Մի վարկաբեկեք

Մի վարկաբեկեք

Հ1-ով Արմեն Աշոտյանի հաղորդումն է՝ մամուլին ու խոսքի ազատությանը նվիրված։ Հարցերի ու պատասխանների տրամաբանությունը մի ուղղվածություն ունի՝ մամուլը վարկաբեկված է, լրագրողները՝ տգետ, ԶԼՄ-ները՝ ծախու։ Նման մտքեր հայտնողներին, անշուշտ, մի պատասխան է սազում՝ ձեր արշինով մի չափեք։ Բայց պատասխանն այս կկարդա ընդամենը մի 10, 20, 30 հազար մարդ, իսկ աշոտյանական «գոհարները» կլսեն մի քանի հարյուր հազարը։ Եվ իշխանության «սեւ գործը» կհասնի իր նպատակին՝ մի խազ էլ կվարկաբեկվի մամուլը, մի քանի հարյուր մարդ էլ կհավատա, որ դա է իրականությունը, մի քանիսն էլ կհրաժարվեն լրագրողներին դիմելու, մամուլ ընթերցելու-դիտելու փորձերից։ Բայց խնդիրը դա էլ չէ, այլ այն, որ իր գործն անող, պոզիտիվ գործող մարդիկ եւ ինստիտուտները մեզանում կատաստրոֆիկ նվազել են, իսկ, այ, ուրիշին պախարակելու, գցելու, նսեմացնելու հաշվին կայացողները խիստ բազմացել են։ Ի՞նչ իմաստ ունի մի ողջ ինստիտուտ վարկաբեկել, բոլորին մի մկրատով ձեւել, երբ ամենուր լավի կողքին վատն էլ կա ու կլինի։ Այնպես, ինչպես լավ պատգամավորի կողքին կան նաեւ շմայսներ ու թոխմախներ։ Ի վերջո, երբ որեւէ ինստիտուտ վարկաբեկվում է, երկիրն է դրանից տուժում։ Այս օրերին, օրինակ, բոլորս ուշիուշով հետեւում ենք փաստաբանների ընտանիքում ընթացող պրոցեսներին՝ այն գզվռտոցին, որը մամուլի էջերում է հայտնվել, դարձել կարգապահական վարույթի պատճառ, Փաստաբանների պալատի խորհրդի նիստերի քննարկման առարկա։ Ցավով ենք հետեւում, քանզի այդ պրոցեսից հաստատապես ինստիտուտն է տուժելու՝ բոլոր փաստաբանները, առանց բացառության։ Նրանց վարկանիշն է ընկնելու։ Նրանց հանդեպ հասարակական վստահության ռեսուրսն է նվազելու։ Եվ մի քանի կամ մի քանի հարյուր մարդ հրաժարվելու է փաստաբանի դիմելու մտադրությունից։