Փաշինյանն ու արտահերթ ընտրությունների տուն-տունիկը

Փաշինյանն ու արտահերթ ընտրությունների տուն-տունիկը

2018-ի ապրիլյան իրադարձություններից հետո, երբ Փաշինյանը նոր էր բազմել վարչապետի աթոռին, խոսում էր այն լքելու հնարավորության մասին, եթե չարդարացնի ժողովրդի հույսերը, և վերջինս պահանջի լքել կառավարության շենքը: Այն շենքը, որի դուռը ոտքով բացելու իրավունք էր վերապահում յուրաքանչյուր հայաստանցու՝ բնորոշելով բոլորին որպես վարչապետներ: Դա ասվում էր Հանրապետության հրապարակում, և հանրահավաքի յուրաքանչյուր մասնակից՝ նայելով կառավարության շենքին, իրեն իսկապես զգում էր որպես «նիկոլական վարչապետ»: 

Արցախյան երկրորդ լայնածավալ պատերազմը վկայեց, որ Նիկոլը չարդարացրեց ժողովրդի հույսերը: Սակայն պարտությունից հետո չկատարեց իր խոստումը, չլքեց վարչապետի պաշտոնը: Ինչը վկայեց նրա իշխանատենչ լինելու մասին, իսկ նման անձը, ինչպես հայտնի է, պաշտոնն ավելի է սիրում, քան մնացած ամեն ինչ կյանքում: Իր քայլն արդարացնելու համար նա վկայակոչեց ժողովրդի գործոնը՝ իբրև թե ժողովուրդը չի պահանջում իր հրաժարականը: Եվ որպես դրա ապացույց առաջարկեց արտահերթ ընտրությունների անցկացում:

Ի դեպ, մինչ այդ, երբ նոյեմբերի 10-ի գիշերը մարդիկ տարերայնորեն «գրավել» էին անտեր թողնված պետական կառավարման շենքերը, ինչ-որ բունկերում թաքնված, հարբած վիճակում, վրեժի կոչ արեց քաղաքացիներին: Սակայն կոչը չաշխատեց, և որոշ ժամանակ անց Նիկոլը ստիպված եղավ բարձրաձայնել ընտրությունների գաղափարը:

Իբրև թե իրեն նվիրված ու աջակցող ժողովրդին իր հրաժարականը պահանջողներից զատելու համար ընթացքում հնարվեց էլիտայի գաղափարը: Էլիտան ժողովուրդը չէ, և որպես այդպիսին՝ ոչ միայն լավը չէ, այլև «քըխկ» է: Մեր սերնդի համար նորույթ հանդիսացող այդ տարբաժանումն այնքան էլ այդպիսին չէ մարդկության պատմության մեջ:  Ուղղակի անցյալ ժամանակներում այն կոչվում էր ոչ թե էլիտա, այլ կալվածատեր, հոգևորական, կուլակ և այլն:

Անցնենք արտահերթ ընտրությունների հարցին. պատերազմի ավարտից հետո Նիկոլն առնվազն երկու անգամ բարձրացրեց այն և այդքան անգամ էլ փակեց այդ թեման: Այսօր կրկին այն բարձրացվել է, և հարցը բարձրացվում է, երբ տատանվում է նրա տակի աթոռը, իսկ երբ վտանգն անցնում էր՝ մեխանիկորեն այն փակվում էր: Եվ ամեն անգամ ասվում էր միևնույն հիմնավորումը՝ ժողովուրդը նման պահանջ չի դնում: Իհարկե, իշխանատենչ անձի համար գոյություն չունեն այնպիսի հասկացություններ, ինչպիսիք բարոյականություն է և պարտությունից հետո կամավոր հեռանալու արժանապատվությունը: 

Իսկ մանիպուլյատորի համար էլ, ինչպիսին Փաշինյանն է, ժողովուրդ հասկացությունը խիստ հարաբերական բնույթ ունի. այն կախված է իշխանության կրողից և փողոցում բողոքի ցույց անող մարդկանց քանակից: Երբ իշխանությունը գտնվում էր նախկինների ձեռքում, ապա ժողովուրդ կարող էր լինել 5 հազար մարդուց բաղկացած զանգվածը: Սակայն երբ ինքն է վարչապետ, մարդկանց թիվը պետք է առնվազն հավասար լինի 50 հազարի: Սա, իհարկե, գալիս է 2018-ի ապրիլյան իրադարձությունների բազմամարդությունից: Բայց դա չի նշանակում, թե նշված քանակի զանգված հավաքվելու դեպքում Նիկոլը կամավոր կհեռանա պաշտոնից: Չհեռանալու համար ինքը կգտնի մեկ այլ հիմնավորում, որը կբավարարի իրեն ու իր կողմից զոմբիացվածներին:

Ինչ մնում է արտահերթ ընտրությունների անցկացմանը, ապա դա կախված է բողոքավոր զանգվածի ակտիվությունից և այն հարցից, թե ով է կազմակերպելու այն: Տողերիս հեղինակը մեկ-երկու անգամ «Հրապարակի» էջերում ներկայացրել է, թե ինչպիսի ընթացք կարող են ստանալ այդ ընտրությունները, եթե կազմակերպվեն Փաշինյանի կողմից: Ներկայացվել է նաև, թե ինչ կպատահի, եթե, այնուամենայնիվ, Նիկոլը ստիպված լինի ացկացնել ընտրություններ, և փողոցային ընդդիմությունը (պայմանականորեն անվանեմ «17+») հրաժարվի մասնակցել դրանց: Ինչևէ, Փաշինյան Նիկոլ անուն ազգանունով անձը բազմաթիվ առումներով կմնա հայոց պատմության մեջ և այդ թվում նաև արտահերթ ընտրությունների անցկացման հարցում տուն-տունիկ խաղալու առումով:

 Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