Հռչակավոր գրավաճառը հեռանում է

Հռչակավոր գրավաճառը հեռանում է
Փարիզում գործող լեգենդար «Shakespeare and Company» գրախանութի տնօրեն, նրա հռչակավոր հիմնադիր Սիլվիա Բիչի գործի արժանի հետնորդ Ջորջ Ուիթմենը մահացավ դեկտեմբերի 14-ին, 96 տարեկան հասակում` իր ետեւից թողնելով գրախանութային ընկերության սքանչելի մի պատմություն եւ ուշագրավ դրվագներ 20-րդ դարի գրականության եւ լավագույն գրողների մասին, որոնց կյանքն ու գործունեությունը սերտ կապված էին «Shakespeare and Company» գրախանութի հետ: «Գրքային բիզնեսն իմ կյանքի գործն է»,- ասում էր Ուիթմենը: Նրա բնակարանը գտնվում էր հենց գրախանութի վերնահարկում, որտեղ ապրում էր ու գործում: Ուիթմենը երիտասարդ վիպասաններին, էսսեիստներին շատ դեպքերում թույլ էր տալիս գիշերել գրախանութում, օգտվել գրքերից, ալբոմներից, օրագրերից, կատարել գրառումներ, ընթերցել ցանկացած գիրք: Փարիզը, որ 20-րդ դարում գրական բոհեմայի Աստվածն էր եւ արվեստագետներին սնող վիտամիններով հարուստ երակը առանձնանում էր «Shakespeare and Company» գրախանութով, որ իսկական ապաստան էր դարձել այնպիսի ստեղծագործողների համար, ինչպիսիք էին Ջեյմս Ջոյսը, Էռնեստ Հեմինգուեյը, հետագայում՝ Սեմյուել Բեկետը, Հենրի Միլերը, Անաիս Նինը, բիթնիկներից Գրեգորի Կորսոն, Ուիլյամ Բերոուզը, Ալան Գինզբերգը եւ ուրիշներ: Երիտասարդ տարիքում Ջորջ Ուիթմենը շատ է ճանապարհորդում: Ընդունվելով Հարվարդի համալսարան, 1941թվականին նա զորակոչվում է բանակ` իր ծառայությունն անցկացնելով Գրենլանդիայում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո նա ճանապարհորդում է Եվրոպայով, ապա՝ 1946 թվականին, հաստատվում Փարիզում, որտեղ Սիլվիա Բիչը թույլ է տալիս Ջորջին իր գրախանութի անվանումով Բյուշրի 37 հասցեում բացել նոր գրախանութ:



Երկար տարիների ընթացքում «Shakespeare and Company» գրախանութը բազմաթիվ փորձությունների է ենթարկվել. շարունակ փակվել-բացվել, հրդեհվել է, որի հետեւանքով այրվել է շուրջ 5 հազար կտոր գիրք: Ջորջի սերը գրքերի եւ գրախանութի հանդեպ անսահման էր:  Մի անգամ երկրորդ հարկի իր պատուհանից նա ցած է նետում մի գիրք` ուղիղ հաճախորդի ոտքերի առջեւ, հույս ունենալով, որ գոնե այդկերպ նրա մեջ որեւէ հետաքրքրություն կառաջանա ընթերցանության հանդեպ: Ուիթմենն իր մշտական հաճախորդներին լուսանկարում էր, ճանապարհորդներին, որոնք անվճար գիշերում էին իր մոտ, առաջարկում էր որոշ ժամանակ խանութում աշխատել որպես գրավաճառ, իսկ կիրակի օրերին հաճախորդների եւ հյուրերի համար նախաճաշ էր պատրաստում` փափկահամ բլիթներ եւ սեփական բաղադրատոմսով շաքարե օշարակ: Ուիթմենն իր դստերը կոչում է Սիլվիա՝ ի երախտագիտություն գրախանութի հիմնադիր Սիլվիա Բիչի: 22 տարեկան հասակում Սիլվիա Ուիթմենը ստանձնում է տնօրենի պարտականությունները:



«Ես կարող եմ չքվել` ինձնից հետո թողնելով մի քանի հին գուլպա եւ սիրային նամակներ»,- ասում էր Ջորջը: Կես դարից ավելի ստանձնելով աշխարհի ամենահռչակավոր գրախանութներից մեկի՝ «Shakespeare and Company»-ի ղեկավարի պաշտոնը, խարիզմատիկ խառնվածքով, սուր հումորով ու մեծ առատաձեռնությամբ աչքի ընկած 96-ամյա Ջորջ Ուիթմենը հեռանում է աշխարհից ու իր սիրելի գրախանութից` համալրելով այն բացառիկ ու յուրօրինակ մշակութային գործիչների շարքը, որոնց կյանքն ու անհատականությունը մնում են պատմության մեջ՝ որպես արվեստի հմայիչ փայլատակումներ: