«Հրապարակ». Կարող է ստեղծվել իրավիճակ, երբ ՀՀ տարածքի որոշ հատվածներ Երեւանը չի վերահսկի

«Հրապարակ». Կարող է ստեղծվել իրավիճակ, երբ ՀՀ տարածքի որոշ հատվածներ Երեւանը չի վերահսկի

Հայաստանի դեմ Ադրբեջանի սադրանքների ու վերջին շրջանում սահմանին չդադարող կրակոցների ֆոնին Բաքուն շարունակում է զինվել։ Մամուլում չեն դադարում Իսրայելից, Թուրքիայից ու անգամ եվրոպական երկրներից Ադրբեջանի՝ սպառազինությունների ներկրման մասին տեղեկությունները։ Զուգահեռաբար ԶՈՒ զորավարժություններ են անցկացնում։ Զրուցել ենք ռուս քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշեւի հետ։

- Վերջին շրջանում, իսկապես, անհանգիստ տեղեկություններ են ստացվում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի վերաբերյալ, հատկապես՝ հյուսիսային ու հյուսիս-արեւելյան հատվածներում եւ Նախիջեւանի ուղղությամբ։ Ես կարծում եմ, որ լոկալ բնույթի էսկալացիայի հավանականությունը բավականին բարձր է, քանի որ Ադրբեջանը կատեգորիկ պնդում է անկլավների, Տավուշի գյուղերի եւ Քյարքիի (Տիգրանաշեն) վերադարձի հարցը, որոնք նա համարում է իրենը եւ ամեն կերպ պնդում այդ հարցի լուծմանը՝ անկախ հայկական կողմի դիրքորոշումից։ Ես կարծում եմ, որ այս ռազմական նախապատրաստությունը, որին հետեւում ենք վերջին օրերին, կարող է հերթական լոկալ էսկալացիայի մունետիկը լինել։ Ես չեմ կարծում, որ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական հակամարտություն կսկսվի։ Պաշտոնական Բաքվին դա հիմա ձեռնտու չէ, նրա համար այս փուլում կարեւոր է գործել աստիճանաբար՝ առաջ քաշելով այս կամ այն նպատակը եւ հետեւողականորեն գնալով դեպի դրա իրականացում՝ օգտվելով հայկական կողմի թուլությունից։

- Այսինքն, ադրբեջանական կողմը սահմանային լարվածությամբ փորձում է հայկական կողմից պատասխան ստանալ, որպեսզի նման էսկալացիայի համար հի՞մք ունենա։

- Դժվար է ասել, թե ինչպիսին կլինի հայկական կողմի պատասխանը, որքան ես հասկանում եմ, ամենատարբեր տեսակետներ են հնչում, բայց Բաքուն մշտապես հայտարարել է, որ Տավուշի մարզի այդ 4 գյուղերը եւ Քյարքին (Տիգրանաշեն) հայկական կողմի վերահսկողության տակ են անցել դեռ 90-ականների սկզբին, եւ հիմա նա պնդում է ստատուս-քվոն վերականգնելու հարցը։ Իմիջիայլոց, Նիկոլ Փաշինյանը համաձայն է դրա հետ։

- ՀՀ իշխանությունների տեսակետը Բաքուն կարո՞ղ է օգտագործել իր հնարավոր գործողությունները լեգիտիմացնելու համար։

- Ես կարծում եմ, որ հենց այդպես էլ պետք է դիտարկել հարցը, որովհետեւ ՀՀ իշխանությունների գործողությունները երեկ կամ այսօր չեն սկսվել։ Ես ՀՀ իշխանությունների այդ գործելաոճը դիտարկում եմ առնվազն 2020 թ․ ամառվանից, երբ ՀՀ իշխանությունները ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը տորպեդահարելու կուրս որդեգրեցին, տեղի ունեցան սահմանային բախումներ, ի դեպ, հենց նույն Տավուշում, ինչը պաշտոնական Բաքվի եւ Իլհամ Ալիեւի համար ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու հիմք ստեղծեց։

