Քո հետքերով

Քո հետքերով
Անցյալ տարի լսեցի քնիս մեջ, հեռու մի տարածությունում թափառելիս, լսեցի, որ հեռանում ես՝ շատ զարմացա, չհավատացի, փորձեցի չլքել տարածությունը, սահել՝ ինչքան հնարավոր է խորը, ինչքան հնարավոր է անկշիռ, առանց ցավ պատճառելու նրա ներդաշնակ շարժմանը: Բայց քո հեռանալու ձայնը սաստկանում էր, այդ ձայնը նման էր խոտի սոսափյունի, որից հուզված՝ ընդհատվում էր տարածության ընթացքը: Ես վեր թռա տեղիցս ու վազեցի քո հետեւից, ավելի ճիշտ՝ գլորվում էի աստիճաններով, անեզր ձնագնդիկի պես, ու քեզ չգտա այգում, ոտնահետքերդ չկային, բալի ծառի վրա նստած էին մի քանի ճնճղուկ` երկինք էին նայում. ինձ թվաց՝ քո հետագիծն են ճանապարհում` լուռ, մի տեսակ փետուրներ թրթռացնող մտքերով, գուցե զմայլված քո հեռանալու ընտրությունից: Ոչինչ չէիր վերցրել հետդ, պապիկ:



Սահնակով եղջերուներդ կանգնած էին նույն դիրքով, նայում էին ձյան վրա հատուկենտ նշմարվող դեղին թելխոտերին: Երազանքներով լի պարկդ կախված էր մեխից ու չէր ճոճվում, լույսեր չէր սփռում: Մուշտակդ, գլխարկդ, ձեռնոցներդ հանել էիր, սիրուն շարել իշոտնուկին: Երբ ձեռքս հպեցի շորերիդ, նրանք դեռ տաք բաբախում էին ու մերթընդմերթ զրնգում: Դու հեռացել էիր մաքուր, ետեւիցդ ոչ մի հետք չթողնելով, ինչպես հեռանում են նրանք, ովքեր դեռ չեն ծնվել: Բայց դու կայիր, կայիր, ես հավատում եմ աչքիս, հավատում եմ, որ նա տեսել է, որ թեկուզ չի հիշում, որ տեսել է, բայց հավատում է: Ամեն տարի դու այնքան կայիր, որ մեկ-մեկ մոռանում էինք ներկայությունդ:



Մեղմ ժպտալով՝ դու երազանքներ էիր բաժանում ու ասում էիր, որ երազանքները սեփական ձեռքերով ես թխել` մեջը լցրել ես չամիչ, ալյուր, շաքարավազ, թռչնակի ազատություն, ժպտափոսիկ ու էլի շատ բաներ, շատ-շատ բաներ, որոնց բաղադրատոմսերը համառ ալքիմիկի պես ստեղծել էիր տարիներ շարունակ: Գիշերները ես քո ծիծաղի ձայներն եմ լսում, բացում եմ դուռը, վազում ներքեւ: Այգին դատարկ է, օրորվում է ծառը: Նայում եմ տիեզերքին: Աստղերը ձյան փաթիլների պես գունատ են, շատ մոտ:



«Պետք է որսալ ծիծաղն ու գնալ նրա հետքով»,- մտածում եմ ես ու սպասում ծիծաղիդ: Երկար եմ սպասում՝ մինչեւ լուսաբաց: «Գուցե իսկական ծիծաղը երբեք չի լսվում»,- ընկճվում եմ ու բարձրանում տուն: Թեյ եմ դնում՝ կծկված, երկու ձեռքով գրկում բաժակը, հետո կում-կում խմում եմ` ուշադիր սեւեռվելով բաժակի մեջ տատանվող ալիքներին, որոնց մեջ հարազատ ոտնահետքեր եմ պատկերում: Ամեն օր ես քայլում եմ մեր քաղաքի փողոցներով ու ճերմակ մազերդ եմ փնտրում, փնտրում եմ այն ճերմակությունը, որի վրա հնարավոր էր պառկել ու զգալ աշխարհի փափկությունը, խուլուլվել մեջն ու բիբերում տեսնել բոլոր այն պսպղուն հրաշքները, որոնք պատկանում են հավերժությանը:



Անձրեւաջրերի միջով անցնելիս ես կանգ եմ առնում, կռանում, ուշադիր նայում հայելի փոսիկների մեջ, բայց ջրի հիշողությունը նրա բաղադրությունն է, ջուրը զգալով` երբեք ցույց չի տալիս: Անցնում են օրեր` պապիկից լուրեր չկան, իսկ Ամանորը մոտ է, շատ մոտ, որովհետեւ սպասումը հաճույքից գնալով ցավի է վերածվում: Հույսս լրիվ կորցրել եմ, դու էլ չես ծիծաղում, չես արձագանքում իմ անզոր որոնումներին: Լուսաբացին ես իջնում եմ այգի: Նույն դիրքով քարացած սահնակով եղջերուներդ նայում են ձյան վրա հատուկենտ նշմարվող դեղին թելխոտերին: Երազանքներով լի պարկդ կախված է նույն մեխից:



Մուշտակդ, գլխարկդ, ձեռնոցներդ սիրուն շարված են իշոտնուկին: Ես մերկանում եմ լրիվ, հագնում մուշտակդ, հետո՝ գլխարկդ, հետո՝ ձեռնոցներդ, մեխից վերցնում եմ երազանքներով լի պարկդ, գցում ուսս, նստում եմ սահնակը: Փնտրել էի քեզ: