Յեղափոխականի մը շորտիկը

Յեղափոխականի մը շորտիկը

Մերօրյա պավլիկյան ապստամբության մասին դեռ երկար կխոսվի: Կատակ բան չէ: Թուրքիայում բանակը՝ օդուժով, տանկով, ռազմանավերով, թնդանոթներով՝ ընդամենը մեկ գիշեր դիմացավ Էրդողանի ճնշմանը: Բայց մեր տղաները, ահա, 8-րդ օրն է, ոչ մի թիզ ասֆալտ չեն զիջել և ինչպես մտել են ՊՊԾ գնդի տարածք, այդպես էլ մնացել են՝ ոչ մի քայլ հետ:



Խոսքը մեր մեջ՝ քայլ առաջ էլ չկա, և ճիշտ էին հայոց թերթերն ու վերլուծագանգերը, ովքեր ասացին, որ սա պատային վիճակ է: Այո, իշխանությունը չռված աչքերով նայում է, թե այս ի՞նչ եղավ, ապստամբներն էլ շշկռվել են, թե էս ինչո՞ւ իրենց ապստամբությունը չեն ճնշում: Այստեղ են ասել՝ չէին սպասում: 



Երբ քարն ընկնում է փոսը, անմիջապես մի 100 խելոք մարդ է հայտնվում և փորձում են միահամուռ խելքով և ուժերով քարը հանել փոսից: Ինչքանով դա կհաջողվի Լևոն Տեր-Պետրոսյանին, Նիկոլ Փաշինյանին, Վիտալի Բալասանյանին, ՀՅԴ-ին, ՀՎԿ-ին, «ՀԱՄԱԽՄԲՈւՄ»-ին, «Ժառանգությանը» և հարցի խաղաղ կարգավորում պահանջող մյուս ուժերին, դժվար է ասել, մանավանդ, երբ ամեն անգամ քարը մի փոքր բարձրացնում են փոսից, բաբելոնյան աշտարակաշինության նման, ղալմաղալ է ընկնում մեջները, սկսում են մեկը մյուսին մեղադրել, թե եկել է քարը հանի, որ այս շարժումն իր սեփական շահերին ծառայեցնի: Եվ ամեն ղալմաղալի հետ քարը նորից ընկնում է հետ՝ փոսը: Նույն մտավախությունն ունեն նաև ներսինները, որոնք մի կողմից սպասում են, որ ժողովուրդ գա, իսկ մյուս կողմից էլ իրենց հայտարարություններով ակամա պառակտում դրսի աջակցությունը, որպեսզի փառքի դափնիներից ուրիշին չհասնի: Երեկ արդեն Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հեռանալու մասին, ինչը բնավ էլ չուժեղացրեց հեղափոխականներին: Խորենացու փողոցից, կարծում ենք ընդմիշտ հեռացան նաև Վարդան Օսկանյանն ու Մհեր Շահգելդյանը: Հեռացողներ՝ էլի կլինեն:



Ճի՞շտ էր, արդյոք, գրավված գնդում, այսպես կոչված, մամուլի կենտրոն բացելը: Կարծում եմ՝ ոչ: Հեղափոխականները կարող էին բարձրաստիճան ոստիկանների «ազատ արձակման» դիմաց ավելի ծանրակշիռ բան պահանջել: Օրինակ պահանջել, որ Գյումրիում Սամվել Բալասանյանը հանի իր թեկնածությունը և քաղաքի առանց այն էլ սուղ ռեսուրսներն առաջիկա ընտրություններում չծախսվեն նրա քարոզարշավի ու «հաղթանակի» վրա: Բայց, ինչպես երևում է, մեր հեղափոխականներին այս մի քանի օրում աստղային հիվանդությունը տարել է, և սիրտները մամուլ ու լրագրող է ուզում: Իսկ մինչ այդ որքա~ն խորհրդավոր էր ամեն ինչ:



Մինչև գնդի ներսից ռեպորտաժներ ու տեսանյութեր տարածելը ո՞վ կարող էր մտքի ծայրով իսկ անցկացնել, որ հայրենիքի փրկիչները գունդը գրավելու են գնացել բոլոր տեսակի պատրաստություններով, ընդհուպ մի քանի ձեռք փոխնորդով, շամպույնով, բանով: Ասես իմացել են, որ գունդը հաստատ գրավելու են և մեկ կամ մի քանի շաբաթ մնալու են այնտեղ: Ճիշտն ասած՝ մազերս բիզ-բիզ կանգնեցին, երբ նայեցի գնդի տարածքում գտնվողների կիրակնօրյա հանգստի մասին պատմող  ստորև տեղադրված տեսանյութը: Ամեն ինչ տեսել էի, բայց սպիտակ շորտիկով հեղափոխական չէի տեսել: Մտածում եմ՝ կամ այդ «տռուսիկը» տնից է հետը վերցրել, կամ դա ոստիկանության համազգեստի մեջ մտնող ներքնազգեստների ցանկից է, որ այնտեղ գտել ու հագել է:



Այս օրերին շատ խոսվեց այն մասին, որ նման բաներից պետք է դասեր քաղել: Այո, պետք է դասեր քաղել: Փաստորեն Հայաստանում կարելի է նաև հեղափոխություն անել, երբ ուրիշ բան չես կարողանում անել: Դրա համար պետք է մի քանի զինյալ, մի քանի կամավոր պատանդ և պարսպից այնկողմ աղմկող խիստ առաջադեմ հասարակության մի քանի ներկայացուցիչ: Իսկ մնացածը, ինչպես ասում են, կապահովի իշխանությունը՝ արագ-արագ խորհրդակցություններ գումարելով, շոուբիզի աստղերին դեպքի վայր գործուղելով, առավել խելացիներին էկրան տրամադրելով, մտավորականությանը նամակ գրել տալով ու զանազան այլ միջոցառումներով, որպեսզի հայրենյաց հեղափոխականների նահանջն առանց երգի չստացվի:



Այսօր ժամը 20-ին շոուի շարունակությունն է: Բոլոր երևանցիներին և հարակից բնակավայրերի բնակիչներին հրավիրում ենք Խորենացու փողոց: Բոլորին անվճար կտրվի խոսելու և արտահայտվելու իրավունք: Եթե կարող եք՝ ձեզ հետ բերեք «Սերժիկ հեռացիր», «Վովա, չկրակես» բովանդակությամբ պաստառներ:



Հ.Գ. Մտքիցս չի գնում հեղափոխականի ճերմակ վարտիքը: Գոնե կարմիր լիներ, էլի կասեի՝ հա: Ախր այդ սպիտակը, թու, թու, թու, լեզուս չորանա, հանձնվելու նշան է:



Բոլորս դեպի Խորենացու փողոց, որպեսզի, ինչպես ընկերս էր գրել Ֆեյսբուքում, Խորենացու Ողբը Խորենացու ողբերգություն չդառնա:



Էդիկ Անդրեասյան