- Ձեր կարծիքով, Բաքվի հնարավոր գործողությունների թիրախը հենց Տավո՞ւշն է լինելու, թե՞ գուցե Սյունիքը, որտեղ փորձ կանեն՝ ուժով բացել, այսպես կոչված, միջանցքը։ Արդյո՞ք բարենպաստ պայմաններ կան Բաքվի համար, այդ թվում՝ միջազգային իրավիճակի առումով։

- Չեմ կարծում, որ այս փուլում խոսքը Սյունիքի մասին է, մենք զրույցն սկսեցինք Բաքվի՝ նախկին ադրբեջանաբնակ բնակավայրերի նկատմամբ հավակնություններից։ Կարծում եմ, Մեղրիով ճանապարհի կամ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի թեման վերջին շրջանում առավել պակաս ինտենսիվ է քննարկվում, բայց, այդուամենայնիվ, մենք գիտենք, որ այդ հարցն այսպես թե այնպես կա։ Դժվար է ասել, թե ինչպես կորոշեն Բաքուն եւ Երեւանը՝ հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում ներկա հարեւան եւ ոչ միայն հարեւան երկրների շահերը։ Ես կարծում եմ, կարեւոր է հետեւել, որ այնտեղ հերթական ռազմական էսկալացիան չառաջանա, որը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ։

- Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի եւ Արեւմուտքի դիրքորոշումը հնարավոր լոկալ էսկալացիայի դեպքում՝ հաշվի առնելով ՀՀ գործող իշխանության թեքվելը դեպի Արեւմուտք։

- Ինչ վերաբերում է Ռուսաստանին, այստեղ օբյեկտիվ գործոն կա, դա այն է, որ ամբողջ ուշադրությունն այսօր կենտրոնացված է Ուկրաինայում ռազմական հակամարտության վրա, եւ հայ-ադրբեջանական սահմանին ցանկացած սրացում բացասաբար է ընդունվելու։ Ես կարծում եմ, որ մտահոգություն կարտահայտվի, տվյալ դեպքում՝ սահմանային հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու կոչեր կուղղվեն կողմերին, բայց, ցավոք, Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ մեխանիզմը, որը գործում էր փոխվարչապետների մակարդակով, 2021-ին, ինչպես հասկանում ենք, այլեւս չի գործում։ Հիմա երկկողմ՝ հայ-ադրբեջանական ձեւաչափ է գործում՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի գլխավորությամբ, որքան ես տեղյակ եմ՝ 5 հանդիպում են ունեցել, բայց, ինչպես տեսնում ենք, այժմ այդ մեխանիզմն այնքան էլ չի գործում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից ֆիզիկական անվտանգության երաշխիքներին, ապա ինձ համար պարզ չէ, թե անգամ ցանկության դեպքում ինչպես կարող է Ռուսաստանն արձագանքել հնարավոր լարվածությանը՝ հատկապես հաշվի առնելով այն, որ սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներն այդ հատվածում դեռ չեն մեկնարկել, մենք տարբեր տեսակետներ ենք լսում, եւ, ինչպես պարզվեց, ՀՀ իշխանությունը համաձայն է Ադրբեջանի պահանջների հետ։ Ինչ վերաբերում է Արեւմուտքին, բրյուսելյան հանդիպման ընթացքում անվտանգային հարցեր չեն շոշափվել, այլ խոսք է գնացել տնտեսության դիվերսիֆիկացիայի եւ Ռուսաստանի հետ կապերը թուլացնելու մասին, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում, ինչպես նաեւ հավաքական Արեւմուտքի հակառուսական քաղաքականության մեջ Հայաստանի առավել ակտիվ ներգրավման մասին։ Այն պրակտիկ գործիքակազմը, որն ունեն արեւմտյան խաղացողները, ինչպես հասկանում ենք, ԵՄ դիտորդական առաքելությունն է, որի զեկույցները հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ բավականին հանգիստ են՝ նրանք այնտեղ լարվածություն չեն նկատել։ 

