Մի փախուստի պատմություն

Մի փախուստի պատմություն

Լրատվամիջոցի ինքնալիկվիդացիան երբեք չի կարող նորմալ երեւույթ համարվել: Երբ լրատվամիջոցը փակվում է, դրա տակ միշտ պետք է անառողջ բան փնտրել՝ ստիպել են, վախեցրել են, հասկացրել են, նախազգուշացրել են, ճնշել են: Այլապես ինչո՞ւ պետք է փակվի լրատվամիջոցը:



Մենք ունենք 100-ամյա պատմություն գրած լրատվամիջոցներ, որոնք, չնայած այդ տարիների վայրիվերումներին, այսօր էլ կան, այսօր էլ լույս են տեսնում ու հեռահաղորդվում, խմբագիրներ են փոխարինում միմյանց, խմբագրակազմ է փոխվում… Այդ ինչի՞ց է, որ 1in.am-ի կամ «Ժամանակի» նման չեն փակում իրենց օֆիսը, թե հոգնել ենք, ավյուն չունենք, առաջ գնալու մոտիվացիա չունենք:



Ի՞նչ է, ի վերջո, լրատվամիջոցը: Մի՞թե այն կոչված չէ մեր կյանքի հայելին լինելու, մի՞թե դա այն հարթակը չէ, որտեղ հրապարակախոսությունը գերիշխում է քաղաքականության եւ իշխանության մյուս թեւերի վրա, մի՞թե դա տեղեկատվության աղբյուր չէ:
Ինչո՞ւ պետք է լրատվամիջոցը փակվի, ինչ է, թե նրա գլխավոր խմբագիրն այլեւս ավյուն չունի կամ առաջ գնալու մոտիվացիա: 1in.am-ում կամ «Ժամանակում» չկա՞ր մեկը, որ շարունակեր «ծերուկի» գործը: Հապա մի նայեք ռուսական թերթերին՝ «Պրավդա», «Իզվեստիա», «Մոսկովսկի կոմսոմոլեց», «Լիտերատուրնայա գազետա»… Հետխորհրդային ինչպիսի՞ ճանապարհ անցան այդ հրատարակությունները սեփականաշնորհվելուց ու կոլեկտիվ ղեկավարման տրվելուց հետո: Բայց նույնիսկ անունները չփոխեցին: Ամեն նոր խմբագրի հետ նորովի են ներկայանում հասարակությանը, նոր խոսք են ասում, նորովի մեկնաբանում քաղաքական ու գրական կյանքը: Պատճառն ուրիշ տեղ մի փնտրեք: Դրանք լրատվամիջոցներ են եւ ոչ թե պիլոտային կամ կայծակնային ծրագրեր:



Եթե խնդրո առարկա կայքն ու թերթն իրոք պիլոտային ծրագիր էին, ապա ոչ մի արտառոց բան չկա Արման Բաբաջանյանի վարմունքի մեջ: Մավրն իր գործն արեց, մավրը կարող է հեռանալ: Եկավ, ներողություն արտահայտությանս համար, արեց լրատվադաշտի կենտրոնում եւ հեռացավ: Ո՞վ բերեց նրան, ինչպե՞ս, ինչո՞ւ բերեցին. մարդն այս հարցերին պատասխանելու փոխարեն, ահավասիկ, աղմուկով հեռանում է. «Հասել է պահը, երբ առաջ շարժվելու համար անհրաժեշտ մոտիվացիան, ուժը, ավյունն այս պահին չկան։ Մենք դադարեցնում ենք մեր աշխատանքը՝ մինչեւ դրանք հնարավոր լինի վերագտնել եւ վերակազմավորվել»: Ինչո՞ւ պետք է լրատվամիջոցի առջեւ նման խնդիրներ ծագեն, եթե այն չի ստեղծվել մեկի կողմից, մեկի փողերով, մեկի հատուկ ծրագրով, որն այլեւս որոշել է, որ իր նպատակին հասել է ու Արման Բաբաջանյանի կարիքն այլեւս չի զգում: Իսկ գուցե Արման Բաբաջանյանն է՞լ է որոշել արտագաղթել «էս երկրից»: Ի՞նչ իմանաս:



Որոշ քաղաքական գործիչներ, որոնք իրենց ճպլ գլխով 1in.am-ի տեսանյութերի մշտական դեմքերն էին դարձել, այսօր մի ախուվախ են դրել այդ կայքի փակվելու կապակցությամբ, ասես այդ կայքն առաջինն ու վերջինն էր, ու էլ հնար չունեն ուրիշ տեղ իրենց ցույց տալու: Այդ գործիչներից մեկը, անունը չեմ տալիս, որ ծիծաղից չմեռնեք, իր ՖԲ-ում գրել էր, որ 1in.am-ի հետ փակվեց արեւմտյան արժեքները փառաբանող եւ ռուսականը մերժող լավագույն լրատվամիջոցը: Հիմա ես ի՞նչ ասեմ այս քաղաքական գործչին, որ լրատվամիջոցի լավնուվատը հասկանում է սեփական տենդենցիոզության շրջանակներում:



Չպետք է մոռանալ նաեւ, որ լրատվամիջոցը սովորական սուպերմարկետ չէ, որ մի գեղեցիկ օր փակվի եւ աշխատողներին տուն ուղարկի, ինչ է, թե սուպերմարկետի տերն այլեւս «իլլաջ» չունի այն աշխատեցնելու: Խմբագրությունը ստեղծագործող, գրչի մարդկանց տուն է, ի վերջո, որոնք հաճախ իրենց ղեկավարի գործերից տեղյակ էլ չեն: Եվ, քանի տեղյակ չեն, սիրում են իրենց թերթը, իրենց կայքը, իրենց միջավայրը, իրենց աշխատանքը: Բայց մի գեղեցիկ օր հայտնվում է խմբագիրն ու ցինիկաբար հայտարարում՝ վերջ: Սա ի՞նչ անելու բան է գրչակից մարդկանց հանդեպ:



Ինչ վերաբերում է անձամբ Արման Բաբաջանյանին՝ ես նրան կզրկեի այսուհետ լրատվամիջոց «քշելու» իրավունքից: Ի՞նչ է նշանակում՝ էլ հավես չունեմ: Իսկ գուցե մտածում է, թե մե՞նք հավես ունենք 1in.am-ի համար սուգ պահելու: Բաբաջանյան Արմանը պարզապես պետք է հասկանա, որ հայկական լրագրությունը ոչ իրենով սկսվել է, ոչ էլ իրենով կավարտվի: Մինչդեռ երեւույթն է գարշելի: Սա սեփական երեխայից հրաժարվող ծնողի վարքագիծ է:



Ամփոփելով՝ կցանկանայի նշել, որ 1in.am-ի եւ «Ժամանակ» թերթի գյուղական կարգով փակվելը կարող է վատ նախադեպ դառնալ նաեւ ոչ իշխանահաճո այլ լրատվամիջոցների փակման համար: Էլ ինչո՞ւ հատուկ ջոկատայիններով, աղմուկ-աղաղակով մտնել անցանկալի խմբագրություն ու փակել: Կանչում են խմբագրին, հասկացնում ինչ պետք է, եւ նա հաջորդ առավոտյան հայտարարում է, որ այլեւս հավես չունի թերթ հրատարակելու: Խոսքս բոլոր խմբագիրների մասին չէ, այլ նրանց, ովքեր այսօր թերթ են անում, ընթերցող ունեն, բայց ոչ թերթի եւ ոչ էլ ընթերցողի հանդեպ պատասխանատվություն չունեն:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