«Պուտինը կրակն է գցել Էրդողանին», և շատ էլ լավ է արել

«Պուտինը կրակն է գցել Էրդողանին», և շատ էլ լավ է արել

«Հրապարակի» իմ շատ սիրելի գործընկերուհի Լուսինե Պետրոսյանը, ում հետ երբեմն-երբեմն վիճում ենք թերթի էջերում, ինձ ստիպեց հերթական անգամ չհամաձայնել իր հետ: Այս անգամ խնդրո առարկան Լուսինեի «Պուտինը Էրդողանին կրակն է գցել» (Հրապարակ, 09.06.2015) հոդվածն է, որտեղ իմ գործընկերուհին, եթե շատ մեղմ ասենք, Պուտինին սովորեցնում է ղեկավարել Ռուսաստանը և հուշում, թե նա ինչ էր պարտավոր անել, երբ նրա թուրք գործընկերը քաղաքական պարտության մեջ է:



Լուսինի կարծիքով` Աստված Պուտինի խելքն առել է ու արդեն մեկ տարի է պատժում է նրան, ինչից Պուտինը աստիճանաբար կորցնում է բանականությունը: Համաձայնեք, որ այս միտքը նույնիսկ մեղրով կուլ տալը այնքան էլ հեշտ չէ, մանավանդ, եթե ուրիշ բան էլ չասենք, ապա միջազգակին պարբերականների կազմած ազդեցիկ մարդկանց ռեյտինգներում երեք տարի է, Պուտինը ոչ մեկին չի զիջում առաջատարի դիրքերը` սկսած Օբամայից, վերջացրած Ավստրալիայի վարչապետ Էբոթով: Չզիջելն էլ մի կողմ` արդեն մեկ տարուց ավելի է, միայնակ կանգնած է բոլորի դեմ: Չեմ ուզում գովել Պուտինին, բայց եթե Աստծո պատիժն այդպիսի հետևանքներ է ունենում, ապա շատ պետությունների ղեկավարներ կերազեին Պուտինի կեսի չափ գոնե պատժվել:



Իմ գործընկերուհուն վրդովեցրել է Թուրքիայում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում Էրդողանի կուսակցության «հաղթանակի» կապակցությամբ Պուտինի շնորհավորական ուղերձը, որ վերջինս հեռախոսազրույցի ժամանակ փոխանցել է իր թուրք գործընկերոջը: Լուսինեն ասում է, որ չէր կարելի նման բան անել, որովհետև «Թուրքիայի 25-րդ համապետական ընտրությունների արդյունքներն այնքան աննպաստ էին անձամբ նախագահ Էրդողանի համար, որ նրան իրականում ցավակցել էր պետք»:



Լուսինե ջան, դե կներես, որ Պուտինը, մինչև էրդողանին զանգելը քեզ չի զանգել ու չի համաձայնեցրել իր ասելիքը: Մեծ քաղաքականության մեջ այդպիսի վրիպումներ պատահում են:



Ամեն դեպքում` այսպիսի հարց. իսկ ինչո՞ւ չողջունել Պուտինի քայլը, թեկուզ այն առումով, որ ուղղված է Թուրքիայի թիվ մեկ հայատյացի քիթը գետնին ջախջախելուն: Բայց սա դեռ մի կողմ: Մեր կարծիքով, սակայն, սա եղել է մտածված և հաշվարկված զանգ, որով Պուտինը փորձել է Էրդողանին հիշեցնել ապրիլի 24-ին իր կողմից «Ցեղասպանություն» բառի օգտագործմանն ի պատասխան Թուրքիայից հնչած պատասխանը, այն է` «Ցեղասպանության մասին խոսելուց առաջ թող հիշեն, թե ինչ են արել իրենք Ուկրաինայում և Ղրիմում»: Սրանից բացի Պուտինը այլ, իր երկրի համար շատ ավելի կարևոր մի հարցի կապակցությամբ էլ զորավոր պատճառ ուներ շնորհավորելու Էրդողանի պարտությունը: Խոսքը «Թուրքական հոսք» գազատարի կառուցման մեկնարկի մասին է, որ թուրքերը, խաղալով Արևմուտքի լարի վրա, 2016 թվականից տեղափոխեցին մինչև անորոշ ժամանակներ: Այնպես որ Պուտինի զանգը ոչ թե բանականության կորստի արդյունք է, ինչպես գրում է Լուսինեն, այլ Էրդողանի դիրքերի խարխլումը նրա աչքը կոխելու փորձ և ակնարկ, որ այդ անհաջողությունը կարող է վերջինը չլինել, եթե Էրդողանը որոշել է նույն Արևմուտքի աչքի առաջ դառնալ Թուրքիայի սուլթան: Պուտինը նաև հստակ հասկացրել է, որ առանց Ռուսաստանի հետ դաշինքի Թուրքիան ենթակա է կազմալուծման, և այս ընտրություններում արդեն ցնցումներ ապրած նրա իշխանությունները պարտավոր են իրենց հաշիվ տալ հակառուսական հայտարարություններ ու քայլեր անելիս:



