Սերժ Սարգսյանը հիմա էլ սահմանադրության փոփոխությամբ է «ապահով Հայաստան» կառուցում

Սերժ Սարգսյանը հիմա էլ սահմանադրության փոփոխությամբ է «ապահով Հայաստան» կառուցում

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանից հետաքրքրվեցինք՝ ո՞ր դեպքում Սերժ Սարգսյանը չի գնա սահմանադրական փոփոխությունների:
«Կարծում եմ, որ ոչինչ չի խանգարի՝ գնալու սահմանադրական բարեփոխումների, եւ կարծում եմ՝ այն ճանապարհը, որ ընտրել է հանրապետության նախագահը՝ բարեփոխել Սահմանադրությունն ավելի ժողովրդավարական տարբերակով, անպայման այդ ճանապարհը պետք է անցնել, եւ կարծում եմ, որ հիմնական քաղաքական ուժերը նույնպես մեզ հետ միասին կգնան այդ ճանապարհով»,-ասաց պարոն Մելիքյանը:



Հարցին, թե այսօր իշխանության ու Սերժ Սարգսյանի թիվ մեկ գերխնդիրը հենց դա՞ է, Մելիքյանն ասաց, որ իրենց գերխնդիրն այսօր Հայաստանի ժողովրդի վիճակի բարելավումն է՝ նաեւ Սահմանադրության բարեփոխմամբ, որը, նրա կարծիքով, մեծ հնարավորություններ կտա զարգացում ապահովել սոցիալական վիճակի բարելավման, անվտանգության ու ներքին կայունության ապահովման առումով, ինչպես նաեւ շատ այլ բնագավառներում՝ դատաիրավական, քաղաքացիական հասարակության, ժողովրդի իրավունքների ու կառավարման փոփոխության եւ այլ հարցերում:



Մեր դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններից առաջ խոստանում էր ապահով Հայաստան կառուցել, ինքը դա ինչպե՞ս էր պատկերացնում, երբ այսօր անվտանգության ու ապահովության երաշխիքները տեսնում է Սահմանադրության բարեփոխման մեջ, ՀՀԿ անդամ պատգամավորն ասաց, որ ապահով Հայաստան կառուցելուն նպաստում են նաեւ սահմանադրական բարեփոխումները: Ըստ նրա՝ բարեփոխված Սահմանադրությունն ավելի է նպաստում այդ գործընթացին: Իսկ այն, որ երբ Սերժ Սարգսյանը խոստանում էր ապահով Հայաստան կառուցել, այդ մասին չէր խոսում, որ դրա համար անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ, մի՞թե տարօրինակ չէր այս հանկարծակի կամ ուշացած որոշումը, հանրապետական պատգամավորն ասաց. «Տարօրինակ ոչինչ չեմ տեսնում: Ընդհանուր ծրագրային դրույթը հայտարարելուց հետո պետք է իրականացվեն դրան նպաստող բոլոր գործողությունները՝ քաղաքական կամ տնտեսական»:



ՀՀԿ-ի խոստացած «ապահով Հայաստանում» այս տարիներին ժողովուրդը բազմաթիվ առիթներ ունեցավ իրեն անպաշտպան ու անապահով զգալու, կարելի՞ է ասել, որ Սերժ Սարգսյանը, ըստ երեւույթին, չկարողացավ լիարժեք իրականացնել իր ծրագրային հիմնական դրույթը, պարոն Մելիքյանն ասաց. «Կարելի է ասել, որ նախագահն իր ծրագրային հիմնական դրույթը փորձում է իրականացնել նաեւ սահմանադրական բարեփոխումների միջոցով եւ «ավելի ապահով Հայաստան» ծրագրային դրույթը դարձնել ավելի իրատեսական»:



Այսինքն՝ մինչ այդ չհաջողվեց, հիմա էլ ա՞յս տարբերակով է ուզում փորձել, Մելիքյանն ասաց. «Ցանկացած պարագայում կարող ենք ասել՝ հաջողվեց, թե չհաջողվեց՝ ապահովության առումով, ընդհանրապես, եւ սա այն բնագավառն է, որ անընդհատ պետք է կատարելագործվի»: