«Եվրոպական երազանքի» փոխարեն

«Եվրոպական երազանքի» փոխարեն

Նախկինների ժամանակ՝ երբ կռիվ էինք տալիս նրանց իշխանության դեմ, մեզ համար մի տեսակ ազատության և ժողովրդավարության փարոս էր Եվրամիությունը: Մեզ թվում էր, թե եվրոպական պետություններին միավորող այդ կառույցը ոչ թե ընդամենը առանձին երկրների միավորում է, այլև բարձր արժեքների ու սկզբունքների հավաքատեղի: Այդ երևույթը «Որքան վատ է մեզանում, այնքան լավ է օտար ափերում» դատողության դրսևորումներից մեկն էր: Բայց, ինչպես միշտ, կյանքը շատ ավելի դաժան գտնվեց, քան մեր պատկերացումներն էին դրա վերաբերյալ: Եվ հենց մենք մուտք գործեցինք այդ ափերը՝ «խաղաղ, ոչ բռնի, թավշյա, սիրո և համերաշխության (և այլն) հեղափոխության» միջոցով՝ հասկացանք, որ Եվրամիության վերաբերյալ պատկերացումներն առասպել էր, որ արևմտյան օգնության ու հատկապես դրամաշնորհների միջոցով մտցրել էին մեր ուղեղը տասնամյակներ շարունակ: Իսկ 44-օրյա պատերազմն ու հետպատերազմական շրջանն առասպելի գոյության առումով դույզն-իսկ կասկած չթողեցին այլևս: 

Վերջերս էլ Եվրամիության շրջանակներում տեղի ունեցավ մի զավեշտ, որը տեղյակ մարդկանց համար պետք է նշանակեր, որ վերջին մեխն է խփվում առասպելի դագաղին: Նախ մի փոքր պատմություն. 2022-ի դեկտեմբերին Եվրամիությունը (ԵՄ) որոշել էր սառեցնել Հունգարիային տրամադրվելիք մոտ 30 միլիարդ եվրոյի օգնությունը՝ օրենքի գերակայությունը չապահովելու և հակակոռուպցիոն անբավարար միջոցառումների պատճառով: Մինչ այդ ԵՄ գլխավոր գործադիր մարմինը՝ Եվրահանձնաժողովը (ԵՀ), տասը տարի շարունակ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին մեղադրում էր ժողովրդավարական ինստիտուտները փլուզելու, մամուլի վրա վերահսկողություն սահմանելու և երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքները ոտնահարելու մեջ։ Միջանկյալ ասեմ, որ նույն այդ մեղադրանքներն այսօր ուղղվում են Ուկրաինայի իշխանությանը: Սակայն այդ ամենը չխանգարեց, որպեսզի օրերս Եվրախորհուրդը (ԵԽ) որոշեր ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի ղեկավարության հետ։ 

Եվ քանի որ մինչ այդ տվյալ որոշման միակ ու արմատական հակառակորդը Հունգարիայի վարչապետն էր, ապա ԵՄ-ում կայացվեց պարզ առևտրային գործարք: Հունգարիան հրաժարվեց վերը նշված որոշման վրա վետո դնելու իր իրավունքից, իսկ ԵՄ գագաթնաժողովի նախօրեին ԵՀ-ն որոշեց Հունգարիայի համար ապաշրջափակել է 10,2 միլիարդ եվրո գումար (30 միլիարդ եվրոյի մի մասը): Սակայն որպեսզի Վիկտոր Օրբանը հետագայում ևս խնդիրներ չառաջացնի եվրոպական համերաշխության առումով (խոսքը մինչև 2027 թվականը Կիևին 50 միլիարդ եվրո տրամադրելու մասին է, որի վրա վետո էր դրել Հունգարիան)՝ ԵՀ-ն իրեն իրավունք է վերապահել ցանկացած պահի համարել, որ ինչ-ինչ պայմաններ այլևս չեն կատարվում, և կրկին որոշի արգելափակել Հունգարիայի ֆինանսավորումը: Ինչպես տեսնում ենք, այստեղ մարդիկ առաջնորդվում են ոչ թե բարձր եվրոպական արժեքներով, այլ պարզ առևտրով՝ «Քեզ փող, մեզ որոշում կայացնելու հնարավորություն» տարբերակով:

Ինչ մնում է Ուկրաինայի և Մոլդովայի հետ բանակցություններին, ապա այդ փուլն, ըստ ուկրաինական փորձագետների, կարող է տևել առնվազն 3-ից 5 տարի: Իսկ եթե չլիներ նման խիստ քաղաքական անհրաժեշտություն, ապա այն կարող էր տևել շատ ավելի երկար՝ մեկ-երկու տասնամյակ: Ինչպես, օրինակ, Սերբիայի, Չեռնոգորիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ալբանիայի ու Բոսնիայի դեպքում է: Էլ չասած Թուրքիայի մասին, որի անդամակցության հայտը ներկայացվել է 1987 թվականից: Բացի դրանից, Ուկրաինայի և Մոլդովայի լիարժեք անդամակցության համար անհրաժեշտ կլինեն Եվրախորհրդի ևս մոտ 70 միաձայն ոոշումներ: Իսկ բանակցություններն էլ կսկսվեն մյուս տարվա մարտից: Բայց եթե նույնիսկ այդ փուլն էլ անամպ ընթանա, Ուկրաինան այդքան երկար դժվար թե դիմանա՝ հատկապես առանց Արևմուտքի մշտական խոշոր ֆինանսական օգնության։ Խոսքը թե՛ զուտ գումարների և թե՛ սպառազինության մասին է: Ամառային «կոնտրնաստուպի» տապալումից հետո դա արդեն դարձել է լուրջ խնդիր։ Իսկ դրա էական կրճատման կամ նույնիսկ դադարեցման դեպքում կփլուզվի ոչ միայն ռազմաճակատը, այլ երկրի ողջ տնտեսությունը՝ հատկապես էներգետիկ ենթակառուցվածքով հանդերձ: Ինչը նշանակում է, որ «եվրոպական երազանքի» փոխարեն ուկրաինացիները կստանան փլուզված ու մասերի բաժանված երկիր: Եթե, իհարկե, Կիևին ենթակա մասը շարունակի գոյություն ունենալ որպես մեկ ամբողջություն:

Հ. Գ. Ինչպես երևում է, մենք ևս, դասեր չքաղելով թե՛ սեփական և թե՛ այլոց պատմությունից, «մեծարգո վարչապետ պարոն Փաշինյանի» ղեկավարությամբ բռնել ենք նույն ուղին: