Ամփոփելով 2011-ի մշակութային «թոփ 10-ը»

Ամփոփելով 2011-ի մշակութային «թոփ 10-ը»
Ամփոփելով մշակութային տարին` ուզում եմ անդրադառնալ 2011-ի ոչ միայն բուն մշակութային իրադարձություններին, այլեւ այն թեմաներին, հարցազրույցներին, դեմքերին ու սկանդալներին, որոնք, հասարակական հնչեղությունից բացի, նաեւ լայն քննարկման թեմա դարձան մշակութային շրջանակներում ու մշակութասերների կողմից:



Եվ այսպես. 10-րդ հորիզոնականում են բոլոր քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք ակտիվ էին թե «օնլայն» եւ թե «օֆլայն» տարածքում, ու եթե ողջ տարվա ընթացքում հանուն դելֆինների ազատության մղվող պայքարը չպսակվեց հաղթանակով, ապա Թռչկանի ջրվեժի դեպքում հաղթանակը միանշանակ էր՝ Մարիամ Սուխուդյանի ու մի շարք ակտիվիստների սափրած գլուխները վկա:



9-րդ հորիզոնականում երգահան Վահրամ Պետրոսյանի «չարաբաստիկ» ասուլիսն էր ու դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնոսկանդալը, ու եթե առաջինի դեպքում սերը առ ադրբեջանական երաժշտություն, ապա 2-րդի դեպքում` սերն էր առ «մինետ»: Ինչեւէ, երկուսն էլ հավասարապես շոշափեցին մեր հայ հասարակության նուրբ հույզերն ու ազգային զգացմունքները՝ կարճ ժամանակում դառնալով «հայոց հարց»:



8-րդ հորիզոնականը մի քիչ եվրատեսիլոտ է. նախ՝ տարվա սկզբին Էմմիի տապալումն ու «Եվրատեսիլի» եզրափակիչ փուլ չանցնելը, իսկ արդեն տարեվերջին «Մանկական Եվրատեսիլի» անցկացումը Հայաստանում, որին մեր երկիրը, սուտ չենք ասի, եթե նշենք, որ մի ողջ տարի էր պատրաստվում:



7-րդ հորիզոնականում տեղ են գտել 2 ծայրահեղ տարբեր անհատականություններ ու նրանց շուրջ ընթացող քննարկումները, առաջինը՝ «Նարեկացի արվեստի միության» հիմնադիր տնօրեն, բարերար Նարեգ Հարթունյանի շուրջ ընթացող քրեական գործն էր ու նրա կալանավորումը եւ 2-րդը՝ ինտերնետային տիրույթում որպես Դօրիան հանդես եկող, իսկ իրական կյանքում շատերի կողմից անսեռ երեւույթ ընկալվող գրողի բացահայտումը: Այս հորիզոնականում են նաեւ հայկական շոուբիզի գրեթե բոլոր «աստղերը», «Տաշիր» տնաբաշխությունը, Կրեմլում հայտնված «թագավոր տղերքը» եւ հայ հասարակության սվինախառն ընդունելությունը:



6-րդ հորիզոնականում է ամիսներ շարունակ ռեկորդային թվով այցելուներ գրանցած «Դալին եւ սյուրռեալիստները» ցուցահանդեսը, Մինասի հափշտակված որմնանկարների շուրջ բարձրացված աղմուկը եւ վերջապես 2 տարվա շուրջերկրյա ճանապարհորդությունից տուն վերադարձած «Արմենիա» նավի, Զորի Բալայանի եւ «էլիտար» ճանապարհորդների ուղեւորությունը:



5-րդ հորիզոնականն ավելի քան տոնական է՝ անկախության 20-ամյակի միջոցառումների շարքը եւ սպորտային հաջողությունները, մասնավորապես ֆուտբոլային այն հրավառությունը, հաղթանակի ու տոնի զգացողությունը, որ մեզ պարգեւեց մեր ֆուտբոլի հավաքականը: Իսկ մեր աչքի առաջ ծնունդ առան նոր ու, ամենակարեւորը, մեր կուռքերը՝ Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան եւ իհարկե՝ Լեւոն Արոնյան:



4-րդ հորիզոնական. դա այս տարվա մեր մշակութային կորուստներն են՝ նախ կյանքից հեռացավ մաեստրո Օհան Դուրյանը, ապա՝ պարարվեստի լեգենդ Վանուշ Խանամիրյանը, ու կարծես 2012-ի գրքի համաշխարհային տոնին ընդառաջ փակվեցին «Անի» գրատունն ու «Նաիրի» կինոթատրոնը:



3-րդ հորիզոնականը նշանավորվում է 2 գրական ծնունդով. մեկը Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսն» է՝ Սամվել Մկրտչյանի հանճարեղ թարգմանությամբ, մյուսը «Գրանիշ» գրական ամսագրի մուտքը՝ նոր ու թարմ շնչով:



2-րդ հորիզոնականն ավելի քան երաժշտական է, մշակութային ու հայկական. դրա վառ ապացույցը մաեստրո Տիգրան Մանսուրյանի՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ռեքվիեմի» պրեմիերան էր Գերմանիայում եւ Չայկովսկու անվան միջազգային երաժշտական մրցույթում թավջութակահար Նարեկ Հախնազարյանի տարած հաղթանակը:



1-ին հորիզոնականը ես 2 տարբեր կերպ եմ դասակարգել: Անցնող տարվա մշակութային կյանքի 1-ին տեղում է մեր ժամանակի ամենամեծ հայի՝ կենդանի լեգենդ Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի բացումը եւ նրա տված 2 հարցազրույցները ֆրանսիական եւ ռուսական պարբերականներին, որտեղ շանսոնիեն հայ եւ համաշխարհային հասարակայնության առաջ ներկայացավ որպես ամենամեծ պատրիոտ եւ քաղաքացի, որի անվախ, անկեղծ ու սրտացավ խոսքերից հետո թող որ շատերը կասկածի տակ դրեցին դիվանագետի ու դեսպանի նրա առաքելությունը, բայց եւ շատերն իրենց թիկունքին վերագտան ու վերահաստատեցին հայ մեծ արվեստագետի ներկայությունը:



Ինձ համար 1-ին հորիզոնականում կամ ընդհանրապես այս հորիզոնականներից դուրս, մի քիչ սուբյեկտիվորեն (լրագրող լինելուց բացի մարդ եմ, ուրեմն եւ սուբյեկտ), ուզում եմ առանձնացնել նաեւ ինձ համար կարեւոր եւս մի քանի մշակութային իրադարձություն. դա իմ գործընկերների, լավ ընկերների՝ գրողներ Արամ Պաչյանի «Ռոբինզոն եւ 13 պատմվածք» եւ Հուսիկ Արայի «Անիծվածները» գրքերի լույսընծայումն էր, ինչպես լրագրող, նաեւ դերասանուհի Նատաշա Հարությունյանի դերասանական փայլուն խաղը «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի բեմից՝ «Սեր եւ սկլերոզ» ներկայացման մեջ:



Իսկ 2012-ի համար ինձ, իմ գործընկեր լրագրողներին ցանկանում եմ ինչքան հնարավոր է շատ գրելու նյութ՝ իսկապես մշակութային հարուստ իրադարձություններ եւ մշակութապես հարուստ  հասարակություն: