Երեւանը քայլ առ քայլ ցանկանում է Մոսկվային դուրս մղել Բաքվի հետ խաղաղության գործընթացից․ Դմիտրի Սոլոննիկով

Երեւանը քայլ առ քայլ ցանկանում է Մոսկվային դուրս մղել Բաքվի հետ խաղաղության գործընթացից․ Դմիտրի Սոլոննիկով

Երեւանը քայլ առ քայլ փորձում է Մոսկվային դուրս մղել Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման եռակողմ ֆորմատից, ձգտելով այն փոխարինել Բրյուսելով ու Վաշինգտոնով, ռուսական պարբերականներից մեկին տված հարցազրույցում ասել է ռուս քաղաքագետ Դմիտրի Սոլոննիկովը, արձագանքելով  պաշտոնական Երեւանի՝ հարեւանների հետ հարաբերությունների՝ Գերմանիայի ղեկավարության հետ քննարկելու որոշումը։

«Երեւանն աստիճանաբար դադարեցնում է իր բազային հարաբերությունները Մոսկվայի հետ՝ լինեն դրանք քաղաքական, թե տնտեսական։ Դրա համար էլ իր արդիական օրակարգը Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանը հիմա քննարկում է Արեւմուտքը ներկայացնող առաջնորդների հետ։ Ադրբեջանի հետ խաղաղության կնքումը արդիական հարց է, եւ ահա այն Փաշինյանը բարձրացրել է Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ընթացքում»,- նշել է ռուս քաղաքագետը։

Վերջինս նշում է, որ հիմա Փաշինյանն ամեն հարցով ուղենիշ է իր համար համարում Արեւմուտքը եւ ոչ թե Մոսկվան։ Այնպես որ կանցլեր Շոլցի հետ զրույցը մեծ հաշվով նոր բան չի կարող համարվել։ Սոլոննիկովը նշել է, որ եթե առաջիկայում Փաշինյանը նորից շփումներ ունենա ԵՄ ղեկավարության հետ, էլի նույն օրակարգն է քննարկելու։ Այս  իրավիճակում, ըստ քաղաքագետի, Արեւմուտքը փորձելու է ավելացնել ճնշումները Բաքվի վրա, որպեսզի վերջինս էլ Երեւանի նման արեւմտամետ կեցվածք որդեգրի։ Նպատակը մեկն է, հասնել նրան, որ Հարավային Կովկասում հենց Արեւմուտքը դառնա «ասողը»։