Հպարտություն

Հպարտություն

Ինչ զգացողություն ես ունենում՝ մայրաքաղաքում անվերջանալի ցույցերի մասնակիցների դեմքերին նայելով: Իրապես, հրաշք երիտասարդություն ունենք, ինչը նշանակում է, որ փյունիկի նման վեր կհառնենք: Մենք ընկճված չենք, մենք պարտված չենք: Ուղղակի, մեզ ապարդյուն փորձում են ընկճել, ընդունել ապաշնորհ բեմադրված պարտությունը, խոնարհվել թուրքի առաջ: Նայեք՝ երիտասարդ ցուցարարների ինքնաբուխ և ոգեղեն գործողություններին ու կհամոզվեք, որ անհնար է: 
Ազգային գաղափարախոսությանը փոխարինելուն միտված՝ Հայաստանի «հպարտ քաղաքացիներ» կարգախոսը սին դուրս եկավ: Ինչու՞ պետք է հպարտ լինեին նրանք: Գառան նման մատաղացու լինելու՞, թե՞ թուրքի ոտքը լիզելու համար, ինչին պատրաստ են այսօրվա անխտիր բոլոր բարձր պաշտոնյաները, աննախադեպ ընդլայնված «կերակրատաշտին» մոտ կանգնածները: Նրանք պետք է լվանան այդ երիտասարդների ոտքերը, հպարտների ոտքերը, որոնց հպար­տության միակ պատճառը հայ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելն է:

Թե՞ իրենց թվում է, որ Քրիստոսից էլ բարձրյալ են, ով իր աշակերտների ոտքերն է լվացել: Դուք հպարտ կարող եք զգալ, եթե ժամանակավոր «աթոռներից» ձեր «հինգերորդ կետը» պոկեք, կերակրատաշտից մի փոքր շունչ առնեք ու պատիվ համարեք, որ այդ երիտասարդները համաձայնեն, որ ձեր նման նվաստներն իրենց ոտքերը լվանան, քանզի այդ աստվածահաճո առաքելությունն ընտրյալներինն է, բացառապես:

Հ.Գ. Որոշ տգետներ էլ՝ համոզված են, թե հայի ոտնահարված արժանապատվության վերականգնմանը միտված շարժումը մարեց: Եթե դա իրոք այդպես է, ապա ազգովի պետք է ինքնասպան լինել, այլ ոչ՝ չարախնդալ:

Գագիկ Վարդանյան