Հայի բախտ էր, բալես, հայի բախտ

Հայի բախտ էր, բալես, հայի բախտ

Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Այսօր ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի հուղարկավորությունն է լինելու
Վանոյանն իսկական սպա էր, հայրենիքի նվիրյալ, ով իր կյանքը պատրաստ էր զոհաբերել ծառայության ընթացքում։ Գնդապետ Վանոյանը պատերազմի մասնակից էր ու գիտեր, որ հանձնվելը սպային վայել դրսևորում չէ:



Սա նշանակում է, որ գնդապետ Վանոյանն իր ծառայությունն իրականացրեց փայլուն։
Ցավալի է, որ Վանոյանը սպանվեց այն ժամանակ, երբ այլևս փամփուշտ չուներ։ Ըստ զինյալների հայտնած տեղեկության Վանոյանը զոհվել է իր ունեցած բոլոր 9-ը փամփուշտները կրակելուց հետո»:



Սկզբում թվաց՝ Արսեն Բաբայանն իր ափսոսանքն է հայտնում ոստիկանության սպայի զոհվելու կապակցությամբ, բայց վերջին պարբերությունն ուղղակի ցնցեց ինձ: Անմիջապես հարց առաջացավ՝ իսկ ի՞նչ բանի էին մյուս ոստիկանները, երբ իրենց ղեկավարն այդպես անձնազոհ մարտնչում էր զինյալների դեմ և ինչո՞ւ նրանք փայլուն չկատարեցին իրենց ծառայությունն ու մինչև վերջին փամփուշտը չկրակեցին, այլ «գերի» հանձնվեցին: Ես պատահաբար չօգտագործեցի «գերի հանձնվել» արտահայտությունը, որովհետև Արսեն Բաբայանն էլ ասել է, որ ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը մյուսների նման չի հանձնվել, այլ կրակել է մինչև վերջին փամփուշտը:



Իր այս գրառումով Բաբայանը նաև ակնարկում է, որ ՊՊԾ գնդի տարածքում «բարդակ է» եղել: Կարելի է պատկերացնել՝ բլոտ խաղալիս են եղել կամ խմելիս, երբ զինյալները վրա են տվել: Հոլիվուդը կերազեր նման տեսարան նկարահանելու մասին… Եվ այս ամենը Արսեն Բաբայանի մոտ այնպիսի սուր զգացմներ է առաջացրել, որ, մոռանալով իր դիրքն ու պաշտոնը, գնդապետի զոհվելու հանգամանքները ներկայացրել է զինյալների պատմածով: Ներսում է Երևանի փոխոստիկանապետը, ՀՀ փոխոստիկանապետ կա ներսուդուրս անող, ՀՀ ԱԺ պատգամավոր կա խոսք տանող բերող, իսկ ՀՀ ԱԺ պաշտոնյան, հասկանում ես, մեզ է փոխանցում զինյալների ասածները, ասես նրանց խոսնակն է ինքը:



Բավականին հետաքրքիր է նաև Արսեն Բաբայանի կողմից հանցավոր խմբավորմանը տրված մեղմիկ բնութագիրը՝ «զինյալներ»: Ես նրան, թերևս, խորհուրդ կտայի այնպիսի մի բան գրել, որ կողմերից ոչ մեկը չտուժեր: Օրնակ՝ «իշխանությունների ձեռից «ըստեղը» հասած զինյալ քաղաքացիները», որոնք պատահաբար հայտնվել էին ՊՊԾ գնդի տարածքում, պատմել են, որ գնդապետի դեմ իրենք ոչինչ չունեին և նրան չէին սպանի, եթե նա չհարձակվեր իրենց վրա և մինչև վերջին փամփուշտը հերոսաբար չկրակեր»:



Արսեն Բաբայանի այս գրառումը խորհելու առիթ է տալիս, մանավանդ որ ոչ մեկը իշխանություններից չի պատրաստվում հոդաբաշխ խոսք ասել, թե ինչը ինչպես է եղել: Փառք Աստծու, դեպքի մասնակիցները ողջ առողջ են և բլբուլի պես խոսկան, այնքան, որ ԱԺ մամլո խոսնակն է նրանցից մեջբերում անում: Բայց տագնապեցնողըն այն չէ, թե ինչպե՞ս եղավ, այլ՝ ինչո՞ւ եղավ ու ինչպե՞ս կավարտվի: Դժվար է այդ հարցերին պատասխանելը, և պատճառն այն է, որ ամեն ինչ խառնված է իրար, ու հնարավար չէ հասկանալ՝ ով որտեղ է: Մի կողմից թվում է՝ խոսքը մեր Ռևազի ու նրա ոչխարների մասին է, մյուս կողմից էլ թերթերը գրում են, որ ՊՊԾ-ում պաշարվածները ջուր ու սնունդ են աղերսում ՄԱԿ-ից ու Կարմիր խաչից: Հետո պարզվում է, որ քաղաքից քննիչ է եկել՝ Ջոն Քեռին, ով, հազար ներողություն, ՀՀ իշխանությունների, ձվերից պինդ բռնել ու նրանց վրա մատ է թափ տալիս՝ բռնությունների չգնալ, նույնիսկ եթե Սարի թաղի բարձունքից քարերով խփեն:



Բայց սա դեռ Քեռին է… Վաղը կարող է քեռակին Վիկտորիա Նուլանդը գալ, իսկ նա՝ ԱՄՆ ռազմածովային հետևակի սպա է եղել, ում բառապաշարին նույնիսկ Շմայսը կնախանձեր:
Հուսանք, որ բանը Նուլանդի գալուն չի հասնի, Արցախի հարցն էլ այս աղմուկների տակ հորով-մորով չի արվի: Մինչ մենք զբաղված կլինենք ՊՊԾ-ՄՊԾ-ով, մեկ էլ կարող ենք լսել, որ Ղարաբաղն անսասան կարգավիճակ է ձեռք բերել Ադրբեջանի կազմում՝ իր տարածքներն անժամկետ հանձնելով Ալիևի ողորմածությանը: Ամենից շատ մենք սրանից ենք վախենում:



Տարիներ անց, երբ սերունդները մեզ հարցնեն՝ ո՞վ հանձնեց Արցախը, պատասխան չենք ունենա: Լավագույն դեպքում մի այսպիսի պատմություն կպատմենք. «Ի՞նչ ասեմ, բալա ջան, հայի բախտ էր էլի: Ուրեմն մեր հայրենասեր զինյալները մտել էին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք մի քիչ հանգստանալու, մեկ էլ ոստիկանության գնդապետը սկսեց կրակել: Սա որ կրակեց, զինյալներն էլ կրակեցին: Գնդապետի մոտ ընդամենը 9 փամփուշտ կար: Նա մինչև վերջին փամփուշտը կրակեց, և, երբ արդեն փամփուշտ չոներ, զինյալները խփեցին նրան: Դրանից հետո ամեն ինչ խառնվեց իրար: Իշխանությունները խնդրում էին զինյալներին հանձնվել, իսկ նրանք՝ կռված տղաներ, առը հա թե կհանձնվեին, մանավանդ որ կողքից էլ շիրա տվողների պակաս չկար: Հետո ժողովուրդը Սարի թաղից իջավ, Աղի հանքից, Մասիվից… Մենք այդտեղ կոնտրոլը կորցրինք, ու կաշը գնաց:



-Պապի, կաշն ի՞նչ է:



- Կա՞շը: Կաշը, բալես, սկսվոմ է այն բանից հետո, երբ դրսից պարապած, ուժեղ քեռիներ են գալիս ու հայտարարում, որ այստեղ հարցերն իրենք են լուծում: Եվ նրանք չուշացան, մանավանդ որ մոտերքում էին՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործով… Ու մի գեղեցիկ օր էլ դրսի թերթերը գրեցիմ, որ Ղարաբաղի հարցը լուծվել է: Մենք մինչև խառնվեցինք իրար, թե ո՞նց, ի՞նչ, պարզվեց, որ իսկապես լուծվել է, քանի դեռ զբաղված էինք ՊՊԾ-ն զինյալներից հետ նվաճելու գործով: Հայի բախտ էլի, բալես, հայի բախտ:



- Բա Արցախը հանձնողներին ի՞նչ արիք:



- Ի՞նչ հանձնող, բալես, բա մենք էդ տղե՞ն էինք, որ Արցախ հանձնեինք: Մենք մեզ համար բանակցում էինք մեր հերոս զինյալների հետ, մեկ էլ մեր թիկունքում լուծեցին Ղարաբաղի հարցը: Մեզ աշխարհը դավաճանեց, բալես, աշխարհը և այս էլ որերորդ անգամ:



- Հա՜ա՜ա՜…



- Հա չէ, հայի բախտ»:



Հ.Գ. Ֆեյսբուքյան հայհոյախոս կայուն մեծամասնությանը կխնդրեի չարձագանքել: Ամոթ է, ձեր գրածը նաև ձեր մայրերն ու քույրերն են կարդում:



Էդիկ Անդրեասյան