Ոչ անցյալի դեպքերը, ոչ ներկայի դժոխքն ու դաժան ապագան մեզ դաս չեղան

Ոչ անցյալի դեպքերը, ոչ ներկայի դժոխքն ու դաժան ապագան մեզ դաս չեղան

Անկախության սկզբներին ասում էին՝ մեր հարեւան Վրաստանում ու Ադրբեջանում ավելի վատ է։ Մի քանի տարուց հետո արդեն, երբ դա ակնհայտորեն այդպես չէր, սկսեցին ասել՝ Վրաստանում, Ադրբեջանում ու այլ երկրներում ավելի վատ է։

Հիմա, երբ մարդկանց մեծ մասը գիտե, որ մեզ պես ճորտացած, հոշոտված, ավերված երկիր աշխարհում պարզապես չկա, ասում են՝ դե այլ երկրներում էլ է նման վիճակներն նախկինում եղել։
Ոչ, նման բան չկա, ոչ մի երկրում այդպիսի բան չի եղել։ Ձեզ ու ձեր դիմացիններին մի խաբեք, հեքիաթներ մի հնարեք։ Ձեր այդ հնարածը, սուտը ապացուցելու համար գոնե մի օրինակ բերեք։ 

Ոչ մի երկրում նման անկում չի եղել։ Չի եղել, որ քիչ թե շատ տնտեսապես և մշակույթի ասպարեզում կարգին զարգացած հասարակությունը մի քանի տարում ինքնակամ հայտնվի քրեականի իշխանության տակ, երկրի կեսն արտագաղթի, երկրի ամբողջ տնտեսությունը կործանվի։ Չկա նման բան։ Ամեն հայ, ավելին՝ ամեն իրեն «սուրբ ու եզակի» համարող հայ մեծագույն մեղավորն է, որ թողել է այս ամենը կատարվի ու այսքանից հետո էլ կողմնակի արդարացումներ է փնտրում։

Վերջին 20 տարիներին հայկական իշխանությունում եղած դեմքերի պանթեոնը առանձին խոսակցության նյութ է: Բայց ցավն այն է, որ քննարկվելիքի համապատասխան մտավոր ներուժն արդեն չկա: Ինքնամեկուսացած, անտարբեր, բզկտված հանրություն ենք՝ իրար ատող ու իրար հոշոտող: Երբ շարքային քաղաքացին պաշտոնյայի, հանրային պատկառելի լսարան ունեցող մեկի, ցանկացած քաղաքական դեմքի մասին քննադատական մի բան է գրում սոցիալական ցանցում, սրանց համախոհները, զոմբիների ոհմակն անմիջապես հարձակվում է խեղճի վրա։ 

Թքած, որ դրանք այդ տկարամիտ զանգվածի կուռքն են։ Թող իրենց տներում կամ մի այլ տեղ մոմեր վառեն իրենց կուռքերի համար ու սրտի ուզածի չափ աղոթեն նրանց համար։ Բայց քաղաքակիրթ աշխարհում կա ընդունված տարրական մի բան, որ պետք է հասու լինի նաեւ բութ ուղեղներին։ Այն է՝ հանրային դեմքը, ցանկացած քաղաքական այր քննարկելի է ու պարտավոր է քննարկվել անգամ միկրոսկոպի տակ: Չէ՞ որ մի քիչ ավել կամ մի քիչ պակաս այդ մարդիկ ի վերջո ազդեցություն են ունենում հանրային կյանքի, մեզ, մեր երեխաների, մեր ներկայի ու ապագայի, մեր երկրի ճակատագրի վրա։ Փորձում ես որևէ ընդիմադիրի հետ քննարկել իր շեֆին՝ պատրաստ է քեզ հոշոտել եւ առաջին փաստարկն այն է, թե` դու ինչական ես: Ես եսական եմ ու թքած ունեմ քո շեֆի վրա, որովհետեւ նա հերթական անգամ, ժողովրդի լեզվով ասած՝ քաշել է քեզ էլ, ինձ էլ, բոլորին էլ, ու նա արդեն ոչ թե քաղաքական դաշտում, այլ առնվազն աղբանոցում պիտի լիներ: Հենց սա է պատճառը, որ Հայաստանում բան չի փոխվում: Հանրային դեմքերի համատարած գազոն ու խոտանանոց է: Ամեն մի գող, հանցագործ, կուռք ձևացող ու ստահակ պաշտպանների իր թայֆան ունի, իսկ ավելի հայտնիներն ու կարկառուններն ունեն զոմբիների իրենց բանակը։ Մեկի մոտ դա զորք է, մյուսի մոտ՝ «խփնվածների» ամբոխ:

Ընդհանրապես քաղաքական գործիչը, ինչպես գեներալը կամ ցանկացած
առաջնորդը, երկու ճակատ ունի՝ դիմացի հակառակորդը (կամ լուծելիք խնդիրը) եւ իր ետեւից եկած համախոհների բանակը:

Համախոհների հետ ազնիվ պետք է լինել եւ պետք է նրան համոզելու ճշմարտացի ու
հասկանալի ձեւերն օգտագործել, իսկ հակառակորդի դեմ՝ հնարավոր ամեն միջոց, որը կտանի հաղթանակի: Այս առումով հայկական իշխանությունները լրիվ տրամաբանական են, որպես թշնամու` գյուլլում են ժողովրդին, իսկ թիմակիցներին էլ կաշառում են հնարավոր բոլոր միջոցներով, ընդհուպ մինչեւ մարդ որսալու լիցենզիաներ տալը: Ոչ ադեկվատը ընդդիմությունն ու քաղաքացիականն են, որոնք ոչ դիմացինին են հասկանում, ոչ էլ իրենց հետեւորդներին: Ոչ դիմացինին զենք ունեն ցույց տալու, ոչ էլ
իրենց թիմակիցներին՝ համոզելու, հավաքագրելու, միավորելու ու աշխատանքի բաժանումով արդյունքի հասնելու տեսականն ու մեթոդականը:

Ու երեք տասնամյակ է ոչինչ չի փոխվել։ Ոչ անցյալի, ոչ երեկվա ու դեռեւս պատմություն չդառած ցեղասպանությունները, ոչ ներկայի դժոխքն ու սպասվելիք դաժան ապագան այդպես էլ դաս չեղան մեզ։

Գարեգին Վարդանյան