Չկատարողների կատարողականը

Չկատարողների կատարողականը

ԱԺ-ն երեկ սկսեց քննարկել իրեն հայտնի քարտեզի սահմաններում վարչապետ հռչակված Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատանքների կատարողականը: Կառավարությունը մե լցվել էր լցվել ԱԺ, մե լցվել, որ էլ՝ սուս: «Հրապարակը» դեռ երկու օր առաջ էր գրել, որ կառավարությունը գրեթե ողջ կազմով է գալու՝ ոչ միայն Նիկոլին, այլեւ իր զրոյացող վարկին տեր կանգնելու համար: Այդպես էլ կար: Բայց որոշել էին նախ «ահաբեկել» «Հրապարակին» ու հերքել տալ կառավարության գլխի ու նրա մերձավորների հետ կապված մի պատմություն՝ ապրիլի 7-ի առնչությամբ:

«Հրապարակն» էլ՝ առը հա, թե հերքեց իր հրապարակումը… Վերցրեց ու ավելի մանրամասն գրեց իշխանության վերնախավի այդ օրվա տժժիկների մասին: Ինչեւէ, այսօր դրա մասին չէ, որ ուզում եմ խոսել, քանի որ ավելի կարեւոր գործեր կան, քան կառավարության ղեկավարների ներհայաստանյան անիմաստ ու ծածուկ վոյաժները:
Եվ, ուրեմն, երեկ ՀՀ մուլտիպլիկացիոն կառավարության կատարողականի քննարկումը սկսեցին առանց «Պատիվ ունեմ» խմբակցության, որովհետեւ խմբակցությունն ԱԺ դահլիճը լքեց Նիկոլին տեսնելուն պես: Այսպիսի «լիչնի նեպրիյազն» պետության դե ֆակտո ղեկավարի հանդեպ ես չեմ հիշում: Չէ, Հայաստանի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ անախորժություններ միշտ էլ եղել են, բայց որ ընդդիմադիր ուժը վարչապետին տեսնելիս, ասես սեւ կատու է տեսել, ճամփեն փոխի, դեռ չէր եղել: Իսկ ամենահետաքրքիրն էլ այն էր, որ ո՛չ վարչապետը, ո՛չ էլ նրա հետեւից ԱԺ մտած կառավարությունը որեւէ կերպ չարձագանքեցին «Պատիվ ունեմ»-ի այդ քայլին: Հավանաբար, իրենք էլ էին հասկանում, որ իսկապես համը հանել են:

Կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների քննարկումը դժվարությամբ, բայց սկսվեց: Սկսվեց Փաշինյանի զեկույցով, որն իբր 2023թ. կատարված աշխատանքների եւ դրանց ընթացքի մասին էր, սակայն ավելի շուտ փիլիսոփայական տրակտատ էր հիշեցնում թե՛ իր ձեւի եւ թե՛ բովանդակության մեջ: Հարցադրումն էլ հետեւյալն էր. «Մեզ հետ ի՞նչ է տեղի ունեցել, ունենում, եւ որտե՞ղ ենք հասել կամ որտե՞ղ ենք գտնվում»: Սովորաբար, նման հարցեր մեծ մտածողներն են առաջադրում, եւ, չնայած իրենց մեծությանը, ոչ բոլորն են կարողանում այդ հարցերին սպառիչ պատասխան տալ: Կոնկրետ այս դեպքում կողք-կողքի են հայտնվում Մովսես Խորենացու եւ Նիկոլ Փաշինյանի մեծության չափորոշիչները, եւ, պատկերացրեք, շատ տխուր պատկեր է ստեղծվում՝ ի վնաս եւ ի հեճուկս Փաշինյանի: Խորենացին հստակ եւ շատ ավելի մեծ խորքով է արծարծում հարցը. «Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս եւ ո՞ւր ենք գնում»: Մինչդեռ Փաշինյանը լղոզում է հարցը՝ խուսափելով դրա «ով ենք մենք» եւ «ուր ենք գնում» բաղադրիչներից:

Սա արդեն լուրջ փիլիսոփայի պահվածք չէ: Դու ինչպե՞ս կարող ես հասկանալ, թե «ինչ տեղի ունեցավ մեզ հետ», եթե չգիտես՝ ով ենք մենք: Եվ ապա՝ մի՞թե «ապագա կա ապագա» գոռացող փիլիսոփային հարիր է փախչել «ուր ենք գնում» հարցից եւ բավարարվել ներկա հիմար վիճակի մասին ոչինչ չասող հռետորական հարցադրումներով՝ «ի՞նչ է տեղի ունենում մեզ հետ, որտե՞ղ ենք գտնվում»: Ո՞վ չգիտի, որ մեզ հետ խայտառակություն է տեղի ունենում, ու մենք գտնվում ենք ք.քի մեջ: Այս հարցերի պատասխաններն իմանալու համար ո՛չ մեծ խելք է պետք ունենալ, ո՛չ էլ պետք է փիլիսոփա կամ վարչապետ լինել: Եկել ես խոսելու կատարողականի մասին, ուրեմն պատմիր, թե ինչ ես արել, ինչու ես արել, էդ ընթացքում ով առաջինն ասաց՝ մորթենք, ով ոտքերը բռնեց, ով առաջինը մորթեց… եւ, առհասարակ, Պողոսը գիտե՞ր, որ իր ոչխարն էիք մորթում, իր հայրենիքն էիք քամուն տալիս, որից հետո նա այլեւս ո՛չ գնալու տեղ է ունենալու, ո՛չ էլ, մանավանդ՝ ապագա: Թե բա՝ փիլիսոփա, թե բա՝ Հալեպը, թե բա՝ պատմական եւ իրական Հայաստան… Եվ այդպես էլ չասաց, թե իրական Հայաստանն ինչ է: Մի՞թե դա այն «սլուդայի» կտորն է, որ կարելի է ջինսի հետեւի գրպանում տեղավորել: Այդպիսի Հայաստան միջազգային հանրությունը երբեք չի ճանաչել: Ստում ես: Այդպիսի Հայաստան մեր վերանկախացումից հետո ոչ մի ղեկավար չի ճանաչել… Դա քո ուղեղի մորմոքն է, դա քո տերերի պահանջն է անձամբ քեզնից ու քո փրկության միակ երաշխիքը:

Սարսափելի է անգամ պատկերացնել, թե ինչ կանեին Խորենացուն, եթե նա Հայկ Նահապետին հակադրեր Տիգրան Մեծին ու մի բան էլ փաստեր բերեր՝ ապացուցելու համար, որ Հայկ Նահապետն է մեղավոր Տիգրան Մեծի կայսրության փլուզման մեջ: Բայց Նիկոլին ի՞նչ կա, ո՛չ Խորենացու կշիռն ունի, ո՛չ էլ խելքը: Ժողովրդին սեւուսպիտակի բաժանելը քիչ էր, իշխանություններին նախկին-ներկա անելը քիչ էր, պարտության մեղքը սրա-նրա վրա գցելը քիչ էր, Արցախի անվտանգության երաշխավորի դերից հրաժարվելը քիչ էր, Արցախն Ադրբեջանի մաս հայտարարելը քիչ էր, Հայաստանի սուվերեն տարածքներն Ադրբեջանին տալը քիչ էր, հիմա էլ պատմական եւ «իրական» Հայաստանների հակադրությանն է անցել, փորձում է ապացուցել, որ պատմական Հայաստանը վտանգում է «սլուդի կտորից» կտրած Հայաստանի գոյությունը: Եթե մի պահ մոռանանք, որ այս մասին Փաշինյանը խոսել է ԱԺ բարձր ամբիոնից, ապա կարելի է նրա ասածները բնորոշել մի շատ հասկանալի բառով՝ էշություն, այսինքն՝ մի բան, որ իրեն թույլ չէր տա ոչ մի նորմալ երկրի ղեկավար:

Օգտվելով առիթից՝ երկու բառով ասեմ նաեւ, թե ինչու վերեւում նշեցի, որ մեզ հետ տեղի է ունեցել խայտառակություն: Խայտառակություն՝ միայն ընդհանուր գծերով կարելի է ասել: Կուզենայի դա մանրամասնել: Եվ, ուրեմն, 2018 թվականին մենք մի պահ մոռացանք, թե ով ենք մենք եւ որտեղից ենք գալիս: Իսկ դրա պատճառը Նիկոլն էր, որն իբր գիտեր, թե մեզ ուր է տանելու: Այդպես էլ ընկանք հետեւից ու ոչխարի նման, քանի որ մոռացել էինք, թե ով ենք մենք եւ որտեղից ենք գալիս, քայլեցինք դեպի նրա ցույց տված ապագան: Եվ սկսվեց բուն խայտառակությունը՝ պարտություններ ու զոհեր, էլի պարտություններ ու էլի զոհեր, տարածքային ու հոգեմտավոր ամեն տեսակի կորուստներ: Անճարակն ամեն ինչ ոչնչացրեց, պրծավ: Եվ այսօր փիլիսոփայի պես կանգնել ամբիոնի մոտ, ասում է՝ եկեք հասկանանք, թե ինչ տեղի ունեցավ մեզ հետ: Իբր թե չգիտի, էլի: