Ալիկ Արզումանյանը եվրոպացիներին հիշեցրեց Ադրբեջանի սադրանքների ու երեկվա հարձակումների մասին

Ալիկ Արզումանյանը եվրոպացիներին հիշեցրեց Ադրբեջանի սադրանքների ու երեկվա հարձակումների մասին

Այսօր ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ ելույթ ունենալով տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ քննարկումների ընթացքում, եվրոպացի պատվիրակների ուշադրույթւոնը հրավիրեց Ադրբեջանի սադրիչ գործողությունների ու ադրբեջանական զինուժի կողմից երեկվա հարձակումների մասին։



Նա նշեց, որ Ադրբեջանը շարունակում է հակադրվել Մինսկի խմբի համանախագահներին և փաստացի ձախողում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները:



«Բաքուն մերժում է Մինսկի խմբի համանախագահների առաջարկները թե՛ հիմնահարցի կարգավորման հիմնարար սկզբունքների, թե՛ վստահության ամրապնդման միջոցների ստեղծման վերաբերյալ՝ վտանգելով Մինսկի խմբի՝ նախորդ տարիների կատարած աշխատանքը»,- ասաց Ալիկ Արզումանյանը:



Ըստ նրա՝ վերջին մեկ տարվա ընթացքում Բաքուն կտրուկ սրել է իրավիճակը՝ զգալիորեն մեծացնելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը՝ թիրախավորելով քաղաքացիական օբյեկտներ․ «Այս քաղաքականությունը պատճառ է դարձել աննախադեպ մեծ թվով կորուստների հակամարտության բոլոր երեք կողմերի համար: Նման դեպքի մենք ականտես եղանք երեկ, երբ հայկական կողմը ունեցավ 3 զոհ և 4 վիրավոր»։



Պատգամավորը նաև նշեց, որ ադրբեջանական կողմի ապակառուցողական քաղաքականության մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջին անգամ ստիպված եղան Ադրբեջանին կոչ անել հավատարիմ մնալ իր պարտավորություններին:



Արզւոմանյանը հիշեցրեց նաև Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հռետորաբանության մասին՝ ընդգծելով, որ վերջին տարիներին իր ռազմական բյուջեն 30 անգամ մեծացրած Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ սպառնացել է ԼՂ հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