Միջանկյալ կարգով նշենք, որ պատմության ընթացքում ռուս-թուրքական դաշինքները երբեք օգուտ չեն բերել Հայաստանին, բայց դա հիմք չէ, որպեսզի մտածենք, թե Ռուսաստանի ղեկավարները Թուրքիայի հետ պատերազմելիս կամ դաշինք կնքելիս գործում են չմտածված և առանց իրենց երկրի շահը գիտակցելու: Եվ, եթե այս տեսանկյունից մոտենանք հարցին, եթե հաշվի առնենք թուրքական մամուլում Պուտինի շնորհավորանքի հետ կապված աղմուկը, ապա միանշանակ է, որ Պուտինը ճիշտ մեխին է խփել ու ճիշտ ժամանակին:



Լուսինեն կարծում է, որ Պուտինը գոնե պետք է լռեր, ինչպես լռում են Օբաման, Քեմերոնը և մյուսները: Դարձյալ վիճելի է գործընկերուհուս պնդումը: Ինչո՞ւ պետք է լռեր Պուտինը, պարտավոր էր խղճա՞լ Էրդողանին, ով ապրիլի 24-ին հայտարարեց, թե ցեղասպանություն իրականացրել են ռուսները և ոչ թուրքերը, ով մի քանի օր առաջ թուղթ է ստորագրում «Թուրքական հոսքի» կառուցման մասին, իսկ մի քանի օր հետո հայտարարում, թե վաղ է դրա շինարարության մեկնարկից խոսելը:



Թուրքական թերթերն ու ընդդիմադիր կուսակվությունները նաև ձեռք են առել Էդողանի AK կուսակցությանն ու նրա փաստացի ղեկավար Դավութօղլուին այն բանի համար, որ Կրեմլը բանի տեղ չի դրել վերջինիս և ուղիղ նախագահ Էրդողանին է զանգել: Մենք չենք կարծում, որ թուրքական թերթերն ու այդ երկրի ընդդիմադիրները Լուսինեի հանգույն կարծում են, որ Պուտինը առանց հասկանալու է Դավութօղլուի փոխարեն շնորհավորել Էրդողանին: Բոլորն էլ հրաշալի գիտակցում են, որ ընտրության նույնիսկ այս արդյունքների դեպքում, Էրդողանն է ձևավորելու կոալիցիան և առաջիկա տարիներին հենց նա է շարունակելու մնալ Թուրքիայի առաջին դեմքն ու քաղաքականության որոշողը:



Հուսամ` ասվածը լիովին բավարար է` հասկանալու, որ Աստված ոչ թե Պուտինի խելքն է առել, այլ Էրդողանի ղեկավարների` Օբամայի, Քեմերոնի, մյուսների, ովքեր պայքարում են միապետ Ասադի դեմ, բայց հանդուրժում են միապետ Էրդողանին և տասնյակ ժողովուրդների հայրենիքների վրա կառուցված նրա կայսրությունը: Ինչո՞ւ Օբաման չի շնորհավորում Էրդողանին: Պատահաբար, Էրդողանի պարտությունն իր պարտությունը չի՞ համարում:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ



Հ.Գ. Երևանում, ամենայն հավանականությամբ, դեռ չեն կողմնորոշվել` շնորհավորե՞լ Էրդողանին, թե՞ չշնորհավորել Էրդողանին: Փոխարենը Բաղրամյան 26-ի սպասարկու ԶԼՄ-ները չեն դադարում հիանալ այն երեք հայերով, ովքեր ընտրվել են Մեջլիսի պատգամավոր: Ասեմ սակայն, որ այդ երեք պատգամավորները մեր գլխին վաղը փորձանք են դառնալու, որպես հայերի հանդեպ Թուրքիայի հանդուրժողականության վկայություն: Այնպես որ, Էրդողանին տհաճություն պատճառած պուտինյան քայլը պետք է շարունակություն ունենար Հայաստանից: Ի վերջո` հարևան ենք, բա մի հատ Էրդողանի ձեռքը չբռնե՞նք ի նշան «շնորհավորանքի»: