Ուսուցիչ. Կապրենք մինչեւ երկուշաբթի

Ուսուցիչ. Կապրենք մինչեւ երկուշաբթի

Իմ սերնդի ներկայացուցիչները, գուցե, «Կապրենք մինչև երկուշաբթի» կինոնկարը դիտած լինի մի քանի տասնյակ անգամ: Շատերը սիրահարվել էին գլխավոր հերոսներին՝ աղջիկները՝ ուսուցչին,  տղաները՝ ուսուցչուհուն (լուսանկարներում), ինչպես սիրել են նրանց իրենց աշակերտները: Մեջտեղի լուսանկարում աշակերտներից մեկի շարադրությունն է. «Ի՞նչ է երջանկությունը թեմայով»: Ընդամենը երկու տող. «Երջանկությունն այն է, իմ կարծիքով, երբ քեզ հասկանում են»: Այս զգացողությունն ուղեկցում է բոլորին՝ ողջ կյանքի ընթացքում, անկախ այն բանից, դա ընկալվում է, թե՞ ոչ. Յուրաքանչյուր ոք, կյանքի ընթացքում ունեցել է պահեր, երբ որոշակի անհարմարավետություն է զգացել իր շրջապատում՝ չհասկացված լինելու պատճառով:
Այն ժամանակներում ՈՒՍՈՒՑԻՉԸ պարտավոր էր հասկանալ իր աշակերտներին, այդպիսով՝ երջանկացնել նրանց:

«Կապրենք մինչև երկուշաբթի» («Доживём до понедельника», 1967 թ․) գեղարվեստական կինոնկարը, դպրոցի և ուսուցիչների մասին խորհրդային առավել հայտնի կինոնկարներից է: Այն դիտելիս, շատ երիտասարդներ որոշում էին ուսուցիչ դառնալ: Ուսուցչի համբավը վերացավ համակարգային վերափոխումների հորձանուտում ու այդպես էլ չվերականգնվեց մինչ օրս:
Մինչդեռ, օրինակ, Ճապոնիայում մինչ օրս ուսուցչի աշխատանքը համարվում է բավական պատվաբեր: Միջին հաշվով, ճապոնացի ուսուցիչը ստանում է ամսական 2,5-ից 4 հազար դոլար՝ պետական ծառայողների միջին աշխատավարձի չափով: 

Ի դեպ, բացի նրանից, որ ապագա ուսուցիչը պարտավոր է գերազանց տիրապետել իր առարկային, նա նաև պետք է օժտված լինի փիլիսոփայության, մանկավարժության տեսության և պրակտիկայի գիտելիքներով, ունենա կենսափորձ,  երեխաների և անչափահասների հետ աշխատանքի հմտություն: 

2020 թվականին «Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն» խմբի միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 274 հազար դրամ: Արտարժույթով, ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձն այդ նույն տարում կազմել է 388 ԱՄՆ դոլար, կրթության ոլորտում՝ 129 հազար դրամ:

Լրահոսից տեղեկանում ենք, որ ուսուցչական մեկ դրույքի համար սահմանվելու է նվազագույն աշխատավարձ՝ 108,8 հազար դրամ։ Ատեստավորում անցնելու դեպքում՝ խոսք էր գնում մինչև 400 հազար դրամի մասին: Իրականում դա չի կարող աշխատել, քանի որ ատեստավորման չափանիշները, եթե, նույնիսկ, ողջամիտ են, իրագործելի չեն, քանի որ բուհական համակարգը չի թողարկում պահանջված կադրեր: Ավելին, միայն բարձրագույնի դիպլոմը դեռ բավարար չի կարող համարվել ուսուցիչ աշխատելու համար: Պետք է պատրաստվեն իրական ուսուցիչներ, ինչպես Ճապոնիայում և նրանց հետ կնքվեն պայմանագրեր՝ ամբողջ աշխատանքային գործունեության ժամանակահատվածի համար: Եթե ինչ-որ մեկը բավարարում է ուսուցչին ներկայացվող ողջամիտ պահանջներին, ապա նա պետք է արժանապատիվ վարձատրություն ստանա: Իսկ այդ պահանջներին չբավարարողները, բայց դպրոցում աշխատել ցանկացողները, կարող են զբաղեցնել ուսուցչի ասիստենտի հաստիքը՝ նշանակալի ցածր աշխատավարձով: Ուսուցչի համբավը պետք է այնքան բարձրանա, որպեսզի թափուր տեղեր զբաղեցնելու համար լինի բարձր մրցույթ:

Իսկ 100 հազարով…ժամանակին մի միջադեպ է եղել, գուցե, անեկդոտ: Ալլա Պուգաչովային, ով իր համբավի գագաթնակետին էր, հրավիրում են մի մարզ՝ համերգի: Երբ նա տեղեկանում է տոմսի ցածր արժեքի մասին, ասում է. Ну, тогда пусть для вас Толкуниха поет, նկատի ունենալով Տոլկունովային: Թեև Վալենտինա Տոլկունովան համակրելի, տաղանդավոր երգչուհի էր, բայց դե, Ալլան միշտ էլ այդպես է իրեն պահել: 

Առածս ինչ կցուցանե. 100 հազար դրամով լավ ուսուցիչ ունենալը ֆանտազիա է՝ հայկական արբանյակի նման մի բան:

Գագիկ Վարդանյան