KBH-ի դպրոցն անցածները «եղանակ» են ստեղծում

KBH-ի դպրոցն անցածները «եղանակ» են ստեղծում
Հաղորդավար, սցենարիստ Արմեն Թադեւոսյանի գործունեությունն ընդգրկում է մի քանի ոլորտներ. նա դեռ 90-ականներին եղել է KBH-ի մասնակիցներից, «Մեր բակը-1»-ի եւ «2»-ի, ինչպես նաեւ «Կարգին հաղորդման» սցենարիստներից, բազմաթիվ զվարճալի հաղորդումների, Ռուսաստանում իրականացվող մի շարք համերգների, շոու ծրագրերի, նաեւ գովազդային հոլովակների սցենարիստ: Այսօր «Արմենիա» հեռուստաընկերության եթերում հանդես է գալիս իր հեղինակային «Coments» հումորային զվարճալի հաղորդմամբ:



 



 



Արմենը նշեց, որ նմանատիպ հաղորդումներ շատ կան, բայց «Coments-ի» նմանը չկա, քանի որ. «Մենք մեկնաբանում ենք ամեն ինչ, անգամ այն ամենը, ինչը պարզապես մեկնաբանության կարիք չունի, լուսանկարներից սկսած՝ մինչեւ հումորային նորություններ, երաժշտական էջեր»: Հաղորդումը մարտ ամսից առայսօր շաբաթը 5 օր եթեր է հեռարձակվում, իսկ հաղորդման նյութերը հավաքվում են թե հեռուստադիտողների ուղարկած տեսանյութերից, լուսանկարներից, թե ինտերնետ-տիրույթից եւ թե կրեատիվ մտքի արդյունքում են ստեղծվում: Արմենի կարծիքով, քանի որ մոտ 20 տարի արդեն այս դաշտում է, այնքան էլ չի դժվարանում գտնել այն հումորները, որոնք ամեն օր ներկայացնում է եթերից. «Որովհետեւ դրանք մեզ շրջապատում են, պարզապես պետք է տեսնել, գտնել եւ ինքդ էլ ստեղծել այդ հումորը»:



 



Արմենը համաձայն է այն կարծիքին, որ այսօր հեռուստաեթերից հիմնականում անհամ ու չհաջողված հումոր է մատուցվում. շատ բաներ նաեւ իրեն դուր չեն գալիս. «Չեմ հավատում, երբ ասում են. սա է պետք ժողովրդին՝ դրա համար սա ենք տալիս, ժողովրդին ինչ տաս, այն էլ կվերցնի: Մեր առաջին խնդիրներից մեկը լեզվական խնդիրն է, որովհետեւ շատ մեծ տարբերություն կա՝ հումորը գրել հայերեն, թե ռուսերեն: 90-ականներին պետք չէր այդպես կրճատել ռուսերեն լեզվի դասերը, որովհետեւ մենք այսօր շատ քիչ մարդիկ ունենք, ովքեր կարող են խոսել ռուսերեն եւ ներկայացնել Հայաստանը դրսում կամ հենց Ռուսաստանում: Արա Երնջակյանից սկսած՝ Հայկո-Մկոյով վերջացրած, բոլոր նրանք, ովքեր անցել են KBH-ի դպրոցը, այսօր եղանակ են ստեղծում: Բայց կան մարդիկ էլ, ովքեր իրենցից ներկայացնում են ինչ-որ բան, բայց իրենց տեղը չեն գտնում եւ գնում են երկրից: Այսօր մենք ունենք KBH-ի դպրոցի շատ մեծ պակասություն: Չկա այն դաշտը, որ մարդ գնա-փորձ ձեռք բերի, կարողանա աճել, աշխատել իր վրա. դա է մեր լուրջ խնդիրը: Մենք ունեցանք Բժշկական ինստիտուտի թիմը, «Նոր հայեր» թիմը, հետո «Արմյանսկի պրոյեկտ» թիմն էր, որից հետո էլ ոչ մի թիմ չունեցանք, բայց չունեցանք ոչ թե որ չունենք տաղանդավոր մարդիկ, այլ այդ ռուսերենի պակասությունն իրեն զգացնել է տալիս: Հետո՝ շատ մեծ բաց կա գիրք կարդալու մեջ, ցանկացած հումոր գրելու համար դու նախ պետք է կարդացած լինես, իսկ հիմա մարդիկ քիչ են կարդում, բայց մարդը պիտի աշխատի իր վրա, որ կարողանա այդ ամենին հասնել: Ռուսաստանում այդքան հայեր ունենք, բայց երկու բառ ռուսերեն չեն կարողանում խոսել, իսկ դա շատ վատ է: Մյուս կողմից էլ պետք է հաշվի առնենք, որ հիմա 90-ականների մութ ու ցուրտ տարիների սերունդն է մեծանում: 2000-ից այս կողմ մենք չենք ունեցել նոր սերունդ, Հայկո-Մկոյենք, «Նոր հայերը», «Վիտամինի» տղաները, բոլոր նրանք, ովքեր այսօր կան դաշտում, եղել են մինչ այդ, իսկ 2000-ից այս կողմ դեռ չենք ունեցել նոր սերունդ»: