեղծացել էր․«Հանուն պետության ինքը պիտի գնա, իրան տարել ա, իրա հոգեկանը չի դիմանում», այդ զրույցի ժամանակ նա բողոքել էր Պապիկյանին։

Երեկվա տիկտոկյան հայտնությունից հետո Նիկոլ Փաշինյանի անհավասարակշիռ հոգեվիճակի մասին խոսում են գրեթե բոլորը, անգամ իր թիմակիցները, բայց քանի որ իշխանական փափուկ կյանն ու յուղոտ պարգևավճարները նրանց համար առավել են հայրենիքից ու նրա պաշտպանությունից, լծվել կատարելու իշխանական ստոր պատվերը եւ վարկաբեկելու հայրենիքի համար անհավասար կռիվ մղող անձանց։ Արսեն Պետրոսյանն իր գրառման մեջ նույնիսկ սպառնում է չներել՝ անկախ կարգավիճակից, իսկ վերջում, ընդօրինակելով իր տիրոջը, կոչ է անում՝ վեր ընկնել տեղներն ու չզբաղվել ազգի պառակտմամբ։

Արսեն Պետրոսյանին երևի պետք է պարբերաբար հիշեցնել իր անցյալն ու անցած  ճանապարհը, որ անուն ու հեղինակություն ունեցողներին անվանարկելուց առաջ երկար մտածի, թե` ով է ինքը եւ ովքեր են Տավուշի համար կռիվ տվող սրբազանն ու մյուսները: Եթե իհարկե՝մտածելու գործիք ունի։

Արեգ Մարգարյան