Ալիևի պահվածքը պետական գործչի պահվածք էր

Ալիևի պահվածքը պետական գործչի պահվածք էր

Առանձին հայ վերլուծաբաններ, վստահաբար իրենց մասին շատ մեծ կարծիքով, սկսել են տեղը տեղին վերլուծել հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Թուրքիայում իրականացված հեղաշրջման փորձը և այդ մի քանի ժամերի Ալիևի վարքագիծը: Բնական է նաև, որ եկել են խիստ հայամետ եզրակացության, որ Ալիևն իրեն ստորի պես է պահել Էրդողանի նկատմամբ: Ինչո՞ւ: Որովհետև Ալիևը պուտչի առաջին մասում լռել է, իսկ երբ պարզվել է, որ Էրդողանը սաղ-սալամաթ է և պուտչն էլ ճնշված, սկսել է դայլալել թուրք-ադրբեջանական անսահման սիրո և նվիրվածության մասին: Եվ այս հանգամանքը հայ վերլուծաբանին հիմք է տվել մտածելու, որ Ալիևի արածը դավաճանություն է Էրդողանի և մեծ եղբոր՝ Թուրքիայի նկատմամբ:



Ես չէի շտապի նման հիմարություն ասել:



Մի պահ պատկերացրեք, որ թերթ ու կայք մեկ էլ սկսում են գրել, որ Հայաստանում հեղաշրջում է, նախագահի նստավայրը գրավված է, ԱԺ-ի մոտ տանկեր են, Երևանի երկնքում ինքնաթիռներ, բանակի ղեկավարությունը ձերբակալված, հեռուստատեսությունը, Կիևյան և Հաղթանակի կամուրջները գրավված, նախագահն էլ հայտնի չէ, թե ուր է: Ի՞նչ պետք է աներ Բակո Սահակյանը: Միայն չասեք, որ պետք է Ստեփանակերտից թռչեր Երևան կամ զորքը քշեր ՀՀ նախագահին օգնության: Լավագույն դեպքում Բակո Սահակյանը կամ լռելու էր, ինչպես արեց Ալիևը կամ հանդես էր գալու զուսպ հայտարարությամբ՝ ինչպես, օրինակ, ՌԴ և Իրանի արտգործնախարարները:  Դրա համար Բակո Սահակյանը կունենար մի քանի պատճառ, որոնցից գլխավորները կլինեին Հայաստանի ներքին գործերին չմիջամտելը, սեփական կողմնակալ հայտարարությամբ իրավիճակն էլ ավելի չբարդացնելը և, վերջապես, Հայաստանի հետ հետագա հարաբերությունները պահպանելու համար ճանապարը բաց պահելը:



Ներողություն, իհարկե, որ օրինակը մեզ վրա բերեցինք, բայց անցյալ գիշեր հենց նման ռեբուսի առաջ էր հայտնվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նախ՝ սա առաջին զինվորական հեղաշրջումը չէր Թուրքիայի պատմության մեջ և ապա՝ Թուրքիայում իրար դեմ էին ելել թուրքերը, Էրդողանի ռեժիմի տապալմանը հաջորդելու էր թուրքական մեկ այլ ռեժիմ, և, եթե հեղաշրջումը հաջողվեր, Ալիևը ստիպված էր լինելու աշխատել նոր ռեժիմի հետ: Մեր կարծիքով՝ Ալիևի պահվածքը որպես պետության ղեկավարի պահվածք, ճիշտ էր և հավասարակշռված: Անհավասարակշիռն այս դեպքում մեր այն վերլուծաբաններն են, որոնց թվում է, թե Ալիևը պետք է քշեր Թուրքիայի վրա, որ հանկարծ իր մորքուրի տղա Էրդողանին բան ասող չլինի:



Անկարայում և Ստամբուլում պուտչի տապալումից հետո շատերը հանգստացած հոգոց հանեցին, որովհետև այսպես թե այնպես արդեն հարաբերություններ էին հաստատել Էրդողանի վարչախմբի հետ, լավ-վատ ճանաչում էին, գիտեին էությունը: Մինչդեռ հայտնի չէր, թե ինչ կբերեր իր հետ հեղաշրջումը, թեև կար նաև այն կարծիքը, որ սա հենց Էրդողանի ձեռքի գործն էր, որ հետո կարողանա հաշվեհարդար տեսնել անցանկալի ուժերի և գործիչների հետ:



Ալիևի վարքագծից առաջ, որի մասին այդքան շռայլորեն գրեց հայ վերլուծական միտքը, մեզ ավելի շատ հետաքրքրում է ՀՀ իշխանությունների վարքագիծը: Ոչ հռոց կա ոչ բռռոց: Առավոտ շուտ իմացանք միայն, որ Սերժ Սարգսյանը մեկնել է Արցախ և հանդիպել Բակո Սահակյանի հետ: Հետաքրքիր է, թե գիշերն ի՞նչ են արել մերոնք: Հունաստանը, որպես Թուրքիայի սահմանակից երկիր, զորքերն է բերել առաջին պատրաստության, Վրաստանը փակել է Թուրքիայի հետ սահմանը, Իրանը հայտարարել է, որ առաջնահերթությունն իր համար Թուրքիայում ժողովրդավարության պահպանումն է, Լավրովն ասել էր՝ ամեն ինչ արեք, որ արյուն չհեղվի: Իսկ ո՞րն է եղել մեր ռակցիան՝ որպես պետություն: Պատահաբար չե՞նք մտածել, արդյոք, որ Ռուսաստանի գրկում ապահով ենք, սահմանին էլ ռուս սահմանապահն է կանգնած:



Էդիկ Անդրեասյան