- Ճի՞շտ հասկացա, որ ռուսական կողմը, հնարավոր լոկալ էսկալացիայի դեպքում, գործնական մեխանիզմներ չի կիրառի, չեն գործի ՀԱՊԿ մեխանիզմները։

- Դե, Հայաստանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ում եւ մեկուկես տարի առաջ հրաժարվել սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայումից։ Հայաստանը նախընտրել է ԵՄ առաքելությունը։ Անկեղծ ասած, ՀՀ գործող իշխանությունները չեն թաքցնում, որ չեն մասնակցում ՀԱՊԿ-ի գործունեությանը։ Ինչ վերաբերում է այլ ջանքերին, կարծում եմ, որ կառաջարկվեն դիվանագիտական-քաղաքական, միջնորդական ծառայություններ, բայց դժվար է ասել, թե հակամարտող կողմերի համար դրանք որքանով ընդունելի կլինեն։

- Այսինքն՝ ստացվում է, որ գետնի վրա Ադրբեջանին ոչ ոք չի՞ կանգնեցնի։

- Դժվար է ասել, թե ով կկանգնեցնի Ադրբեջանին։ Այսպես թե այնպես, Բաքվի հետ երկխոսության ֆորմալ եւ ոչ ֆորմալ ձեւաչափերը պահպանվում են։ Մենք տեսանք, որ ապրիլի 5-ի հանդիպումից առաջ արեւմտյան մասնակիցները զանգեցին Բաքու եւ տեղեկացրին, որ Փաշինյանի հետ բանակցություններն Ադրբեջանի շահերը չեն շոշափելու։ Այստեղ խնդիրն այս կամ այն պետական գործչի ունակության եւ հմտության հարցն է՝ տարածաշրջանային եւ ոչ տարածաշրջանային խաղացողների հետ իր համար շահեկան կոալիցիաներ ու կոնֆիգուրացիաներ ձեւավորելու։ Մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին Ադրբեջանն այդ առումով հաջողություններ է գրանցում, մինչդեռ իրավիճակը միշտ չի այդպիսին եղել։ 90-ականներին հայկական կողմը բավականին ակտիվորեն եւ հետեւողականորեն էր գործում՝ ձգտելով իր ռազմական հաջողություններն ամրապնդել քաղաքական ու դիվանագիտական ճանապարհներով։ Այժմ, մի շարք պատճառներով, իրավիճակը հակառակն է փոխվել։

- ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին հայտարարել է, որ Ֆրանսիան Հայաստանին տալիս է ռազմական տեխնիկա, որը բոլորն ուզում են ձեռք բերել։ Ձեր կարծիքով, Արեւմուտքի աջակցությունը կարո՞ղ է բավարար լինել, որպեսզի Հայաստանը բալանսավորի Ադրբեջանի սպառազինումը, այն պարագայում, երբ, օրինակ, Իսրայելից ռազմական թռիչքները Բաքու չեն դադարում։ 

