Ինչ սպասել Միրզոյան-Բայրամով Ալմաթիի առաջիկա հանդիպումից 

Ինչ սպասել Միրզոյան-Բայրամով Ալմաթիի առաջիկա հանդիպումից 

Ինչպես արդեն հայտնի դարձավ նախօրեին, առաջիկայում Ղազախստանի Ալմաթի քաղաքում, ղազախական կողմի առաջարկով, տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Աստանայից արդեն հնչում են հայտարարություններ, որ իրենք հարթակ տրամադրողն են ու կողմերին հյուրընկալողները եւ որեւէ կերպ չեն ազդելու բանակցությունների վրա: Հավելում են նաեւ, որ եթե Ղազախստանում ստորագրվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը, ապա դրա էֆեկտը կզգան բոլորը։ 

Ուշագրավ է, որ այս մասին տեղեկատվության հանրայնացման ֆոնին ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ ունեցավ Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւի միջեւ։ Այստեղ ուշագրավ է նաեւ, որ հեռախոսազրույցները տեղի են ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ եւ կարծես թե Միացյալ Նահանգները որոշակի անհանգստություն ունի, որ իր արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի միջոցով քննարկման նյութ է դարձրել Բրյուսելում ապրիլի 5-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումն ու Երեւան-Բաքու բանակցային գործընթացը։ Հետաքրքիր զուգադիպությամբ եւ Բաքուն, եւ Երեւանը այս մասին են սինխրոն ձեւով հիշատակում։ Փորձենք հասկանալ, թե ինչու է անհանգիստ Միացյալ Նահանգները, ինչ ակնկալիքներ պետք է ունենալ Ալմաթիի առաջիկայում հանդիպումից եւ առհասարակ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից։ 

Ինչպես իր վերլուծականում նկատել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը, Միացյալ Նահանգների անհանգստությունը հասկանալի է, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների Ալմաթիի առաջիկա հանդիպումը կարող է նշանակել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունները Արեւմուտքից վերստին հետ են գալիս հետխորհրդային տարածք, որը կարող է Արեւմուտքում մեկնաբանվել, որ Հարավային Կովկասի ապագայի հետ կապված տեղի է ունենում որոշակի աշխարհաքաղաքական վերափոխում, որով վերստին առաջին պլան են գալիս Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հայտնի հայտարարությունները, որոնք ստորագրվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին։ Սա իր հերթին, ըստ Տարասովի, նշանակում է, որ Արեւմուտքի ջանքերը մեղվում են երկրորդ պլան։ Ու նման իրավիճակում, բնական է, որ Բլինքենը նախքան Ալմաթիի հանդիպումը փորձում է Փաշինյանին եւ Ալիեւին զոնդաժ անել` նոր ռեգիոնալ-գեոպոլիտիկ կոմբինացիայի ձեւակերպման նախաշեմին։ Ղազախստանը, հիշենք, որ հետխորհրդային տարածքում բավականին ազդեցիկ երկիր է, որն արդեն ունի փորձառություն խաղաղության հարթակ դառնալու՝ ի դեմս Սիրիական կարգավորման Աստանյան ֆորմատի, որը մեծ հաշվով ծառայեց, որպեսզի Ռուսաստանը Թուրքիայի եւ Իրանի հետ ձեռք ձեռքի տված, ամրանան Սիրիայում եւ դրանով բավականին լուրջ նեղվածություն ստեղծեն Արեւմուտքի եւ հատկապես՝ Միացյալ Նահանգների համար։ 

Սա նկատի ունենալով, չի կարելի բացառել, որ Ալմաթիի հանդիպումը Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորման գործընթացում որոշակի տեղաշարժ կարող է առաջացնել դրական իմաստով։ Նման հնարավորություններ իրապես գուցեեւ գոյություն ունեն, այլապես, ըստ Տարասովի, Բլինքենը չէր որոշի զոնդաժ անել Փաշինյանին ու Ալիեւին։ Իսկ ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական կարգավորմանը, ապա կարելի է ասել, որ գործընթացի շղթայում Ալմաթիի գործընթացը շղթայի օղակներից մեկն է, իսկ գործընթացը շատ ավելի ծավալուն ու բարդ է, քան փորձում են ներկայացնել Երեւանում եւ Բաքվում։