Հիսուսն էլ առաջնորդի, Նիկոլը արատավորելու է․․․

Հիսուսն էլ առաջնորդի, Նիկոլը արատավորելու է․․․

Այս իշխանության գոյության առաջին օրվանից գործել է շանտաժի, արատավորման մեխանիզմը։ Պառակտել են ժողովրդին, հետո սկսել «գլուխ բարձրացնողին» արատավորել, «գործ կարել», ձերբակալել։ Վեց տարի նույն գործողության մեջ են։ Հասել են այն աստիճանին, որ չեն խնայում Բանակը, Եկեղեցուն։ Օրինակներով չեմ խոսելու, որովհետև դրանք բազմահազար են, բազմաճյուղ, բազմաթև։ Վեց տարվա ընթացքում քաղաքականությունից հեռու, խուլ գյուղում ապրող մարդու աչքերն էլ բացվել են ու տեսնում են, թե ինչ է կատարվում։ Տավուշի թեմի Առաջնորդի նվիրվածությունը, անձնազոհությունն իր հոտին սրբազան, Աստծո կողմից օրհնված գործ է։ Թեմի առաջնորդի գործը ո՞րն է, եթե ոչ իր հոտի անվտանգությունն ապահովելը, իր հոտին տեր կանգնելը, մխիթարելը։ Առավել ևս, երբ պետական այրեր չկան, ու իրեն պետություն հռչակած իշխանությունը սինխրոն աշխատում է թշնամու հետ ու հայրենիքը մաս- մաս հանձնում։ Նման դեպքում, եթե իշխանությունը ժողովրդինն է, աթոռին նստածը պիտի կանգնի ժողովրդի կողքին, այլ ոչ թե իր տարբեր գործիքներով, վճարովի ֆեյքերով փորձի արատավորել իր հոտը, հայրենի հողը պահելու համար դուրս եկած հայրենասիրական շարժումը, Տավուշի թեմի առաջնորդին։ Բոլորն էլ լավ գիտեն, որ տարբեր ծակերից հնչող հայտարարությունները Նիկոլի արձագանքներն են։ Ինքը ասում է, քարանձավը արձագանքում ։ Բնական է, Տավուշի թեմի առաջնորդը պիտի տեր կանգնի իր հոտին։ Աստվածաշնչում նույն բանը հազար ձևով կրկնվում է, մեկը ներկայացնեմ․  

«Ձեզ ինչպէ՞ս է թւում. եթէ մի մարդ հարիւր ոչխար ունենայ, եւ նրանցից մէկը մոլորուի, իննսունինը ոչխարը լերան վրայ չի՞ թողնի ու գնայ որոնելու մոլորուածին։ Եւ եթէ պատահի, որ այն գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ նրա վրայ աւելի կ՚ուրախանայ, քան իննսունիննի վրայ, որ մոլորուած չեն։ Այսպէս՝ իմ երկնաւոր Հօր կամքը չէ, որ այս փոքրիկներից մէկը կորչի»։ (Մտ 18:12-14)։ Լսենք նաև Հիսուսի պատասխանը․ «Հովիվն Աստված է, մեր Հայրը, իսկ մոլորյալ գառնուկը դու ես»։ Արդարև, միայն անանձնական և անձնազոհ սերն է ունակ նման գործողության ։ Աստված գնում է այս քայլին, որովհետև անսահման սիրով սիրում է բոլորին, իր խնամքն է տածում մերժվածների, անտեսվածների ու մոլորյալների հանդեպ։ Աստծո սերը վեր է մեր մարդկային տրամաբանությունից, գիտակցությունից և զգուշավորությունից։ 

Տավուշը իր հոտն է։ Շատերը մոլորված են։ Ես չեմ խոսում մյուս մոլորյալների մասին, որոնք տենչում են արդարությունը ու միանում Տավուշին։ Նրանց մոլորեցրել էր չարը, բայց այսօր, ովքեր ուզում են մոլորությունից դուրս գալ ու արդարության են ձգտում, ովքեր պայքարում են ստի ու կեղծիք դեմ, որ իրենց տունը, հողը չհանձնեն թշնամուն, Աստծո ծառան պարտավոր է լինել հոտի հետ։ Արդարության ճանապարհը, արդարև, փշոտ է ու հեշտ չի լինելու, բայց Տավուշի թեմի առաջնորդը պարտավոր է նրանց հետ լինել՝ անկախ այն բանից, թե իրեն ինչքան ու ինչպես կարատավորի չարի ուժը։ Չարի ուժերը Հիսուսին խաչելության հանեցին։ Այսօր չպիտի զարմանալ, որ չարը Տավուշի թեմի առաջնորդին պատճառում է նույն տանջանքները, տառապանքները։ Հիսուսն էլ առաջնորդի, էլի Նիկոլը արատավորելու է։ Չար ուժերի համար լույսի ամեն մի շող սարսափելի ու վտանգավոր է։