- Ի դեպ, այն պարագայում, երբ Իսրայելն ինքը խոր հակամարտության ու ավանտյուրայի մեջ է խրվել Գազայում, եւ թվում է, թե սպառազինությունն իրեն է առավել հարկավոր, բայց, այո, մենք տեսնում ենք, որ այդ թռիչքներն իրականացվում են։ Այդ մասին ես առիթ ունեցել եմ գրել։ Ինչ վերաբերում է Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությանը, այդ մատակարարումների մի մասը հայտնի է եւ չի թաքցվում։ Խոսք է գնում Հնդկաստանի մասին, առանձին զինատեսակներ տրամադրում է Ֆրանսիան, մենք այդ մասին ավելի շատ հայտարարություններ ենք լսում։ Ինչպես հասկանում եմ, կարեւոր է այդ գնումների ֆինանսավորման հարցը՝ արդյո՞ք Հայաստանը դա կիրականացնի իր միջոցներով, թե՞ ինչ-որ վարկերի։ Ի դեպ, ԵՄ-ի հետ մերձեցման համատեքստում խոսք էր գնում «Խաղաղության եվրոպական գործիքից» օգտվելու հնարավորության մասին։ Ինչպես գիտեք, այն Զելենսկու ռեժիմի համար ռազմական գնումների հիմնական աղբյուրներից մեկն է։ Որքա՞ն է բաժին հասնելու դրանից Հայաստանին, եւ ի՞նչ են փոխարենը պահանջելու Նիկոլ Փաշինյանից այդ սպառազինության դիմաց, որը, ինչպես ես հասկանում եմ, առաջիկա հեռանկարում դժվար թե ռազմատեխնիկական հավասարակշռությունը փոխի հօգուտ Հայաստանի։ Ես չեմ հավատում, որ այդ գնումներն այնքան լուրջ կլինեն ու կկրեն այնպիսի համալիր բնույթ, ինչը հնարավորություն կտա Հայաստանին սպառազինության տեսանկյունից Ադրբեջանին հավասարակշռել, որը, ինչպես հայտնի է, Թուրքիայի եւ Իսրայելի դաշնակիցն է։ Այնպես որ, այստեղ առայժմ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները։ 

- Ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի՞ն կլինի Հայաստանի ճակատագիրը, եթե նույն քաղաքականությունը շարունակվի՝ հայ-ռուսական հարաբերությունների եւ անվտանգային քաղաքականության հարթությունում։

- Գիտեք, հետխորհրդային տարածաշրջանում բավականին լուրջ փոփոխություններ ենք տեսնում, դա վերաբերում է նաեւ Ռուսաստանին։ Մենք մի աշխարհում ենք ապրում, որը լի է տարաբնույթ վտանգներով։ Այդուհանդերձ, ես կարծում եմ, որ Հայաստանը՝ որպես պետություն, կպահպանվի, ես համաձայն չեմ տեսակետներին, որոնք հայկական պետականության կործանում ու որոշ հարեւանների միջեւ նրա տարածքի մասնատում են կանխատեսում։ Կարծում եմ՝ դա տեղի չի ունենա, բայց Հայաստանի իրական ինքնիշխանությունն առայժմ ավելի շատ հարցերի տեղիք է տալիս։ Կարծում եմ, որ որոշ փոփոխություններ կլինեն, որոնք ոչ այնքան բարենպաստ քաղաքական, էթնոդեմոգրաֆիկ եւ տարածքային հետեւանքների կհանգեցնեն Հայաստանի համար։ Փաստացի, կարող է ստեղծվել իրավիճակ, երբ ՀՀ տարածքի որոշ հատվածներ չեն վերահսկվի Երեւանի կողմից։ Կարծում եմ, որ հասարակության շրջանում քաղաքացիական տարաձայնությունները կհանգեցնեն միգրացիոն գործընթացների։ Շատ անհանգստացնող է ատելության դրսեւորումը ռուսաստանաբնակ հայերի նկատմամբ, որովհետեւ այն տրամաբանությունը, որով գործում են ՀՀ իշխանությունները, ենթադրում է մշտական հակադրություններ ու կոնֆլիկտներ։ Սկզբում այդ հակադրությունը նախկին իշխանությունների հետ էր, որոնց հիմնավորված կամ պակաս հիմնավորված առարկություններ կարող էին ներկայացվել, այնուհետեւ այդ նեգատիվը փոխանցվեց ղարաբաղյան ծագմամբ հայերի վրա, հիմա ռուսաստանաբնակ հայերն են թիրախում։ Դա կարող է անվերջ շարունակվել եւ դժվար թե դրական հետեւանքների հանգեցնի։ Վստահ եմ, Դուք դա ավելի լավ եք տեսնում։

Մարիաննա Ղահրամանյան